Գրքեր

Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի խաղաղության և անսասանության համար

Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի ապահովության և անսասանության համար:

Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ բարձրացավ Ավագ խորան, որտեղից իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին` անդրադառնալով ապրիլի 1-ից 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին:

«Աղոթքի ենք կանգնած այսօր բոլորս, սակայն խռովված է ազգի յուրաքանչյուր զավակի հոգին, որովհետև, ինչպես տեղեկացանք, երեկ գիշեր ազգիս զավակունք վերստին հարկադրված եղան իրենց կյանքով պաշտպանելու մեր Հայրենիքի սահմանների խաղաղությունը և մեր ժողովրդի ազատ կյանքը: 
...Մարտական գործողություններն այսօր ևս շարունակվում են: Մեր զինվորները քաջաբար, արիասիրտ կերպով պաշտպանում են մեր սահմանները: 
Հավատում ենք, որ մեր ժողովրդի զավակունք, ազգս հայոց իր հոգու խռովքն ու ընդվզումը պիտի վերածի ակունքի նոր ուժականության, արիության ոգու և արժանի հարված տա հակառակորդին` վերահաստատելով մեր սահմանների խաղաղությունը: Մենք Հարության լուսապայծառ օրեր ենք ապրում, մեր կյանքը լուսավորված է հարության հավատքով: Այս ոգով մենք հաղթահարել ենք մեր կյանքի բոլոր փորձությունները, մղել ենք մեր կյանքի, պատմության բոլոր ճակատամարտերը, և Աստված հաղթություն է պարգևել մեր ժողովրդին, շնորհ տվել կերտելու իր պետականությունը և զորություն` պաշտպանելու իր ազատ կյանքը: Մենք հավատում ենք, որ այս նույն ոգով` միաբան ու միասնական, հարության հաղթական հավատքով մեր ժողովուրդը պիտի շարունակի կերտել իր խաղաղ կյանքը, շենացնել իր երկիրը, անվտանգ ու ապահով պահպանել երկրի սահմանները», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունը հորդորեց ժողովրդին հանձնառության ոգով գոտեպնդել երկրի սահմանների վրա իրենց նվիրական պարտքը կատարող հայորդիներին, որպեսզի նրանք նույն արիությամբ շարունակեն իրենց սրբազան ծառայությունն ի սեր Հայրենիքի և ի սեր ժողովրդի: 
Վեհափառ Հայրապետը նաև հրավիրեց ամենքին աղոթք բարձրացնելու առ Աստված Հայրենիքի զորության ու խաղաղության, ինչպես նաև հայոց զոհված զավակների և վիրավորների համար: 
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն Իր ամենազոր Աջը հովանի դարձնի Հայաստանի և Արցախի վրա և անխռով պահելով ժողովրդի կյանքը` համայն հայությանը մշտապես առաջնորդի հաղթության ուղիով:

Արարողության ընթացքին` սուրբգրային ընթերցումներից հետո, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը ծնրադիր ընթերցեց «Գոհանամք զքէն» աղոթքը` հայցելով Աստծուց անսասանություն, պայծառություն ու բարօրություն Հայոց աշխարհին և երկնառաք օրհնություն` համայն հայոց ազգի համար:

Հանրապետական մաղթանքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց մարտական գործողությունների ժամանակ զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:

03.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․