Գրքեր

Հանդարտության մասին

Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Բարի՞ է, հա՛յր, անապա­տում բնակվելը»: Ծերը նրան ասաց. «Իսրայելի որդիները, երբ դուրս եկան Եգիպտոսի խառնակություններից և անապատ եկան, այնժամ տրվեց նրանց Օրենքն ու Աստծո երկյուղը ուսուցանվեց: Քանզի նա­վերն էլ ալեկոծ ծովում դատարկվում են բարիքներից, իսկ երբ ժողով­վում են նավահանգստում, այնժամ ճանաչում են իրենց շահը: Այսպես էլ մարդը, եթե մի տեղում չհամբերի, չի ստանա ճշմարտության ճա­նաչողությունը, քանզի որպես առաջին և ամենաբարձր առաքինու­թյուն՝ Աստված ընտրեց հանդարտությունը, ինչպես և գրված է. «Ես ո՞ւմ մեջ բնակվեմ, եթե ոչ հեզերի, խոնարհների և նրանց մեջ, ովքեր դողում են իմ խոսքից» (Եսայի ԿԶ 2)»: Եղբայրը նրան հարցրեց. «Իսկ ինչպե՞ս պետք է հանդարտվել և առանձնանալ»: Ծերը նրան ասաց. «Ըմբիշը եթե նախապես չմարտնչի շատերի դեմ, հաղթության արվես­տը չի սովորի, իսկ շատերի հետ փորձվելով և ուսանելով՝ կկարողանա մենամարտել և հաղթել: Այդպես էլ կրոնավորը. եթե նախ եղբայրների հետ չսովորի խորհուրդներին դիմակայելու արվեստը, չի կարողանա միայնության մեջ հանդարտվել և խորհուրդներին դիմակայել»: Իսկ եղբայրը հարցրեց. «Եթե որևէ տեղ ստիպված լինի կնոջ տեսնել, ի՞նչ պետք է անի»: Ծերը նրան ասաց. «Այդ ամենը սատանայից է, որով­հետև դևը բազում պատճառներ ու հնարքներ է բանեցնում մեր հոգի­ները կորստյան մատնելու համար, սակայն եթե քեզ այդ փորձությու­նը պատահի, և դու կանանց հետ ստիպված լինես խոսել, թեկուզ քո քույրը լինի` թույլ մի՛ տուր նրան շատ խոսել, ինքդ էլ քի՛չ խոսիր և կա՛րճ կապիր խոսքդ: Խոսքի մեջ փոքր­ինչ վի՛շտ դիր և շուտափույթ փախի՛ր այնտեղից՝ նրան թողնելով այնտեղ: Իսկ եթե քեզ հետ խոսելը երկարի, իմացի՛ր, որ նրա ժահրահոտությունը քարշ կտա և վայր կգցի քո մտքերն ու խորհուրդները: Եթե սատկած օձի գարշահոտությունը ընկնի ռունգերի մեջ, և մարդը հեռանա նրանից, մեկ է՝ հոտը կմնա նրա ռունգերի մեջ: Այդպես էլ կնոջ գարշելի հիշատակը ամբողջովին չի հեռանա նրա խորհուրդներից, թեկուզ և հեռանա նրանից»: Եղ­բայրն ասաց. «Ո՞ր խորհուրդներով կարող է մարդ ազատվել այդ դա­տապարտությունից»: Ծերն ասաց. «Եթե մեկը հուր դնի իր ծոցում, կայրվի նրանից և չի մնա առանց դատապարտության` ըստ իմաս­տունի խոսքի»: Եղբայրը հարցրեց. «Ի՞նչ են գիշերային ցնորքներն ու դիվական անուրջները»: Ծերը նրան ասաց. «Ինչպես ցերեկն է դևը մեզ խաբկական ու օտարոտի խորհուրդներով տակնուվրա անում, որպեսզի աղոթքի չվարժվենք, այնպես էլ գիշերն է մեր հոգին պա­շարում գարշելի պատրանքերով ու տեսիլքներով ու խավարեցնում է մեր մտքերը` խափանելով գիշերային աղոթքները»: Դարձյալ եղբայրը հարցրեց ծերին և ասաց. «Մարդն ի՞նչ պիտի անի, հա՛յր, կամ ի՞նչ միջոցով ստանա առաքինության շնորհներ»: Ծերն ասաց. «Եթե մեկը կամենա որևէ արհեստ սովորել, նա կմնա այդ արհեստը ուսուցանող վարպետի մոտ՝ հանդարտ համբերությամբ և իր անձը կխոնարհեցնի նրա առաջ և այդպես կսովորի: Այնպես էլ կրոնավորը. եթե թողնի մարդկային ամեն հոգս և արհամարհի դրանք, իր անձը խոնարհեց­նի և իրեն ոչ միայն մեկնումեկին հավասար չկարծի, այլև ամենքից վատթար համարի իրեն, այդպես կատարելապես խոնարհվելով ու արհամարհելով իրեն` իր ջանքերի շնորհիվ կգտնի առաքինություն, և առաքինություններն իրենք կգան դեպի նա»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

11.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․