Գրքեր

Հարության օրը

- Հա՛յր, որոշ երեխաներ հարցնում են, թե ինչու ենք հավկիթները ներկում կարմիր գույնով։

- Պետք չէ խրախուսել երեխաների նման հետաքրքրությունը, այլապես նրանք կտարվեն միայն արտաքին երևույթով և չեն փնտրի խորքային իմաստը։ Ասացեք միայն, որ կարմիր հավկիթը խորհրդանշում է երկիրը, որը ներկվեց Քրիստոսի արյամբ, և ողջ աշխարհը քավվեց մեղքից։

- Հա՛յր, յուղաբեր կանանց արիությունը ապշեցնում է ինձ։

- Յուղաբեր կանայք մեծ հավատ ունեին առ Քրիստոս, ունեին հոգևոր հակվածություն, ուստի և ուշադրություն չէին դարձնում ոչ մի բանի։ Եթե նրանք հոգևոր հակվածություն չունենային, մի՞թե սիրտ կանեին։ Արևածագին, առավոտ վաղ, երբ դեռ արգելված էր փողոց դուրս գալ, նրանք անուշահոտ յուղերով ուղղվեցին դեպի Տիրոջ սուրբ գերեզմանը Քրիստոսի հանդեպ տածած սիրուց։ Ուստի և արժանացան հրեշտակից լսելու Հարության ուրախ լուրը։

- Իսկ մենք ինչպե՞ս զգանք Հարության ուրախությունը։

- Հարկավոր է սրտում ուրախարար վիշտ ունենալ, որպեսզի այնուհետ ճշմարիտ ուրախություն հայտնվի։ Եթե բարեպաշտությամբ ու սրտի թրթիռով անցկացնենք Ավագ շաբաթը, ապա Սուրբ Հարությունը կդիմավորենք հոգևոր ցնծությամբ ու սրբազան խնդությամբ։

- Հա՛յր, իսկ նորմա՞լ է, որ Զատկի երեկոյան ես առանձնահատուկ ուրախություն չեմ զգում։

- Այո, նորմալ է, որովհետև ողջ Ավագ շաբաթը մենք վերապրում ենք չարչարանքների վիշտը, հատկապես՝ Ավագ ուրբաթի նախօրեին։ Իսկ քանի որ վշտի զգացումն ավելի խորն է, քան ուրախությանը, ապա չենք կարող մեկ օրում հաղթահարել հոգու այդ վիճակը։ Ոչ թե հոգին չի ուրախանում Հարությամբ, այլ այնքան չի ուրախանում, որքան պահանջում է այդ լուսավոր օրը։ Սակայն աստիճանաբար Սուրբ Զատկի շաբաթվա ընթացքում, որն ասես մեկ համընդհանուր զատկական օր լինի, Ավագ շաբաթվա ցավն անցնում է, և հոգին լցվում է զատկական ուրախությամբ։ Հաջորդ օրն է մարդ սկսում զգալ Զատիկը։

- Իսկ ինչո՞ւ են որոշ մենաստաններում Զատկի երկրորդ, կամ անգամ երրորդ օրը խաչերթ անում, հա՛յր։

- Որպեսզի զատկական ճշմարիտ ուրախությունը տարածվի շուրջբոլորը։

- Եվ զանգե՞րն են հնչեցնում։

- Սուրբ Զատկի շաբաթվա ընթացքում և՛ զանգերն են հնչեցնում, և՛ կոչնակները, և՛ սիրտն է երգում՝ վերապրելով Հարության օրը։

Մաղթում եմ ձեզ զատկական հարատև ուրախությամբ ու ներքին քաղցր հուզմունքով մշտապես ուրախանալ հոգևոր խնդությամբ։

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

13.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․