Գրքեր

Հարստության և հարուստների մասին

Սուրբ Հովհան Ոսկեբերանն իր խոսքում (հարստության և հարուստների մասին) խոսում է ծանոթ մի մեծահարուստի մասին, որը կորցնում է հարստությունը և դառնության առջև կանգնում: Այս իրողությունն արդիական է նաև ներկայիս հասարակության համար, որովհետև մեր հասարակության մեջ ընչաքաղցության, ագահության, փողը պաշտամունք դարձնելու և դրան ծառայելու սկզբունքը գործում է ցայտուն: Սբ. Հովհան Ոսկեբերանը, ով ապրել է բարգավաճող Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում, «զգուշացնում է իր ժամանակի հարուստներին», որ իրավիճակային կյանքով չապրեն և մտածեն իրենց հոգու փրկության ու երկրի ապագայի մասին: Այժմ ո՞ւր է այդ փառապանծ բարգավաճ կայսրությունը, ո՞ւր են հարուստները և իրենց սերունդներին թողած ժառանգությունը: Տեսնում ենք, որ այդ ամենը փոշիացած է, և նրանց թողած հարստությունն էլ այլևս իրենցը չէ, այլ Հեռավոր Արևելքից ժամանած մի քոչվոր ժողովրդի ձեռքում է, որ եկել և տիրացել է այդ ամենին:

Սուրբ Հովհան Ոսկեբերանի հնչեցրած պատգամն ու ահազանգն իր ժամանակի հարուստներին նաև պատգամ և ահազանգ է ներկայիս հայ իրականությանը, մանավանդ անարդարացի կերպով հարստություն կուտակած անձանց։ Դրանում ասվում է՝ չկարծեք, թե ուշ կամ շուտ Աստված իր արդար դատաստանը ձեզ և ձեր կուտակած հարստության հետ չի տեսնելու, քանի որ եթե հզոր ու լայնածավալ Բյուզանդիայի հարուստներին, նրանց ժառանգներին ու անարդարացի կուտակած հարստությունը փոշի դարձրեց, առավել ևս դուք չեք կարողանալու վայելել Աստծու պահպանությունը և աջակցությունը, հատկապես՝ Իր մշտնջենավոր հավիտենական Լույսը: Սբ. Հովհանը նաև գրում է՝ երբ տեսնում ես, որ ինչ-որ մեկը հանիրավի հարստության է արժանացել, նրան երջանիկ մի՛ կարծիր, արժանի մրցակից մի՛ համարիր, մի՛ փնովիր Աստծու նախախնամությունը, մի՛ մտածիր, որ իսկական կյանքն ընթանում է անպատճառ ու աննպատակ: Հիշի՛ր մեծահարուստի և Ղազարոսի առակը, թե ինչպես առաջինն ուներ անչափ մեծ հարստություն և շքեղ ապրուստ` լինելով չափազանց դաժան, արյունարբու, անմարդկային և ավելի կատաղի, քան բոլոր շները, և իրոք, վերջիններս խղճում ու ծառայում էին Ղազարոսին` չալարելով լիզել նրա վերքերը, որոնցով պատված էր ողջ մարմինը, իսկ մեծահարուստը նույնիսկ փշրանքներ չէր տալիս, այն դեպքում, երբ Ղազարոսը` այդ ճշմարիտ մեծահարուստը, այդ ճշմարիտ բավականության մեջ ապրողը, ծայր աղքատության մեջ էր ընկել, զրկվել անգամ ամենաանհրաժեշտ սննդից և պայքարում էր հիվանդությունների ու սովի դեմ: Մեկն ուներ ավելին, քան պետք էր, մյուսը զուրկ էր ապրուստի անհրաժեշտ միջոցներից: Եվ, սակայն, նա չտրտնջաց, չսկսեց Աստծուն նախատել և բողոքել նախախնամությունից:

