Գրքեր

Հանդարտության մասին

Ասաց դարձյալ. «Կրոնավորը չպետք է զբաղվի ծաղկանոցնե­րով, տնկիներով, ծառերի գեղեցկությամբ և պտղաբեր անտառներով, ո՛չ էլ զովասուն տաղավարներով, ականակիտ աղբյուրներով, այգինե­րով ու բազմապտուղ բանջարանոցներով. ո՛չ հոյակերտ տներ բաղձա, ո՛չ պահեստներ և ո՛չ էլ շուրջը սփռված ոչխարների հոտեր, արջառ­ների նախիրներ և ձիերի երամակներ: Սրանցից ոչ մեկը չպետք է ձեռք բերի կրոնավորը, այսինքն` այն ամենը, ինչ երկրավոր է: Այլ պարտավոր է այնչափ աղքատ լինել, որ մինչև իսկ մարմնին անհրա­ժեշտ պիտույքների պակասն ունենա, բայց և գոհանա Աստծուց: Նաև՝ պետք է գիտակցի, որ հեռավոր ճանապարհ է գնում և պետք է օտա­րանա ամեն տեսակի կենցաղային հանգստից ու հոգսերից: Սակայն եթե կրոնավորն սկսի կենցաղային հոգսերի համար ջանալ և դրանց նվիրվել, չի կարող Աստծուն սիրելի լինել և ոչ էլ մարդկանց բամ­բասանքներից ու ատելությունից խուսափել: Եվ շատերի հետ կռիվ­ների, խռովությունների և պատերազմների մեջ կներքաշվի զանազան խոսակցությունների, հանդերի, մարգերի ու այգիների սահմանների պատճառով: Իր գեղեցկաշեն տանը կկամենա մեծամեծներին հյուրըն­կալել և աղքատներին չի թողնի մտնել այնտեղ: Հոգ կտանի նաև այ­ գիների մասին, ոչխարների հոտերի և նախիրների ու եզների մասին, մշակներ կվարձի և անդաստաններ կգնի, արոր կպատրաստի ու հողը կվարի, այգիների, ջրամբարների ու պարտեզների համար խռովքներ կապրի ու կմաշվի: Եվ եթե մեկը նրա այգու կամ տան ցանկապատը քանդի, նրա հետ կթշնամանա ու կկռվի: Եթե մեկը անասուն մտցնի նրա արտը, կամ մեկ ուրիշը որևէ վնաս հասցնի, ամենքի հետ կկռվի, կզայրանա և ողջ օրը կատաղած ման կգա: Բարկությամբ իշխանին օգնության կկանչի, ուղիներ կորոնի չարով հատուցելու իրեն վնաս պատճառողներին և տրտմեցնողներին, ծառա կդառնա ամեն տեսակ ախտերի և կգերեվարվի սատանայի կողմից: Ի՞նչ շահ ունեցավ մե­նակյացը, եթե ոչ` կորուստ. թեև հեռացավ երկրից, սակայն դարձյալ փարվեց երկրային գործերին, ինչպես և ասվում է. «Ոչ մի զինվորու­թյուն անող այս աշխարհի գործերով չի զբաղվում, որպեսզի զորապե­տին հաճո լինի» (Բ Տիմ. Բ, 4): Ուստի սկսենք հեռանա՛լ մարմնավոր գործերից, մոռանա՛նք նրա ինչքերն ու շահերը, արհամարհե՛նք այն ամենը, ինչը մեր միտքն ընկղմում է կորստյան խորխորատները, թե­ թևացնե՛նք նավերի և մեր հոգիների բեռը, որպեսզի դյուրությամբ ուղղորդի մեր նավապետը, որ միտքն է, որպեսզի կարողանանք անց­նել ախտերի ծովերը և հասնել երկնային նավահանգիստ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

06.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․