Գրքեր

Հավիտենական երանության արժանանալու համար պետք է լինել խաղաղարար

«Երանի՜ նրանց, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն»,- ասում է Աստծո խոսքը (Մատթեոս 5:9): Լեռան Մեծ Քարոզիչը երանում է խաղաղարներին՝ նրանց խոստանալով Աստծո որդեգրությունը:

«Աստված կգա քեզ մոտ,- գրում է Ս. Իսահակ Ասորին,- միայն այն դեպքում, երբ քո սրտում Նրա համար մաքուր տեղ կլինի: Երբ սիրտդ մաքրում ես ամեն ապականությունից, խաղաղություն ես ունենում, այդ դեպքում ուրիշներին էլ ես խաղաղեցնում, հաշտեցնում միմյանց հետ: Այդ պատճառով Քրիստոս մաքուր սիրտ ունեցողներին երանի տալուց հետո, երանի է տալիս խաղաղարարներին: Այդ պատճառով մեր Տերը աշխարհ եկավ: «Նրա ձեռքով ուզեց իր հետ հաշտեցնել ամեն բան երկնքում թե երկրի վրա՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա մահվամբ» (Կողոս. 1:20): Այդ պատճառով երանի են խաղաղարարները, ովքեր իրենց խիղճը պահում են խաղաղ, ովքեր ցանկանում են լինել խաղաղության մեջ, ովքեր իրենք են առաջինը փնտրում հաշտեցում և աղոթում թշնամիների համար, որոնք ատում են խաղաղությունը (Սաղմոս 119:6): Երանի են նրանք, ովքեր աղոթում են Աստծուն ամբողջ աշխարհի խաղաղության համար, ովքեր հաշտեցնում են թշնամիներին՝ ամենուր սփռելով սեր և խաղաղություն: Բոլոր այդ խաղաղարարները նմանվում են Աստծո Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, այդ պատճառով Նա մեզ այսպիսի մեծ պատիվ է խոստանում, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն, և միայն անունով չէ, այլ իրականում կլինեն Աստծո որդիներ»:

Ավետարանի այս խոսքը լեռան պատգամ լինելուց առաջ, մարդկության բաղձանքն է: Կյանքը պայքար է, ինչպես արտաքնապես, այնպես էլ ներքնապես և որքան զարգանում ու աճում է կյանքը, այնքան այդ պայքարն ավելի զգալի է դառնում: Ժողովուրդների մեջ ավելի բուռն է պատերազմելու սերը, և խաղաղությունը երազ է թվում: Խաղաղության Քարոզիչը, վեր լինելով ամեն մտածողությունից, վսեմացրեց այդ անկարելի երազը: Քրիստոսի բերած խաղաղությունը վեր է ամեն տեսակ մարդկային մտքից և իմացումից (Փիլիպպեցիներ 4:7):

Խաղաղությունը քրիստոնեական հարացույց է. Աստված խաղաղության Աստված է (Ա Կորնթ. 14:33), և նա, ով խաղաղարար է, իր մեջ կրում է աստվածային նկարագրի նմանությունը, որով և կոչվում է «Աստծո որդի»: Աստծուն հավատացողները Աստծո որդիներն են (Հռոմ. 8:17; Գաղ. 4:5), բայց առավել ևս խաղաղարարները: Քրիստոս բերեց Իր մատնանշած խաղաղության սկզբունքները. «Խաղաղություն եմ թողնում ձեզ. Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ տարբեր է այս աշխարհի տված խաղաղությունից: Մի խռովվեք և մի վախեցեք» (Հովհ. 14:27): Նախքան այդ, Տիրոջ ընտրյալ արքա Դավիթը հաստատել է այդ. «Լսեցինք, թե ինչ է խոսում Տեր Աստվածը մեր, խաղաղության մասին պիտի խոսի իր ժողովրդի, իր սրբերի և սրտով դեպի Իրեն դարձողների հետ» (Սաղմոս 84:9): Խաղաղարարը նա չէ, ով բոլորի հետ ապրում է խաղաղ, ունի հանդարտ ու քաղցր բնավորություն: Այո, ճիշտ է, խաղաղարար են այդպիսինները, բայց երանության նկարագրին համապատասխանում են նրանք, ովքեր «ստեղծում են խաղաղություն», նրա կենդանի կրողներն ու բաշխողներն են, ակտիվորեն ջանք են գործադրում, որպեսզի մարդկանց մեջ խաղաղություն հաստատեն, մեղմ խոսքերով ջանում են հանդարտեցնել խռովարարների բարկությունը, ստեղծում են բարիք՝ որտեղ չարիք և խռովություն կա:  Մարդիկ, ովքեր ոխակալ չեն, հաշտեցնում են թշնամիներին, դժգոհությունն ու կռիվը վերածում են քաղցր զգացումի և համերաշխության: Իրականում խաղաղարարը նա է, ով լեզուն պահում է չարությունից և շուրթերը նենգություն չխոսելուց (Սաղմոս 33:14): Խաղաղարարներ են համարվում նաև նրանք, ովքեր ընկած մեղավորներին խոստովանության ու ապաշխարության են հրավիրում, նրանց փրկության ու հոգու անդորրության պատճառ դառնում: Խաղաղություն բերել, նշանակում է պատերազմել չարիքի ու թշվառության դեմ: Խաղաղարարները մարդկության մեծ բարերարներն են, գործակիցներն ու որդիները Աստծո: «Չարամիտների սրտում նենգություն կա, բայց ովքեր խաղաղություն են ուզում, ուրախ պիտի լինեն» (Առակ. 12:20):