Սովորաբար հարստությունը ո՛չ ավելի իմաստուն է դարձնում, ո՛չ ավելի զուսպ, ո՛չ բարի, ո՛չ մարդասեր և հոգու մեջ ոչ մի այլ առաքինություն չի դնում կամ պատվաստում: Եվ  չես կարող ասել, որ այն ցանկալի կամ գայթակղիչ է քեզ համար հանուն այդ բարիքներից որևէ մեկի, որովհետև այն ոչ միայն չի կարող դրանցից մեկը սերմանել ու մշակել քո մեջ, այլև ընդհակառակը` անգամ վնասում և խանգարում է, եթե դրանք նախապես արդեն առկա են, իսկ ոմանց նույնիսկ դուրս է վտարում և մտցնում այն, ինչ ներհակ է դրանց: Սակայն չեմ ուզում խոսել այդ մասին, որովհետև այդ տկարությամբ բռնվածները ի վիճակի չեն լսելու, թե ինչպես են իրենք իրենց մեղադրում և մերկացնում` լիովին տրվելով հաճույքներին ու դրանով իսկ դառնալով ծառաներ: Այսպիսով, ասացեք ինձ, ա՞յն պատճառով է հարստությունը ձեզ համար ցանկալի և բարձրարժեք, որ այն սերմանում է ձեր մեջ ուժգին կրքեր, զայրույթը վերածում գործի, վիթխարի չափերի հասցնում հիվանդագին փառասիրությունը և մղում մեծամտության: Այդ պատճառով ինքներդ պետք է առանց հետ նայելու փախչեք նրանից, որովհետև այն ձեր հոգին բնակեցնում է վայրի և սարսափազդու գազաններով, որոնց շնորհիվ այն զրկվում է բոլորի կողմից ընդունված պատվից, կեղծապատիր ծաղիկներով զարդարելով վերջինիս արժանապատվությունը, այն ներկայացնում այնպիսի խաբուսիկ տեսքով և ներշնչում, որ վերջինս առաջինից ավելի է, թեպետ նա այդպիսին չէ բնությամբ, այլ երևում է սոսկ արտաքուստ: Նման այն բանին, որ ինչպես քսուքներով և ներկերով շպարված պոռնիկ կանանց գեղեցկությունը իրապես զուրկ է գեղեցկությունից, և իրականում տգեղ ու այլանդակ դեմքը խաբվածներին գեղեցիկ և բարետես է թվում, ճիշտ այդպես էլ հարստությունը պատվի փոխարեն անպատվություն է բացահայտում: Մի՛ նայիր այն գովասանքներին, որոնք շռայլվում են բացահայտորեն` ի հետևանք վախի և շողոքորթության, այլ մերկացրու շողոքորթողներից յուրաքանչյուրի խիղճը, և դու կտեսնես հազարավոր մեղադրողների, որոնք հոգեպես աղաղակում են քո դեմ, խորշում են քեզնից և ատում ավելի, քան քո բոլոր կատաղի թշնամիները կամ չարակամները: Եվ եթե հանգամանքների փոփոխությունը հետ տանի դիմակը ու մերկացնի վախի դեմքը, ինչպես արևի պայծառ ճառագայթը ցուցանում է շպարված դեմքը, այնժամ պարզ կտեսնես, որ դրան նախորդած ժամանակներում դու պատիվ չունեիր նրանց մոտ, ովքեր ծառայում էին քեզ և, ինչպես քեզ էր թվում, մեծ հարգանք էիր վայելում այն մարդկանց կողմից, որոնք առավելապես քեզ ատում էին և ամենից շատ ցանկանում, որ հայտնվես դժբախտության մեջ: Ինչպես մարդն է չնչին կենդանի և կործանման ենթակա ու ժամանակավոր, այդպիսին է և հարստությունը, ավելի ճիշտ` դրանից էլ ավելի չնչին է: Հաճախ այն ոչնչանում է ոչ թե մարդու հետ միասին, այլ նրանից առաջ, և դուք ամենքդ գիտեք նման բազմաթիվ օրինակներ, երբ այդպես է եղել: Հաճախ պատահում է նաև, որ մեծահարուստը ողջ է մնում, իսկ հարստությունը ոչնչանում է. օ՜, եթե ոչնչանար միայն հարստությունը և ոչ թե նաև տերը: Ահա թե ինչու չի մեղանչում նա, ով հարստությունն անվանում է երախտամոռ ծառա, արյունռուշտ և մարդասպան ծառա, որ իր տիրոջը փոխհատուցում է սպանությամբ, և որ ամենից ծանրն է, այն վտանգի է ենթարկում ունեցողին ոչ միայն, երբ անհետանում է, այլև այնժամ, երբ առկա է, դառնալով անվերջ տագնապի և անհանգստության պատճառ: Օրինակ` ո՞վ էր Եվթրոպիոսից ավելի բարձր: Իր ունեցվածքով ողջ աշխարհում կա՞ր նրան հավասարը: Նա չէ՞ր, որ վայելում էր ամենաբարձր մեծարանքները: Եվ բոլորը չէի՞ն վախենում և դողում նրանից: Եվ ահա, նա դարձավ ամենադժբախտը նույնիսկ բանտարկյալների մեջ, ավելի խղճուկ, քան ծառան, ավելի կարիքավոր, քան սովից տանջվող մուրացկանը, երբ ամեն օր գլխավերևում տեսնում էր սրված սրեր, առջևում`գուբ, դահիճներ, որոնք մարդկանց մահապատժի են տանում: Նա անգամ չի հիշում՝ երբևէ օգտվե՞լ է հարստության հաճույքներից, նույնիսկ արևի ճառագայթները չի զգում, կարծես շրջապատված է անթափանց գիշերով և կեսօրին զրկված է տեսնելու հնարավորությունից:

