Գրքեր

Հայ Եկեղեցու փոթորկահույզ գիշերը

Հիսուս տեսավ, որ աշակերտները թիավարելիս հողմակոծ էին լինում, որովհետև հողմը նրանց դիմացից էր փչում… Լճի վրայով քայլելով՝ եկավ նրանց մոտ… Եվ ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ. 6.48, 50)։

Անհատների, ինչպես նաև ժողովուրդների կյանքում փոթորկալից պահերը շատ հաճախ ամենաօրհնյալ պահերն են դառնում, անշուշտ, եթե մարդ կարողանում է իրեն սերտ հաղորդակցության մեջ դնել Աստծու հետ: Այդպիսի փորձություն ունեցան աշակերտները Գեննեսարեթի լճում փոթորկալից գիշերվա ժամանակ: Նրանց անձկալից սրտի տագնապը նշանակալի առիթ էր, որպեսզի նրանք անբաժանելիորեն և սերտորեն կապվեին իրենց Տիրոջը:

Այդ գիշերվա փոթորկի պատճառով աշակերտների ունեցած տագնապն աննախընթաց էր: Նրանք նախկինում ևս ընկել էին նման փոթորկի մեջ, սակայն այն ժամանակ Հիսուս նավի մեջ էր. այս անգամ Հիսուս նավի մեջ չէր: Նրանց սարսափը մեծ եղավ, երբ վաղ առավոտյան մթի մեջ ծովեզրին մի ուրվական տեսան. Ինքը՝ Հիսուս էր: Աշակերտները Հիսուսին տեսան ուրվականի կերպարանքով և, սոսկումի աղաղակ բարձրացնելով, էլ ավելի էին շփոթվում, բայց Հիսուս նրանց հանդարտեցրեց՝ ձայնելով. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»:

Աշակերտների սարսափը փարատված էր. նրանք Հիսուսին իրենց նավի մեջ առան, երբ արդեն հասնում էին այն երկիրը, ուր ուղևորվում էին: Ինչպիսի՜ վսեմ պատկեր և՛ պարզ մտքի, և՛ արվեստագետ մարդու երևակայության համար, երևակայություն, որն իր վրձնով գեղեցիկ երանգներ կարող էր հաղորդել այդ «ալեկոծված» ճամփորդությանը: Վսեմ պատկեր նաև մարդու սրտի համար, որը փրկարար դասեր կարող էր քաղել: Հայ Եկեղեցու ներկա փոթորկալից գիշերվա մեջ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ահա այս գրավիչ պատկերին:

Ավելորդ է ասել, որ Ավետարանի այս կտորը պատմական ու իրական է: Մեկնիչները կարող են տարակարծիք լինել մանրամասնությունների հարցում, սակայն պատմության հիմքն իրական է, իրական է աշակերտների՝ փոթորկի մեջ հայտնվելը, իրական է առավոտյան կողմ ուրվականի տեսքով Հիսուսի երևալը, իրական է այդ իրադարձության ավարտին աշակերտների՝ Հիսուսի ներկայությամբ վայելած ուրախությունն ու խաղաղությունը:

Այս ամենը իրապես տեղի է ունեցել, քանի որ Մարկոսը Պետրոսից լսածն է գրի առել: Մյուս կողմից էլ, եթե Ավետարանի այս էջը մի սքանչելապատում առակ համարենք, կտեսնենք, որ առակի յուրաքանչյուր մասնիկը պարունակում է հրաշալի ուսուցումներ և մխիթարական հրահանգներ, որոնցից հավատացյալ քրիստոնյան մեծ օգուտներ կարող է քաղել: Արդ փորձենք ի հայտ բերել աշակերտների փոթորկահույզ ճամփորդության և Հայ Եկեղեցու մրրկահույզ տագնապի նմանությունները:

Հայ Եկեղեցին իսկապես մրրկահույզ ժամանակաշրջան է ապրում Հայկական Խորհրդային Հանրապետության Սահմանադրության ա՛յն օրենքի գործադրման պատճառով, համաձայն որի պետականացվել են եկեղեցական ու կրոնական բոլոր հաստատությունները և շենքերը: Այս պարագան Հայ Եկեղեցու համար ճգնաժամ է մի շարք պատճառներով, սակայն առանց հապաղելու ասենք, որ հենց այս րոպեից սկսած պատեհ առիթ է ներկայանում Հայ Եկեղեցու բարեկարգության ու վերակազմության մեծաշահ և օգտավետ գործի համար:

Պետությունը Եկեղեցու շինությունների վրա ձեռք դնելով չէ, որ իր ճանկերում կխեղդի բուն Եկեղեցու ոգին, ինչպես կարծում են ոմանք, այլ դեռ իր այդ վարքագծով մեծապես կնպաստի հիրավի կենդանի ու ժողովրդական Եկեղեցու վերաշինությանը: Եկեղեցու շենքերը պետականացնելով բուն Եկեղեցին չի «գրավվում»: «Եկեղեցի» կոչվածը շենքը չէ, Եկեղեցին ժողովրդի զորեղ ոգին է: Եկեղեցին միության, սիրո, սրբության և քրիստոնեության ոգին է, և որքան Եկեղեցին ազատվում է նյութական կապանքներից, այդքան այս ոգին զորանում է, իսկ նյութական կապանքներից ազատվելու «փրկարար միջոց»-ը Եկեղեցու շենքերի պետականացումն է:

Գալիլիայի փոթորկահույզ ծովում աշակերտներին սպառնացող մրրկածուփ ալիքների նման մեր առջև էլ են բարձրանում ու լեռնանում մի շարք դժվարություններ, և մենք սոսկումով ու անձկությամբ հարցնում ենք. «Ներկա պայմաններում ինչպե՞ս պիտի փրկենք Եկեղեցին, ինչպե՞ս պիտի հասնենք բաղձալի նպատակին, մանավանդ հիմա, երբ երկրային բոլոր զորությունները կարծես դուրս են եկել Եկեղեցու դեմ: Նրանք չեն բավականանում պետության և Եկեղեցու բաժանման օրենքը գործադրելով, այլ դիմում են Եկեղեցին տկարացնելու միջոցներին»:

Սակայն իրականում բոլոր այդ արտաքին դժվարությունները նախապատրաստում են Եկեղեցու հաղթանակը: Այդ աննպաստ հողմերը նույնիսկ Եկեղեցու վերածնունդին ու վերակենդանացմանն են նպաստում: Մենք ուզում ենք, որ Եկեղեցին հաղթանակներ տոնի, փայլատակի, փառավորվի, թշնամիների ահ ու սարսափը լինի: Ուզում ենք, որ Եկեղեցու «դատին» մասնակից լինեն նաև գիտնական մտքեր, իմաստասերներ, որ ամբոխն իր ծափահարություններով ուժ տա:

Մի՞թե մոռանում ենք, որ Քրիստոս դիմադրությունների հանդիպեց, ձախողումները հաջորդեցին մեկը մյուսին, բայց ի վերջո Նա հաղթանակ տարավ: Հիսուսի աշակերտների նման մենք ևս զարմանում ենք, որ հողմը մեր դեմ է, և ալիքները սպառնում են մինչև իսկ խորտակել Եկեղեցու նավը: Սակայն մի՛ ասեք, թե Տերը մոռացել է: Ոչ մի դեպքում մի՛ դադարեք մաքուր պայքար մղելուց: Մի՛ հուսահատվեք:

Հավատքով առաջ ընթացեք և վստահ եղեք, որ Տերը Ձեզ հետ է: Երբ Հիսուս Իր աշակերտներին ասաց. «Գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին», ապա բնավ չհավելեց, որ աշխարհի գիտունները Ձեզ հետ պիտի լինեն, Աթենքն ու Հռոմը իրենց դռները պիտի բացեն Ձեր առաջ: Նրանց չխոստացավ բազմության ծափողջույնները, այլ պարզապես ասաց. «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»: Նա Ինքը բավական էր յուրայիններին: Այո՛, Դու, ո՜վ աստվածային Տեր և Վարդապետ, միայն Դու կարող ես մեր Եկեղեցուն ուժ և փրկություն տալ:

Իմ սրտագին փափագն է մտահոգ ու վհատված հայրենակիցներիս արիություն ներշնչել և ցույց տալ, որ ապագային պիտի նայել ուրախալի լավատեսությամբ: Սա ասում եմ՝ համոզված լինելով, որ օգուտ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր թերևս չէին սպասում նման անակնկալ փոթորկի:

Եկեղեցին առաջին դարերում հազիվ հաջողություններ էր գրանցում, բայց ահա սկիզբ են առնում անասելի հալածանքները, սպանություններն ու նահատակությունները: Մշակները հոշոտվում են, հունձքը՝ այրվում: Գուցե մենք ինքներս մեզ ասենք. «Ինչո՞ւ է Աստված թույլատրում, որ Եկեղեցին վտանգվի, ինչո՞ւ Նա, Ով Եկեղեցու Տերն է, չի հանդարտեցնում փոթորիկը և չի «փշրում» թշնամու ալիքները»:

Ահա մի հարցադրում, որից խուսափելը պատիվ չի բերի մեզ: Մենք տեսնում ենք, որ անհավատներն ու կասկածամիտները օր-օրի ավելանում և սպառնալիք են դառնում Եկեղեցու համար: Եկեղեցու սպասավորներն էլ ասես ապիկարացել ու շվարել են և մտածում են, թե ինչպե՞ս կարելի է դիմակայել այդ սպառնալից ալիքներին:

Նախ՝ պիտի գիտենանք, որ Հիսուս առաջինն Ինքը եղավ Եկեղեցին պետությունից զատորոշողը, երբ ասաց. «Տվե՛ք կայսրինը կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն»: Բավական է միայն, որ պետությունն ապահովի խղճի ազատությունը, եթե հարկ լինի նույնիսկ բռնի ուժով, և եթե պետության մեջ ապահովված լինի խղճի ազատությունը, այդժամ Եկեղեցին փրկված կլինի և այլևս կկարողանա տարածել սիրո, եղբայրության, արդարության, աստվածային ճշմարտության սկզբունքները, որոնց պահապանն իսկ է և իբրև գործիք ունի այն սուրը, որ Աստծու խոսքն է, և այն Խաչը, որ զոհողության ու սիրո նշանն է:

Երբ Եկեղեցին հեռանում է իր կոչումից ու հոգևոր ասպարեզից և մտնում է քաղաքական դաշտ, նա շեղվում է իր վսեմ առաքելությունից ու վտանգի առջև է կանգնում: Եկեղեցին կարող է արժանանալ պետության քաջալերությանը և համակրանքին, սակայն մշտապես պիտի լուրջ ու չեզոք լինի և «չվստահի» քաղաքական համակրանքին ու ամբոխի քաջալերությանը:

Երկրորդ՝ պիտի ասեմ, որ Եկեղեցին չպիտի միջամտի ազգային խնդիրներին։ Իմ այս խոսքը ոմանց համար թերևս «ախորժելի» չթվա, սակայն իսկապես սխալ է ազգային շահերը նույնացնել Եկեղեցու շահերին կամ էլ Եկեղեցին ազգային շահերի գործիք դարձնել, ինչպես վերջին հիսուն տարիների ընթացքում է լինում։ Իմ աչքի առաջ այնպիսի՜ դեպքեր տեղի ունեցան, որոնց հանդեպ ես ցավով բողոք բարձրացրի․ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու նպատակով եկեղեցիները փակվեցին, իսկ պաշտամունքը դադարեցվեց, որպեսզի այդպիսով «լուծվի» ազգային դատը։ 

Դա մեծագույն սխալ էր և ինչպիսի՜ վիրավորանք մեր Փրկչի անվան ու Ավետարանի հանդեպ․ եկեղեցին չի կարող փակվել ազգային դատի պաշտպանության համար։

Երրորդ՝ պետք է գիտենանք, որ Եկեղեցին սկզբունքորեն հակառակ չէ և չի էլ կարող հակառակ լինել Խորհրդային Հանրապետության վարչաձևերից որևէ մեկին․ բավական է միայն, որ Հանրապետությունը «չկաշկանդի» խղճի և կրոնի ազատությունը։ Եկեղեցու դեմ պայքարող պետությունը դադարում է պետություն լինելուց և վերածվում է կրոնական աղանդի։

