9 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԻԳ օր

Գրքեր

Հավատի ուժը

Անհավատն ապավինելով սեփական մտքին, բայց ոչ սրտին` ճամփա ելավ: Նրան ամենուր ուղեկցում էր «հաջողությունը», նա քայլում էր միայն ծաղկած արահետներով, աչքերը հաճելիորեն շոյում էր միայն գեղեցիկը, անցնելու համար նա ընտրում էր ոչ թե նեղ, այլ՝ ընդարձակ ուղին: Նրան բոլորը նկատում են, ավելին՝ սիրում, գնահատում ու մեծարում են նրան: Առողջությունն իր մարմնում է, խելացիությունն իր գլխում, հզորությունն իր շուրթերին է ու բազկին: Հաջողությունը հենց ինքն է, և իր  անձը: Իսկ Ճշմարտությունը… Օ՜, որքան հեռվում է այն, որքան անզոր, որպեսզի կարողանա  թափանցել նրա  ներսը:  Շքեղ կյանքից կուրացած, անհավատն էլ ավելի  գնահատեց  սեփական Ես-ը, տեսավ ու սիրեց  իր ներքին մարդը, բայց ո՛չ Լույս Ճշմարիտ Աստծուն: Հավատաց և ապավինեց անձնական կարողություններին, բայց ո՛չ Բարձրյալի ողորմությանը…       

Օրերից մի օր, անհաջողությունների սև ամպը` հորդառատ անձրևի տեսքով, տեղաց անհավատի գլխին: Նա ձայն տվեց սեփական Ես-ին, օգնության կանչեց ներքին ուժին, ապավինեց խելքին. Իզուր…   

Ավաղ, նրա ներքին մարդը միայնակ էր ու դատարկ, խեղճացած ու  անզոր: Հզոր ապտակից  դառնացած` մութն ու խավարը պատեցին նրան և անհավատը փակեց իր հոգու դռները, բայց ամուր չգոցեց այն: Եվ հանկարծ, ո՜վ զարմանահրաշ, խավարի մեջ ԼՈԻՅՍ ծագեց: ՄԽԻԹԱՐԻՉ ՁԱՅՆԸ, որ գութ է տածում բոլորի հանդեպ, բացեց նաև նրա հոգու աչքերը: Պատերը ջերմացան լույսի առատությունից, քարացած սիրտը հեծեծանքի ու զղջման աղբյուր բխեցրեց ու խոնարհված սրտով Աստծուն փառաբանեց: Եվ ահա, մարդն իր առջև պահանջ դրեց. – Ես հավատքի ամրոց պետք է կառուցեմ: Քանզի հավատն է փրկությունը:                                                                      

Եվ միթե օրհնաբանված Աստծո շուրթերը չէին, որ վկայեցին. «Զի հավատքն էր քո, որ քեզ փրկեց»:                                                                               

Սիրո և Հույսի պատվակիցը`Հավատքն է:

 

Սուսաննա Աբրահամյան

13.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․