Ի դեպ, որքան էլ ջանք թափենք, ի զորու չենք լինի նկարագրելու այն տառապանքները, որ պետք է ունենար նա` ամեն օր սպասելով, թե երբ են թռցնելու գլուխը: Տեսնում եմ նրա՝ բզեզի նման դեղնած դեմքը, որ ավելի վատ տեսք ունի, քան ընդմիշտ կյանքից զրկվածը: Դրան ավելացրեք ատամների կափկափյունը և կրճտոցը, ողջ մարմնի դողը, ձայնի խզումը, հազիվ թոթովող լեզուն և կերպարանքը, որ կարող է ունենալ միայն քարացած հոգով մարդը: Չե՞մ ասել քեզ, թե հարստությունը որքան փութանցիկ է: Սակայն ասածներիս հասու չեղար: Չե՞մ ասել, որ այն երախտամոռ ծառա է, նաև մարդասպան, քանի որ հենց հիմա քեզ ստիպեց տագնապել և վախենալ: Արդյոք քեզ չե՞մ ասել` այնժամ, երբ դու անընդհատ նախատում էիր ինձ, որ միշտ ճշմարտությունն եմ ասում, որ քեզ ավելի շատ եմ սիրում, քան քո շողոքորթները: Որ ես` մերկացնողս, քեզ համար ավելի հոգ եմ տանում, քան քեզ սիրաշահողները: Այդ խոսքերին չե՞մ հավելել, որ «լավ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբույրը» (Առակ. 27:6): Եթե դու դիմանայիր իմ ապտակներին, ապա նրանց համբույրները մահվան պատճառ չէին դառնա, որովհետև ապտակները առողջություն են բերում, իսկ նրանց համբույրները ծնում են անբուժելի հիվանդություններ: Իսկապես, որտեղի՞ց է գալիս: Այն բանից, որ դու չես խորհել մարդկային գործերի փոփոխական լինելու մասին: Եթե դու երկյուղ ունենայիր երջանկության դավաճանությունից, ապա դավաճանությունը չէր լինի: Բայց քանի որ դու ոչ ինքդ քեզ համար և ոչ էլ ուրիշներից ավելի լավը չդարձար, ապա իրոք պատահեց այն, ինչ ասվում էր խոսքով:
Ես միշտ ասում եմ, թե հարստությունը դավաճանաբար փոխում է նրանց, ովքեր վատ են օգտագործում այն. ահա գալիս է ժամանակը, որ ապացուցում է այդ խոսքերի իրավացիությունը: Տեսնո՞ւմ եք մարդկային գործերի ոչնչությունը: Տեսնո՞ւմ եք իշխանության թուլությունը: Տեսնո՞ւմ եք հարստությունը, որը ես մշտապես փախստական եմ համարել, ոչ միայն փախստական է, այլև մարդասպան: Չէ՞ որ այն ոչ միայն լքում է տիրոջը, այլև սպանում նրան: Երբ ինչ-որ մեկը հոգ է տանում նրա մասին, հենց այդ ժամանակ դավադրաբար դավաճանում է: Ինչո՞ւ ես այդքան հոգ տանում հարստության մասին, երբ այն երբեք հնարավոր չէ պահպանել: Ցանկանո՞ւմ ես պահպանել այն: Ուրեմն` մի թաքցրու, այլ բաժանիր աղքատներին: Որտե՞ղ է հարստությունը: Մեծ հաճույքով կհարցնեի մեռյալներին` որտե՞ղ է հարստությունը: Իսկապես, ով այսօր հարուստ է, վաղը դառնալու է աղքատ: Մենք բոլորս սոսկ օգտագործող ենք և ոչ ունևոր: Թեկուզ և մեր ողջ կյանքի ընթացքում հարստությունը մնա մեր ձեռքին, և ոչ մի դժբախտություն չպատահի, միևնույն է, մահից հետո կամա-ակամա այն զիջում ենք ուրիշին և վերաբնակվում ենք անդրշիրիմյան կյանքում` լինելով միանգամայն մերկ ու ոչինչ չունենալով: Հիշի՛ր Պողոսին, Պետրոսին, հիշի՛ր Հովհաննեսին, Եղիային, և ամենքից առաջ` Աստծու Որդուն, որ գլուխը դնելու տեղ չուներ (Մատթ. 19:23), ընդօրինակի՛ր Նրան և Նրա ծառաներին ու պատկերացրո՛ւ նրանց անճառելի հարստությունը: Եթե դու արդեն փոքր-ինչ պայծառացել ես, այնուհետև կրկին մռայլվել, ինչպես նավաբեկության ժամանակ փոթորկի հարվածներից, ապա հիշի՛ր Քրիստոսի խոսքը, որ ազդարարում է, թե մեծատունը դժվարությամբ կմտնի երկնքի արքայությունը: Այդ խոսքին միացրու լեռներ, հող և ծով, և այն ամենը, ինչ ցանկանում ես, մտքում դրանք վերածիր ոսկու և կտեսնես, որ ոչինչ չի կարող համեմատվել այն վնասի հետ, որ դու կունենաս: Իսկապես, եթե հարուստներից յուրաքանչյուրը մի ողջ աշխարհ ունենա, յուրաքանչյուրն ունենա այնքան ծառաներ, որքան հիմա ապրում են ողջ աշխարհում` ցամաքում և ծովերում, յուրաքանչյուրն ունենա կալվածքներ և ծովեր ու գոյություն ունեցող բազում շինությունները, քաղաքները, ազգերը, և բոլոր կողմերից ջրերի ու աղբյուրների փոխարեն ոսկի հոսի դեպի նրանց, ապա ես այդ հարուստներին երեք լումայի արժեք չէի տա, եթե նրանք զրկված են երկնային արքայությունից: Եթե այժմ` ձգտելով փող ունենալ, որ, ի վերջո, կորչում է, նրանք տառապում են, երբ հաջողության չեն հասնում, ապա ի՞նչը ի վիճակի կլինի նրանց մխիթարություն բերելու, երբ նրանք կզգան այնկողմնայինի բարիքները:

Մեծ բարիքն այն չէ, որ շատ փող ունենք, այլ որ Աստծու երկյուղ ունենք: Ահա հիմա, եթե լիներ որևէ արդար մարդ, որ Աստծու նկատմամբ մեծ անվեհերություն ունենար, ապա կարող էր, եթե անգամ լիներ ամենաաղքատ մեկը, դադարեցնել իսկական աղետները. բավական էր, որ նա առ երկինք կարկառեր ձեռքերը և Աստված կանչեր, և այս ամպը կհեռանար, իսկ պահուստում որքան ոսկի կա, դառնում է անօգուտ ցանկացած վտանգից, պատուհասներից մեզ փրկելու համար: Եվ վտանգը միայն այս չէ, այլ նաև մյուս դեպքերում` հիվանդանալիս կամ երբ վրա է հասնում մահը, փողն իր ուժը կորցնում է` ի վիճակի չլինելով փոքր-ինչ թեթևություն բերելու դժբախտության ժամին: Հիմա որտե՞ղ են այն հարուստները, որոնք տոկոսներ էին հաշվում, տոկոսը տոկոսի վրա բերում, աղքատից խլում էին և չէին կշտանում: 
Լսե՞լ եք Պետրոսի կանչը, որ ասում էր, թե աղքատությունը հարստության մայրն է, Պետրոսի, որ ոչինչ չուներ և բոլոր թագակիրներից հարուստ էր: Իրոք որ, ոչինչ չունենալով, նա և՛ մեռյալներին էր հարություն տալիս, և՛ կաղերին էր բժշկում և՛ դևերին էր հալածում, և՛ այնպիսի բարիքներ էր պարգևում, որ ի զորու չէին տալու ո՛չ թագավորները, ո՛չ էլ բազմաքանակ ու սարսափելի բանակների զորավարները: Իսկ ի՞նչ է ասում: «Արծաթ և ոսկի չունեմ» (Գործք 3:6): Ի՞նչը կարող է այս խոսքերից ավելի արժեքավոր լինել: Քո ունեցած փողը նրա համար է, որ թեթևացնես աղքատության բեռը և ոչ նրա համար, որ աղքատներին կեղեքելով առևտրով զբաղվես, իսկ դու թեթևացնելու անվան տակ ավելի մեծ դժբախտություն ես պատճառում և մարդասիրությունը փողով ես ծախում: Չեմ արգելում, ծախի՛ր, միայն թե հանուն երկնային արքայության: Այդքան մեծ հերոսության համար փոքր գին մի՛ վերցրու, հարյուրապատիկ շահույթ, այլ ապագա հավիտենական կյանքը: Ինչո՞ւ ես դու շարունակում մնալ աղքատ ու մուրացկան և զբաղվում մանրիկ բաներով` մեծը որպես փոքր, ունայն փողերով ծախելով: Ինչո՞ւ ես դու, Աստծուն թողնելով, զբաղվում մարդկային չնչին շահերով: Ինչո՞ւ ես դու` շրջանցելով հարուստին, ճնշում ընչազուրկին և, լքելով պարտք տվողին, գործ բռնում անշնորհակալի հետ: Փող պետք է ունենալ, ինչպես սազական է տիրոջը և ոչ թե ծառայի հանգույն, այնպես, որ կարողանաս իշխել նրա վրա, և ոչ թե փողն իշխի