Խոստովանենք, որ հայկական պետության քաղաքացիների մեջ լուրջ և անձնվեր հեղինակություններ կան, որոնք մտածում են և՛ երկրի, և՛ պետության մասին։ Նրանք երբեք Եկեղեցին հալածելու ծրագիր չունեն։ Բայց այս պանծալի անձանց կողքին ցավոք կան այնպիսի մարդիկ, որոնք, քաղաքականությամբ զբաղվելով, հետապնդում են իրենց սեփական շահը, և առանց որևէ մեկին վիրավորելու կարող ենք ասել, որ եթե կա ճշմարտապես հայրենասիրական ու անձնվեր նկրտումներ ունեցող վսեմ քաղաքականություն, կա նաև մեկ ուրիշ քաղաքականություն, որը ոչ մի կերպ նման չէ առաջինին։

Հանրավարական այնպիսի հոսանքներ կան, որոնք բացահայտորեն հակառակ են ավետարանական սկզբունքներին։ Ատելություն, ոխ, նախանձ, անհատական և հավաքական եսասիրություն, որոնք հակառակ են քրիստոնեական բարոյականությանը։

Արդ եթե Եկեղեցին դիմագրավի այդ ատելությանն ու թշնամանքին՝ բարոյական զորության, անձնվիրության, սրբության, սիրո և միության վսեմ առաքելությանը հավատարիմ մնալով, չի ուշանա այն օրը, երբ նույնիսկ Եկեղեցու հակառակորդները մեծարանք կընծայեն նրան, կգիտենան Եկեղեցու բարեխիղճ ճիգերն ու ջանքերը, և մի՞թե դա Եկեղեցու համար հաղթանակի սկիզբը չի լինի։

Երբ ասում ենք, որ Եկեղեցին չպիտի միջամտի ազգային հարցերին, դա նշանակում է, որ այն առավելաբար պիտի կարողանա ազգի առջև բացել հավիտենականության դռները։ Եկեղեցին չպիտի ազգը զբաղեցնի այնպիսի հարցերով, որոնք օրվա, ամսվա կամ տարվա «վավերականություն» ունեն։ Եկեղեցին պիտի վեր լինի մեր անցավոր և ախտավոր վեճերից ու պիտի ցույց տա մեզ այն լուսապայծառ հորիզոնը, որտեղից հոգին կարող է տեսնել հավիտենականության մեծասքանչ իրականությունը, ա՛յն իրականությունը, որն անանց է, մեզ հաղորդակցում է Աստծուն և վերջապես ազնվացնում է մարդուն։

Դա պետության գործը չէ, դա բուն Եկեղեցու գործն է և Եկեղեցին պիտի ջանա իրագործել հոգևոր այս ծրագիրը։ Պետությունը մարդուն կարող է դիտարկել միայն ֆիզիկական և իմացական ներկա կացության մեջ, այն մարդուն կարող է ապահովել միայն այնտեղ, որտեղ մարդ ապրում և բարգավաճում է։ Պետությունը միայն հաստատում է մարդուն այն միջավայրում, որտեղ մարդ պարտավոր է պաշտպանել սեփական շահերը  և մասնակցել երկրի քաղաքական կյանքին։ Պետությունը ապահովում է պաշտպանության այն միջոցները միայն, որոնք առնչվում են հանրության հասարակական շահերին։

Երբ ասում ենք, որ Եկեղեցին չպիտի միջամտի ազգային հարցերին, չենք ուզում ասել, որ եկեղեցականները ազգանվեր ու հայրենասեր չպիտի լինեն։ Որքան Եկեղեցին, նույնքան էլ ազգն ու հայրենիքը պիտի սիրելի լինեն, և ո՞վ կարող է մարդու սրտից հանել այդ զգացումներն այն դեպքում, երբ մարդն արդեն իսկ ընտանիքի զավակ է։ Հիսուս էլ հայրենասեր էր։ Երուսաղեմի համար Նրա լացը հայրենասիրության դրսևորում էր (Ղուկ․ 19.41)։

Պողոս առաքյալը ազգասիրական զգացում է փոխանցում, երբ հռոմեացիներին գրում է․ «որովհետև ես ինքս երդումով փափագում էի նզովվել Քրիստոսից իմ ազգակից եղբայրների և բարեկամների համար» (Հռոմ․ 9.3)։ Ո՞վ կարող է մարդու սրտում բաժանել հայրենիքի ու ազգի նկատմամբ տածած զգացումները։

