Գրքեր

Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանն ուղղված երիտասարդների ուխտի ուղին

Անցողիկ այս աշխարհը կարիք ունի իրական խաղաղության և մխիթարության, ինչը հնարավոր չէ ձեռք բերել ո՛չ փառքի, ո՛չ հարստության և ո՛չ էլ հաճույքների միջոցով: Իրական խաղաղության աղբյուրը Աստված է: Աստվածորդին, Իր խոսքն ուղղելով Իր հետևորդներին, ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովեն, և չվախենաք» (Հովհ 14:27):

Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանն էր ուղղված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական ուխտագնացությունը: Օգոստոսի 1-ին երիտասարդները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուղևորվեցին Գուգարաց թեմի սրբավայրեր: Մինչ ճանապարհ ընկնելը «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանն օրհնեց երիտասարդներին: Նրանց աղոթքի ուղին հագեցած էր տարբեր թեմաների վերաբերյալ ծավալված հոգևոր զրույցներով:

Առաջին սրբավայրը, որտեղ երիտասարդները միասնական աղոթքի կանգնեցին, Սուրբ Պատարագին մասնակցելով, Սանահինի վանական համալիրն էր (10-րդ դ.): Պատարագիչը՝ վանքի հոգևոր սպասավոր Տեր Մասիս քահանա Առաքելյանը, քարոզին անդրադառնալով աղոթքի կարևորությանը, մասնավորաբար ասաց. «Որքան կարևոր է ծնողի ու զավակի միջև եղած երկխոսությունը, այնքան էլ կարևոր է Երկնավոր Հոր և Իր զավակների միջև եղած երկխոսությունը: Պատկերացնենք, թե որքան է ցավում Երկնավոր Հոր սիրտը, երբ Իր զավակները մոռացության են մատնում Իրեն՝ ընկնելով աշխարհիկ հաճույքների և հույժ պատրանքների հետևից: Ուստի գիտակցենք մշտական աղոթքի կենսունակությունը և խորհենք, թե բավարար չափո՞վ ենք զրուցում մեր Երկնավոր Հոր հետ»:

Ս. Պատարագի ավարտին Տեր Մասիսը հոգեհանգստյան կարգ կատարեց՝ ի հիշատակ Արցախյան գոյամարտում նահատակված զինվորների: Արարողությունից հետո Տեր Հայրը երիտասարդ ուխտավորներին ներկայացրեց Սանահին վանական համալիրի պատմությունը: Այնուհետև երիտասարդները համախմբվեցին սիրո ճաշի շուրջը: Հաջորդ սրբավայրը, որ կրկին միասնական աղոթքով համախմբեց երիտասարդաց միության անդամներին, Հաղպատի վանական համալիրն էր (10-րդ դ.):

Ինչպես մի քանի վառված մոմերի միջոցով փարատվում է խավարը և շուրջբոլորը ջերմություն տարածվում, այնպես էլ Քրիստոսի հետևորդների հավատն ու միասնական աղոթքը մեծ ուժ և զորություն ունի: Այս ճշմարտության մասին Սուրբ Գիրքը բազմիցս է վկայում: Քրիստոս բուժեց անդամալույծին՝ տեսնելով նրա չորս ընկերների հավատքը: Իրենց ամուր և անհողդողդ հավատի շնորհիվ նրանք ստացան իրենց ակնկալածը (Մատթ. 9:1-9): Երբ Պետրոս առաքյալը ձերբակալվեց և բանտում հսկողության ներքո էր, եկեղեցին անդադար աղոթում էր նրա համար: Եվ միասնական աղոթքի պատասխանը չուշացավ. Աստված հրեշտակի միջոցով կրկնակի շղթաներով կապված Պետրոսին ազատեց բանտից (Գործք Առ. 12):

Քրիստոս Իր հետևորդներին կոչեց միասնական աղոթքի. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. 18:20): Աստծուն հաճելի է միաբան և ապրումակցող հոգին: Երբ սուրբ օրով սուրբ վայրում Սուրբ Պատարագին մասնակից քրիստոնյաները միասնական աղոթք են հղում առ Աստված, նրանց աղոթքին միանում են նաև հոգևորականների, սրբերի և հրեշտակների աղոթքը: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Կարող ես տանն էլ աղոթել, բայց այդ աղոթքը չունի այն մեծ ուժը, քան եկեղեցում ասված աղոթքը, երբ եկեղեցու ողջ մարմինը հոգևորականների ներկայությամբ միաբան և միաձայն ներում է հայցում Տիրոջից՝ ազգի աղոթքը Երկինք առաքելով»:

 

Կարինե Սուգիկյան

 

03.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․