մեզ վրա: Փողը այդպես է կոչվում, որպեսզի մենք օգտագործենք այն մեր կարիքների համար և ոչ թե պահենք բարձի տակ: Չէ՞ որ պահելը ծառայի հատկություն է, իսկ ծախսելը և նրա վրա լիակատար իշխելը հատուկ է տիրոջը: Ահա թե ինչու ավելի անհեթեթ բան չկա, քան ծառայի փող ունենալը` իրականում լինելով տիրապետվող, կարծում է, թե տիրում է` լինելով ծառա, կարծում է, թե տեր է` իրեն շղթաներ դնելով, ինքն իրեն մեծարում է, կարծես թե իշխում է դրա վրա, հրճվում և ուրախանում է` դառնալով նրա գերին: Այսպիսով, մի՛ կարծիր, թե մեծ հարստություն ունենալով` քեզ հետ ինչ-որ հաճելի բան է կատարվում, ընդհակառակը, այն կարող է լինել միայն հարուստ լինել չցանկանալու դեպքում: Իրոք, եթե դու ցանկանում ես հարուստ լինել, ապա երբեք չես դադարի տանջվելուց, որովհետև հարստության նկատմամբ սերը անվերջ է, և ինչքան հեռու գնաս, այնքան հեռու կլինես վերջից, և ինչքան շատ ցանկանաս ուրիշի ունեցվածքը, այնքան կուժգնանան տանջանքները: Ճիշտ այնպես, ինչպես ծարավ զգալիս մենք հագենում ենք միայն այն ժամանակ, երբ խմում ենք այնքան, ինչքան ցանկանում ենք, իսկ քանի դեռ ծարավ ենք, ապա, թեկուզ և սպառենք բոլոր աղբյուրները, մեկ է, մեր տանջանքներն ավելի կուժեղանան: Եվ նման այն բանին, որ բանտարկյալին հատկապես դժբախտ ես համարում, երբ նրան տեսնում ես շղթայված ոտքերով ու մեջքով, հաճախ նաև ձեռքերով, ճիշտ այդպես էլ, երբ տեսնում ես անհամար կալվածքներ ունեցող հարուստին, դրանով նրան հարուստ մի համարիր, իսկ հենց այդ պատճառով քեզ` դժբախտ: Այդ կապանքների հետ միասին նա ունի նաև մի դաժան բանտապահ` դժբախտ սեր առ փողը, որը նրան թույլ չի տալիս դուրս գալ բանտի շեմից և օրավուր ավելացնում է անհամար հանգույցներ և պահակներ, դռներ ու փականներ և նրան մղում ամենաներքևում գտնվող բանտը, համոզում է հաճույք ստանալ այդ կապանքներից: 
Արդ, Աստված քեզ հարուստ է դարձրել, որպեսզի դու օգնես կարիքավորներին, որպեսզի ուրիշներին փրկելով` քավես մեղքերդ, քեզ փող է տվել ոչ այն բանի համար, որ դու փականք դնես քո կորստյան վրա, այլ որպեսզի ծախսես քո փրկության համար:

 


Հրապարակման պատրաստեց 
Հովհաննես Մանուկյանը

 

Աղբյուրը՝ irates.am

04.06.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․