Ըստ Պողոս առաքյալի՝ Քրիստոս է մեր հաշտարարը, որ միացրեց հրեային ու հեթանոսին՝ Իր Մարմնի զոհագործումով քանդելով նրանց բաժանող թշնամության պատը (Եփես. 2:14): Ով դրա համար և աշխարհ եկավ, որպեսզի վերականգնի խաղաղությունը. «Աստված Ինքն էր, որ Քրիստոսի միջոցով աշխարհը հաշտեցրեց Իր հետ՝ անհիշաչար գտնվելով մարդկանց մեղքերի հանդեպ և պաշտոն տվեց մեզ, որ այդ հաշտությունը պատգամենք բոլոր մարդկանց» (Բ Կորնթացիներ 5:19):

Հավիտենական երանության արժանանալու համար պետք է լինել խաղաղարար: Ոչ ոք չի կարող մեկ ուրիշին խաղաղություն փոխանցել, եթե այն չունի իր սրտում: Ինքներս մեզ խաղաղեցնելով՝ լինենք խաղաղարար և բարյացակամ բոլորի հանդեպ՝ առիթ չհանդիսանալով անհամաձայնության և վեճերի: «Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակվում են միասին»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմոս 132:1):

Եկեղեցու հայրերի մեկնաբանությամբ՝ առանց խաղաղության և մարդկանց հետ համաձայնության, հնարավոր չէ, որ մարդն ունենա խաղաղություն և համաձայնություն ինքն իր մեջ, քանի որ մերձավորի նկատմամբ անհամաձայնությունն ու գժտությունը ճնշում են մարդու մեջ եղած ազնվությունը, դարձնում նրան սառը և անզգա՝ զրկելով ներքին խաղաղությունից, երջանկությունից և ամեն բարօրությունից:

Ս. Գրիգոր Նյուսացին, գովաբանելով խաղաղությունը, ասում է. «Այն, ինչ անվանում ես հաճելի, հաճելի է այն դեպքում միայն, երբ միավորված է խաղաղությանը: Թող լինի ամեն ինչ, որ գնահատվում է կյանքում. հարստություն, առողջություն, կին, երեխաներ, տուն, բարեկամներ, ընկերներ, թող լինեն գեղեցիկ այգիներ, թող այդ ամենը լինի, բայց եթե չլինի խաղաղություն, ի՞նչ օգուտ դրանից: Տերը խաղաղարարներին Աստծո որդիներ է կոչում, քանի որ նրանք, մարդկային հասարակությանը խաղաղություն պատճառելով, նմանակում են ճշմարիտ Աստծուն: Քրիստոս պատգամում է, որ ոչնչացնենք ատելությունը, վերջ դնենք թշնամությանը, արմատախիլ անենք կեղծավորությունը, սրտից հեռացնենք հիշաչարությունը և նրա տեղում դնենք սեր, ուրախություն, խաղաղություն, բարություն, մեծահոգություն»:  

«Տեսեք,- ասում է Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննես Աստվածաբանը,- թե ինչպիսի՜ սիրով մեզ սիրեց Հայրը՝ կամենալով, որ մենք կոչվենք Աստծո որդիներ» (Ա Հովհաննես 3:1): Եվ դրանից ավելի ի՞նչ մեծ կոչում կարող էր մարդու համար լինել, քան Աստծո որդի լինելը: Աստծո որդեգրությունն ամենաբարձր սահմանն է երանության: Այս երանին հայտնում է մեզ Աստծո կողմից տրված բարձրագույն պարգևի մասին:

«Եթե մարդու հոգու խորքում մշտապես պայքար է, ապա այդ գովելի պատերազմը ուղղված է նրան, որպեսզի մարդու մեջ բարձրագույնը չհաղթահարվի ցածրագույնով, որպեսզի ցանկությունը չհաղթանակի բանականությանը: Դա այն հարկավոր խաղաղությունն է, որը պետք է քո մեջ կյանքի կոչես, որպեսզի այն լավը, որ ունես քո մեջ, իշխի ցածրագույնին: Իսկ լավը քո մեջ այն է, երբ ներկա է Աստծո պատկերը»,- ասում է երանելի Օգոստինոսը:

Այս երանիի շարունակությունը, կարելի է ասել, ամփոփված է հետևյալ տողերի մեջ. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ: Այդպիսով դուք ձեր երկնավոր Հոր որդիները պիտի դառնաք» (Մատթ. 5:44-45): «Աստված մեզ կանչեց խաղաղությամբ ապրելու համար» (Ա Կորնթ. 7:15), ուստի խաղաղությամբ ապրենք միմյանց հետ և «Այն ժամանակ խաղաղության ու սիրո Աստվածը պիտի լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13:11):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

31.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․