Գրքեր

Հանդարտության մասին

Մի եղբայր նստած էր իր խցում, և սատանան նրա մեջ սերմանեց, որ դուրս գա իր խցից՝ ասելով նրան, թե հարկավոր է գնալ այսինչ ծերի մոտ: Իսկ նա ասաց՝ մեկ ուրիշ անգամ կգնամ: Խորհուրդը դարձյալ ասաց նրան. «Եթե հանկարծ ծերը մեռնի, այդպես էլ դու նրան չես տեսնի: Հենց հիմա է պետք գնալ, տեսնել նրան և խոսել հնձի մասին»: Եղբայրն իր խորհրդին ասաց. «Հիմա հնձի մասին խոսելու ժամանակը չէ»: Դարձյալ սատանան նրա միտքը գցեց և ասաց. «Վե՛ր կաց, գնա՛. մինչ ծերին տեսնես և մի քիչ եղինջ հավաքես քեզ համար, հնձի ժամանակը կգա»: Նա ասաց. «Երբ ավարտեմ ձեռքիս մնացած այս մի քանի արմավի ոստերը հյուսելը, կելնեմ»: Իսկ խորհուրդներն ասացին նրան. «Քանի դեռ եղանակը տաք և գարնանային է, վե՛ր կաց, գնա՛»: Եվ նա, ձեռագործը թողած, դուրս եկավ և գնաց, իսկ նրա դրացի ծերը, տեսնելով նրան, կանչեց և ասաց. «Գերյա՛լդ և ավարի՛ գնացողդ, ե՛կ այստեղ»: Երբ եղբայրը մոտեցավ, ասաց. «Դարձի՛ր քո խուցը»: Եղբայրը պատմեց նրան այն պայքարի մասին, որ տեղի ունեցավ իր մեջ: Հետո երբ մտավ իր խուցը, ընկավ գետնին և զղջալով թողություն խնդրեց Աստծուց: Իսկ դևերը բարձր ձայնով աղաղակելով ասացին. «Դո՛ւք, մենակյացնե՛րդ, հաղթեցիք մեզ»: Խսիրը նրա տակ հրի պես այրվեց, դևերը որպես ծուխ ցրվեցին, և եղբայրը հասկացավ նրանց նենգությունը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.06.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․