Գրքեր

Հասցնել հիշել

Ինձ անվասայլակին նստեցրած տանում էին շրջանային հիվանդանոցի միջանցքով:

- Ո՞ւր,- մի բուժքույրը հարցրեց մյուսին:- Միգուցե ոչ թե առանձին, այլ ընդհանուր պալատ տանե՞նք:

Ես անհանգստացա:

- Ինչո՞ւ ընդհանուր, եթե առանձինի հնարավորություն կա:

Քույրերն այնպիսի անկեղծ կարեկցանքով նայեցին ինձ, որ ես անասելի զարմացա: Այդ հետո արդեն իմացա, որ առանձին պալատ մեռնողներին էին տանում, որպեսզի մյուսները նրանց չտեսնեն:

- Բժիշկն ասաց՝ առանձին,- կրկնեց բուժքույրը:

Բայց այն ժամանակ ես չգիտեի, թե դա ինչ է նշանակում, ուստի հանգստացա: Իսկ երբ հայտնվեցի մահճակալի վրա, ապա կատարյալ խաղաղություն զգացի արդեն միայն նրանից, որ կարիք չկա ոչ մի տեղ գնալ, որ արդեն ոչ ոքի ոչինչ պարտավոր չեմ, և ողջ պատասխանատվությունս անհետացել է:

Ես տարօրինակ կտրվածություն զգացի շրջապատող աշխարհից և ինձ համար միևնույն էր, թե այնտեղ ինչ է կատարվում: Ոչ ոք և ոչինչ չէր հետաքրքրում ինձ: Ես հանգստի իրավունք էի ձեռք բերել: Եվ դա լավ էր: Ես մենակ էի մնացել ինձ հետ, հոգուս ու կյանքիս հետ: Միայն ես ու ես:

Խնդիրները հեռացել էին, հեռացել էին նաև վազվզոցն ու կարևոր հարցերը: Անհետաձգելիի հետևից այդ ամբողջ վազքն ինձ այնքան չնչին էր թվում հավիտենականի, կյանքի ու մահվան համեմատությամբ, այն անհայտի համեմատությամբ, որ սպասում է այնտեղ, այն կողմում…

Եվ այդ ժամանակ շուրջը սկսեց իսկական կյանքը եռալ: Պարզվում է այնքան հրաշալի է թռչունների դայլայլն առավոտյան, արևի շողը, որ սողում է մահճակալի հետևի պատի վրայով, ծառի ոսկեգույն տերևները, որ պատուհանից ձեռքով են անում ինձ, աշնանային խորունկ, կապույտ երկինքը, արթնացող քաղաքի աղմուկը՝ մեքենաների ազդանշանները, շտապող կրունկների կտկտոցն ասֆալտի վրա, թափվող տերևների շրշյունը… Տե՛ր Աստված, ի՜նչ հիասքանչ է կյանքը: Իսկ ես միայն այժմ դա հասկացա…

- Թեկուզ միայն այժմ,- ասացի ինքս ինձ,- բայց հասկացա: Եվ դու դեռ մի քանի օր ունես այն վայելելու և ողջ սրտով սիրելու:

Ազատության ու երջանկության զգացումը, որ գրավել էր ինձ, ելք էր պահանջում, և ես Աստծուն դիմեցի, քանի որ Նա այժմ բոլորից մոտ էր ինձ:

- Տե՛ր Աստված,- ուրախանում էի ես:- Շնորհակալություն, որ ինձ հնարավորություն տվեցիր հասկանալու, թե կյանքն ինչ հիասքանչ է և սիրելու այն: Թեկուզ մահվանից առաջ, բայց ես իմացա, թե ի՜նչ հրաշալի է ապրելը:

Ես լցված էի հանգիստ երջանկության, խաղաղության, ազատության և զրնգուն բարձրության զգացումով միաժամանակ: Աշխարհը զրնգում էր ու շողշողում Աստվածային սիրո ոսկեգույն լույսով: Ես զգում էի դրանից արձակվող հզոր ալիքները: Թվում էր, թե սերը թանձրացել էր և միևնույն ժամանակ փափուկ ու թափանցիկ էր օվկիանոսի ալիքի պես: Շուրջբոլորը դրանով էր լցված, և նույնիսկ օդն էր ծանրացել և ոչ միանգամից էր անցնում թոքերի միջով, այլ հոսում էր դանդաղ բաբախող շիթով: Ինձ թվում էր, թե այն ամենն, ինչ տեսնում էի, լցվում էր այդ ոսկեգույն լույսով: Ես սիրում էի: Եվ դա նման էր Բախի երգեհոնային երաժշտության հզորության և ջութակի դեպի վեր թռչող մեղեդու միավորմանը:

Առանձին պալատը և «4-րդ աստիճանի սուր լեյկոզ» ախտորոշումը, ինչպես նաև բժշկի կողմից հաստատված օրգանիզմի անդառնալի վիճակն իրենց առավելություններն ունեին: Բոլորին և ուզածդ ժամի թույլ էին տալիս այցելել մեռնողներին: Հարազատներիս առաջարկեցին բարեկամներին թաղման կանչել, և սգացող ազգականների շարքը ձգվեց դեպի ինձ՝ հրաժեշտ տալու: Ես հասկանում էի, թե ինչ ծանր դրության մեջ են նրանք հայտնվել՝ դե ինչի՞մասին խոսես մեռնող մարդու հետ, ով այդ մասին գիտի: Ծիծաղելի էր նայել նրանց մոլորված դեմքերին:

Ես ուրախանում էի. էլ ե՞րբ կտեսնեի նրանց բոլորին: Իսկ ամենից շատ ուզում էի նրանց հետ կիսվել կյանքի նկատմամբ ունեցած սիրով, մի՞թե հնարավոր է երջանիկ չլինել ուղղակի այն փաստից, որ ապրում ես: Ես հարազատներիս ու ընկերներիս ուրախացնում էի ինչպես կարող էի՝ կատակներ էի պատմում, պատմություններ կյանքից: Փառք Աստծո, բոլորը ծիծաղում էին, և հրաժեշտն անցնում էր ուրախության ու գոհության մթնոլորտում:

Երրորդ օրը ձանձրացա պառկելուց, սկսեցի պալատում քայլել, նստել պատուհանի մոտ: Այս զբաղմունքի վրա էլ ինձ բռնեց բժշկուհին, հիստերիկա սարքեց՝ ասելով, որ ինձ չի կարելի տեղից վեր կենալ:

Ես անկեղծորեն զարմացա.

- Դա ինչ-որ բան կփոխի՞:

- Դե… Չէ,- այժմ շփոթվեց նա:- Բայց դուք չեք կարող քայլել:

- Ինչո՞ւ:

- Դուք դիակի անալիզներ ունեք: Դուք նույնիսկ ապրել չեք կարող, բայց սկսել եք քայլել:

Ինձ հատկացված առավելագույնը՝ չորս օր, անցավ: Ես չէի մեռնում, այլ ախորժակով երշիկ ու բանան էի խժռում: Լավ էի զգում ինձ: Իսկ բժիշկը վատ էր, ոչինչ չէր հասկանում: Անալիզները չէին փոխվում, արյունս հազիվ վարդագույն էր, իսկ ես սկսել էի ընդհանուր սրահ դուրս գալ ու հեռուստացույց նայել:

Բժշկուհուն խղճում էի, բայց սերը շրջապատողների ուրախությունն էր պահանջում:

- Բժշկուհի՛, իսկ ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել անալիզներս:

- Դե, գոնե այսպիսին:

Նա արագ-արագ ինչ-որ տառեր ու թվեր գրեց թղթի կտորի վրա. այն, ինչ պետք է լիներ: Ես ոչինչ չհասկացա, բայց ուշադրությամբ կարդացի: Նա կարեկցանքով ինձ նայեց, ինչ-որ բան քրթմնջաց ու հեռացավ:

Իսկ առավոտյան իննին բղավելով իմ պալատ խուժեց.

- Այդ ինչպե՞ս եք ան… Անալիզները հենց այնպիսին են, ինչպես երեկ գրեցի:

- Որտեղի՞ց իմանամ: Ի՞նչ է, լա՞վն են:

Հաջողությունն ավարտվեց: Ինձ ընդհանուր պալատ տեղափոխեցին (այնտեղ, որտեղ արդեն չեն մահանում): Ազգականներս արդեն հրաժեշտ էին տվել և այլևս չէին այցելում ինձ:

Պալատում հինգ այլ կանայք կային: Նրանք պառկած էին դեմքով դեպի պատը, և մռայլորեն, լռությամբ ու ակտիվ կերպով մահանում էին: Ես երեք ժամ դիմացա: Սերս սկսեց շնչահեղձ լինել: Շտապ պետք էր ինչ-որ բան ձեռնարկել:

Մահճակալի տակից ձմերուկը դուրս գլորեցի, դրեցի սեղանին, կտրեցի և բարձրաձայն հայտարարեցի.

- Քիմիաթերապիայից հետո ձմերուկը սրտխառնոցն անցկացնում է:

Թարմ ձմերուկի բույրը տարածվեց պալատում: Կանայք անվստահորեն դեպի սեղանը ձգվեցին:

- Իսկապես անցկացնո՞ւմ է:

- Ըհը,- բանիմացորեն հաստատեցի ես՝ մտածելով. «Ով գիտե…»

Հյութեղ ձմերուկը խռթխռթաց:

- Ճիշտ որ, անցա՛վ,- ասաց նա, որ պատուհանի մոտ էր պառկում ու հենակներով քայլում:

- Ինձ մոտ էլ: Ինձ մոտ էլ,- ուրախ հաստատեցին մյուսները:

- Ահա՛,- գոհունակությամբ գլխով արեցի ես ի պատասխան:- Իսկ մի անգամ էլ… Իսկ այս կատակը գիտե՞ս…

Կեսգիշերն անց երկուսին բուժքույրը մեր պալատ մտավ ու զայրացած ասաց.

- Ե՞րբ եք դադարելու խրխնջալ: Չեք թողնում ողջ հարկը քնի:

Երեք օր անց բժիշկը անվճռականորեն հարցրեց ինձ.

