Գրքեր

«Հանցագործը հնարավոր է փախչի մարդկային դատաստանից, բայց ոչ երբեք՝ խղճից»

Խիղճը հոգու ուժն է, որ մարդուն մղում է դեպի բարին՝ հեռու պահելով չարից: Այն Աստծո ձայնն է մարդու սրտում: Որքան վտանգավոր է խղճի տանջանքներին զոհ դառնալը, նույնքան էլ անհրաժեշտ է ժամանակին լսել խղճի փրկարար ձայնը: Խղճի բարոյական օրենքի պահանջները համապատասխանում են սուրբգրային օրենքի պահանջներին. ինչ ուսուցանում և թելադրում է Աստծո օրենքը, նույնը ուսուցանում և ներշնչում է խիղճը: Աստծո օրենքը թելադրում է հավատալ ու սիրել Աստծուն, միայն Նրան պաշտել ու հնազանդվել՝ որպես աշխարհի Արարչի, երկյուղել Նրանից՝ որպես արդար Դատավորից, գոհանալ Նրանից՝ որպես առատաձեռն Բարերարից, հուսալ Նրան՝ որպես Ամենակարողի, նույնը և ներշնչում է խիղճը: Հարկ է ուշադրությամբ ականջալուր լինել խղճի ձայնին, որն, ըստ հայրաբանության, ճշմարիտ ուսուցիչ է և նրան ականջալուր լինողը չի ենթարկվի փորձության: Խիղճը՝ որպես կանթեղ, կատարելապես ցույց է տալիս բոլոր՝ թե՛ բարի և թե՛ չար գործերը: Խիղճը մարդու սրտում ոչ միայն բարին է արթնացնում և հեռու պահում չարից, այլ նաև՝ որպես անողոք դատավոր, դատում է մարդուն ամեն մի գործած չարիքի համար: Ս. Գրիգոր Նազիանզացին ասել է, որ հանցագործը հնարավոր է փախչի մարդկային դատաստանից, բայց երբեք չի կարող փախչել իր խղճից: Խիղճը համապատասխան գնահատական է տալիս յուրաքանչյուր մտքին ու գործին՝ չարիքի համար պատժում է անհանգստությամբ, վախով, ամոթով, խղճի խայթով ու տրտմությամբ, բարիքի համար պարգևատրում է խաղաղությամբ և հոգևոր ուրախությամբ: Ի՞նչն է ստիպում ծանր հանցանք գործողին խոստովանել իր հանցանքը՝ իմանալով, որ իրեն սպասում է մարդկային դատաստանի պատիժը, ինչո՞ւ է գողին ու մարդասպանին վախը, իսկ անառակին ամոթը տիրում, երբ մութ գիշերով բոլորի աչքից հեռու իրենց կողմից չարիք է գործվում. խիղճն է, որ մերկացնում է, հալածում ու հանգիստ չի տալիս: Երբեմն էլ անուղղելի հանցագործները, որ առանց վախի ու շփոթմունքի բազմաթիվ հանցանքներ են գործում, վերջ ի վերջո ինքնասպանության են դիմում՝ չդիմանալով խղճի դեմ պայքարին, նրա մերկացումներին և խայթոցներին: Նման վիճակում հայտնվեց նաև մատնիչ Հուդան, ով, տառապելով իր մեջ արթնացած խղճից, խոնարհաբար առ Աստված դառնալու փոխարեն ինքնասպան եղավ:  

Ըստ հայրաբանության՝ կան մարդիկ, որոնց խիղճը ո՛չ դատում է, ո՛չ մերկացնում և ո՛չ էլ տանջում. այդ մարդիկ կա՛մ առաքինության բարձրագույն աստիճանին հասած մարդիկ են, կա՛մ մեղքի անդունդն ընկածները: Արդարի խիղճը ո՛չ մերկացնում է և ո՛չ էլ խայթում, իսկ խիղճը, որ աղտոտված է մեղքերով, և մեծ մեղքերն էլ տեսանելի չեն, նման է մրոտված հայելու, որտեղ նայողը ո՛չ իր դեմքը և ո՛չ էլ իր թերություններն է տեսնում: Մեղավորի հոգին, որ չի մերկացվում խղճի կողմից, ծովի նման է, որ արտաքինից է միայն խաղաղ: Այդ թվացյալ ու կեղծ հանգստությունը նման է փոթորկին նախորդող խաղաղությանը, քանի որ մեղավորի կողմից խլացված խղճի ձայնը վաղ թե ուշ հնչելու է ահարկու ուժգնությամբ՝ ցնցելով նրա ողջ էությունը: Շատ հաճախ մեղքի անդունդն ընկածը նման ցնցումների է ենթարկվում, երբ մերձ է մահվանը, երբ նրա առջև հստակորեն երևում է իր ողջ կյանքը և հանդերձյալ կյանքում խղճի խայթոցը մեղավորի համար դառնալու է կրծող որդ և անշեջ կրակ, որոնց մասին գրված է Ավետարանում (Մարկ. 9:48):

Ուստի անհրաժեշտ է ապրել Աստծո օրենքի և խղճի համաձայն, որպեսզի խիղճը մարդու համար դառնա ոչ թե դատավոր, այլ՝ մխիթարիչ:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

04.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․