Եկեղեցականը նյութական շինության պաշտոնյան լինելուց ավելի ժողովրդի մարդը պիտի լինի, նա պիտի ապրի ժողովրդի ցավերով՝ վեր կուսակցական և քաղաքական բոլոր հաշիվներից, որպեսզի կարողանա առանց խտրության ամենքին օգտակար լինել։ Նա ամեն ինչից առաջ իր մտածմունքի առարկան պիտի դարձնի կրոնական և բարոյական շահը, քանի որ այդպվես վարվող մարդն ինքնին ժողովրդին առաջնորդում է իր ազգային ու քաղաքական շահերի պաշտպանությանը։

Եկեղեցականը պիտի դառնա սիրո և ճշմարիտ սրբության օրինակը, նա պիտի արթնացնի քնած խղճերն ու զբաղվի ժողովրդի սոցիալական շահերով։ Նա պիտի գիտենա արիաբար վտանգել ինքն իրեն բոլոր արդար ու իրապես բարի դատերի համար՝ հանուն բարոյական ազատագրման և հոգու փրկության։

Որքան ժամանակ Եկեղեցին իր սպասավորներով իրականացնի այս ծրագիրը, վստահ եղեք՝ թիավարելու գործը նվազ խրթին կդառնա, քանի որ հողմը կդադարի, և խաղաղությունը, իրական խաղաղությունը կտիրի ամենուր։

Եկեղեցին իր ուժն ու կենսունակությունը պիտի ստանա իր Առաջնորդից, իր Գլխից։ Վերջին հիսուն տարիների ընթացքում ի հայտ եկան ուշագրավ և հարգարժան եկեղեցական գործիչներ, որոնք քաղաքական հարցերի մեջ մտան և կուսակցությունների խորհուրդներով շարժվեցին՝ այդ վարքագծով մեծապես վտանգելով իրենց վստահված ժողովրդի կեցությունը։ Նրանք գործիք դարձան թե՛ օտար պետությունների, թե՛ ազգային-քաղաքական գործիչների ձեռքին։ Մինչդեռ եթե հավատարիմ մնային «եկեղեցականը՝ Եկեղեցուց ներս» նշանաբանին, կխուսափեին տխուր հետևանքներից։

Մեր Եկեղեցու հոգևոր առաջնորդները պիտի հեռու մնան քաղաքական կամ ազգային որևէ գործից։ Նրանք միայն Հիսուս Քրիստոսից պիտի ներշնչվեն։ Միայն Քրիստոսով պիտի վստահություն ներշնչեն իրենց և այն պետության շուրջ, որի քաղաքացին որ են։

Նրանք պիտի կրթված լինեն ավետարանական դաստիարակությամբ և իրենց հանձնված հոտին պիտի առաջնորդեն դեպի Եկեղեցու Գլուխ Հիսուս Քրիստոս, և ոչ հայրենիք։ Հայրենիքի մասին խոսողը քաղաքական գործիչն է, նրա՛նն է ժողովրդին հայրենասիրական զգացումներով ոգևորելու գործը։

Եկեղեցականը ժողովրդի հոգում պիտի ձգտում ստեղծի սրբության, արդարության, բարության, սիրո և վերջապես Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Այդ ձգտումը մեծապես կհեղաշրջի ու կկերպարանափոխի ամեն բան։ Երբ մեր կյանքի փոթորիկներում ձգտենք մարմնացյալ Աստվածությանը, այնժամ հետզհետե կհամոզվենք, որ Նա ուրվական, երևակայական դեմք չէ, այլ՝ իրականություն։ Որքան ձգտենք կատարել Նրա կամքը, այնքան լուսապայծառ կերևա Նա, և փոթորիկը հետզհետե կհանդարտվի, իսկ Եկեղեցու նավը առավոտյան շողացող արևի ճառագայթների ներքո կհասնի բաղձալի նավահանգիստ։

 

Տեր Ղևոնդ եպսԴուրյան, «Պարզ քարոզներ», Դ հատորՓարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

07.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․