- Իսկ դուք չե՞ք կարող այլ պալատ տեղափոխվել:

- Ինչո՞ւ:

- Այս պալատում բոլորի վիճակը լավացել է, իսկ կողքինում շատ ծանր հիվանդներ կան:

- Ո՛չ,- բղավեցին հարևանուհիներս,- բաց չենք թողնի:

Բաց չթողեցին: Հարևաններն սկսեցին մեր պալատ գալ՝ ուղղակի նստելու, զրուցելու, ծիծաղելու համար: Եվ ես հասկանում էի, թե ինչու: Ուղղակի մեր պալատում սերն էր ապրում: Նա ոսկե ալիքով պարուրում էր յուրաքանչյուրին, և բոլորն իրենց հանգիստ ու հարմարավետ էին զգում:

Հատկապես մի բաշկիրուհի աղջիկ էր ինձ դուր գալիս: Նա տասնվեց տարեկան էր, սպիտակ գլխաշորով, որ ծոծրակին հանգույց էր անում: Գլխաշորի տարբեր կողմեր ցցված ծայրերը նրան նապաստակի նման էին դարձնում: Նա լիմֆոտիկ հանգույցների քաղցկեղ ուներ, և ինձ թվում էր, թե ժպտալ չգիտի: Իսկ մեկ շաբաթ անց տեսա, թե ինչ հմայիչ ու ամոթխած ժպիտ ունի: Իսկ երբ նա ասաց, որ դեղորայքը սկսել է գործել և ինքն ապաքինվում է, մենք տոն կազմակերպեցինք՝ ճոխ սեղան գցելով, որը զարդարվել էր կումիսի շշերով, որից մենք հաճելիորեն շշմեցինք և անցանք պարելու:

Աղմուկի վրա եկած հերթապահ բժիշկը նախ ապշած մեզ էր նայում, հետո ասաց.

- Երեսուն տարի է այստեղ եմ աշխատում, բայց առաջին անգամ եմ նման բան տեսնում,- և շրջվելով հեռացավ:

Մենք դեռ երկար ծիծաղում էինք՝ հիշելով նրա դեմքի արտահայտությունը: Լավ էր:

Ես գրքեր էի կարդում, բանաստեղծություններ գրում, պատուհանից դուրս նայում, հարևանուհիներիս հետ շփվում, միջանցքում զբոսնում և այնքա՜ն սիրում այն ամենն, ինչ տեսնում էի՝ և՛ գրքերը, և՛ մրգահյութը, և՛ հարևանուհուս, և՛ բակում կանգնած մեքենան, և՛ հին ծառը:

Ինձ վիտամիններ էին ներարկում: Ուղղակի պետք էր ինչ-որ բան ներարկել:

Բժշկուհին համարյա չէր խոսում ինձ հետ, միայն տարօրինակ նայում էր կողքովս անցնելիս, և երեք շաբաթ անց կամացուկ ասաց.

- Ձեր հեմոգլոբինը քսան միավորով բարձր է առողջ մարդու նորմայից: Այլևս պետք չէ այն բարձրացնել:

Թվում էր, թե նա բարկանում է ինձ վրա: Ստացվում էր, որ նա հիմար է, և սխալ է ախտորոշել, բայց դա անհնար էր, և նա էլ դա գիտեր: Եվ մի օր նա գանգատվեց ինձ.

- Ես չեմ կարող ձեր ախտորոշումը հաստատել: Ախր դուք առողջանում եք, չնայած ոչ ոք ձեզ չի բուժում: Իսկ դա անհնար է:

- Իսկ այժմ իմ ախտորոշումն ի՞նչ է:

- Ես դեռ չեմ մտածել,- կամաց պատասխանեց նա ու հեռացավ:

Երբ ինձ դուրս էին գրում, բժշկուհին խոստովանեց.

- Ի՜նչ ափսոս, որ հեռանում եք, դեռ շատ ծանր հիվանդներ ունենք:

Մեր պալատից բոլորը դուրս գրվեցին: Իսկ բաժնում մահացության թիվը երեսուն տոկոսով կրճատվեց այդ ամիս:

Կյանքը շարունակվում էր: Միայն դրա հանդեպ հայացքն էր փոխվում: Թվում էր, թե ես սկսել եմ աշխարհից վերևից նայել, և այդ պատճառով էլ փոխվել էր կատարվողը տեսնելու մասշտաբը:

Իսկ պարզվեց, որ կյանքի իմաստը այնքան պարզ ու մատչելի է: Ուղղակի պետք է սովորել սիրել, և այնժամ հնարավորություններդ անսահման կդառնան, և ցանկություններդ կիրականան, եթե, իհարկե, այդ ցանկությունները սիրով ձևավորես, և ոչ ոքի չխաբես, չնախանձես, չնեղացնես ու չարը չկամենաս: Ամեն բան այնքա՜ն պարզ է ու այնքա՜ն բարդ: Չէ՞ որ ճշմարիտ է, որ Աստված Սեր է: Միայն պետք է հասցնել հիշել այդ մասին…

 

 

Լյուդմիլա Լամոնովա

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի:

 

10.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․