Գրքեր

Հանդարտության մասին

Ասաց դարձյալ. «Աղ չարված միսն այն աստիճան է նեխում, որ ամենքը ետ են քաշվում նրա գարշահոտությունից: Նեխածությու­նից թարախաորդեր են ծնվում, որպեսզի ուտելով` սպառեն այն, սա­ կայն երբ աղ է լցվում նրա վրա, նեխումից առաջացած որդերը սատ­կում են, իսկ գարշահոտությունը դադարում է, որովհետև աղը որդերի սատկացնողն ու գարշահոտությունը վերացնողն է: Այսպես է լինում նաև այն կրոնավորի հետ, ով իր անձը տալիս է երկրավոր գործերի և ընկնում է կենցաղի դատարկ հոգսերի մեջ, իր խցում չի հանդարտ­վում, աղոթք չի ուղղում առ Աստված, պահք չի պահում և ճգնու­թյուններ չի անում, որոնք հոգևոր աղ են: Սրա համար էլ նեխում է, հոտում, փտում և լցվում որդերով, այսինքն` չար խորհուրդներով, այնքան ժամանակ, մինչև որ ետ է դառնում դրանցից դեպի կենդանի Աստծո և Նրա հրեշտակների կողմը` գարշահոտության և խենեշ խոր­հուրդների պատճառով այսպիսի ախտեր ամբարելուց հետո, որոնցով բռնված էր իր միտքը: Իսկ եթե ուզում ես իմանալ, թե ինչ են այդ որ­դերը, ապա պատկերացրու դրանք իբրև խավարում շրջող չար դևեր: Հենց այդպես էլ բնակվում են նրա մեջ խենեշ խորհուրդները, մին­չև որ քայքայում և իսպառ ոչնչացնում են: Իսկ երբ անձը դիմի առ Աստված և հեռանա երկրային հոգսերից ու խռովքներից, հավատա ողջ սրտով, թե Աստված կարող է կերակրել իրեն, իր բոլոր հոգսերը գցի Նրա վրա, այնժամ նրան կառաքվի Աստծո աղը՝ Սուրբ Հոգին, բարերար և մարդասեր Հոգին: Եվ երբ նրա վրա իջնի այդ քաղցր և ճշմարիտ Հոգին, նրանից կփախչեն բոլոր որդնանման ախտերը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

23.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․