Գրքեր

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա քարոզ

«Երանեալ է այր որ համբերիցէ փորձանաց. զի եթէ ընտիր ևս գտանիցի, առցէ զպսակն կենաց՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց տէր»:

«Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին» (Հակոբոս 1:12):

​Սիրելի՛ քույրեր և եղբայրներ.

​Ավետարանական այս խոսքերը լիովին վերաբերում են 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ նահատակված հայորդիներին, որոնց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դասել է սուրբերի շարքը, և որոնց հիշատակության օրն է այսօր: Նրանք նահատակվեցին «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»: Նրանք փաստեցին, որ իրենց հավատքն առ Աստված կենդանի հավատք է՝ աննկուն և աներեր, և ոչինչ ու ոչ ոք չի կարող սասանել այն:

1915 թվականին նրանք կարող էին ընտրել կյանքն ու բարեկեցությունը, սակայն գերադասեցին մահը՝ քրիստոնյա անունը կրելով, քան կյանքը՝ Քրիստոսին ուրացած: Մեր Տերն ասում է. «Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» (Մատթեոս 16:26): 20-րդ դարասկզբին հայ ժողովուրդը կարող էր հրաժարվել իր հավատքից և շահել այս կյանքը, որ սահմանափակվում է ընդամենը այս աշխարհի ժամանակային և տարածական պատկերացումներով: Հրաժարվել հավատքից նշանակում էր ուրանալ Հիսուս Քրիստոսին, ուրանալ սեփական ազգությունը և ձուլվել թուրք ժողովրդին: Սակայն նա իր նախնիների պես դարձավ և ապացուցեց, որ Քրիստոսի ճշմարիտ հետևորդն է, որ կարող է և՛ խոսքով, և՛ գործով վկայել իր հավատքը: Չվախեցավ նրանցից, որ «մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթեոս 10:28):

​Հայ ժողովուրդը այդ օրհասական պահին մեկ անգամ ևս ապացուցեց, որ պատրաստ է իր խաչը վերցնել և գնալ Քրիստոսի հետևից՝ աներկբա հավատալով, որ ով որ կորցնում է իր անձը հանուն Հիսուս Քրիստոսի, կգտնի այն (Մատթեոս 10:38,39): Հինգերորդ դարում պատմության մեջ արձանագրված, հավատքի համար մղված կենաց-մահու պատերազմը 20-րդ դարում նույնպես վկայվեց հանուն հավատքի մարտիրոսվելու պատրաստակամությամբ: 

​Սիրելինե՛ր, Ավագ ուրբաթ օրը մենք տիեզերքի Արարչի թաղման կարգն ենք կատարում, որովհետև իսկապես խաչի վրա Հիսուս մահացավ, թաղվեց, սակայն մենք գիտենք, որ մահը ժամանակավոր է, և Քրիստոս երրորդ օրը հարություն է առել և մենք՝ աշխարհի քրիստոնյաներս, ցնծությամբ տոնելու ենք երբևէ եղած ամենաավետաբեր տոնը՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարությունը: Ուրբաթ տխրում ենք, կիրակի ուրախանում: Այդպես է և քրիստոնյայի կյանքը, կարճատև է նրա տխրությունը, որովհետև, Աստծո զավակը լինելով, նա հարատև չի մնում տառապանքների ու ցավերի մեջ, ինչպես նաև փորձության և տխրության ճիրաններում: Նույնիսկ մահն է անզոր խորտակելու նրա կյանքը, քանի որ Աստված հավերժ է և հավերժական կյանք է խոստացել նաև Իրեն հավատացողներին:

Երբ Քրիստոս խաչի վրա էր, նրան ծաղրում էին և ձեռք առնում՝ ասելով. «Եթե  Աստծու Որդի ես, իջի՛ր այդ խաչից» (Մատթեոս 27:40), կամ՝ «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել» (Մատթեոս 27:42), սակայն եկավ ժամանակը, և Նա հարություն առավ, ապացուցեց, որ Աստծո Միածին Որդին է և Աստված, ու դարեր շարունակ Իր վարդապետությամբ անպարտելի է ու անխորտակելի՝ Նրա թագավորությունը:

Այդպես էլ մեր ժողովրդի վարքագրությունն է, չարչարանքներին ու պատերազմներին հաջորդում են փառաց պսակն ու հարությունը: Սկզբում կարող է թվալ, թե հաղթանակը չարչարողինն է և մարդասպանինը, մինչդեռ այդպես չէ: Փաստն այն է, որ մենք այսօր տոնում ենք մեր հաղթանակի և հարության տոները, մենք ուրախանում ենք այն մտքով, որ մեր նահատակները Երկնային թագավորի կողմից արժանացել են փառաց պսակին, և որ մեր ժողովուրդը չի ոչնչացել և շարունակում է իր գոյությունը:

Եվ այսօր մենք, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակության օր սահմանելով, պետք է գիտակցենք մեր ազատության և անկախության գինը: Այսօր, երբ մեզ մեր երկրում ոչ ոք չի հարկադրում ուրանալ կամ հրաժարվել մեր հավատքից, մենք հեշտությամբ և անգիտակցաբար չպետք է մերժենք և ժխտենք մեր քրիստոնեական ճշմարիտ հավատքը՝ իր արժեքներով, չպետք է մեր ազգային վերելքի ճանապարհին քրիստոնեությունը համարենք խոչընդոտ կամ արգելք, քանի որ Աստվածաշնչյան պատգամները երբեք ժամանակավրեպ չեն, երբեք ի վնաս մեզ չեն կարող լինել, այլ միայն կարող են նպաստել մեր ժողովրդի վերելքին և բարգավաճմանը:

Մենք օտար արժեքներով ու գաղափարախոսությամբ չենք կարող մեր ազգային ըմբռնումներին ու պատկերացումներին ձև և բովանդակություն հաղորդել, որովհետև մեր ժողովրդի աշխարհընկալումը սերտաճած է ավետարանական պատվիրաններին ու քրիստոնեական բարոյական արժեհամակարգին: Հետևաբար՝ այսօր հավատքի և հայրենիքի համար պայքարը ընթանում է նաև գաղափարական դաշտում: 

Սիրելինե՛ր, այս տարի, երբ վեհափառ հայրապետը հայտարարել է ընտանիքի տարի, մենք մեր աղոթքն ու օրհնությունն ենք բերում մեր ընտանիքներին, որպեսզի աճեն և բազմանան, օրհնվեն որդեծնությամբ: Եվ մաղթում ենք, որ մեր ժողովուրդը՝ որպես հարուցյալ ազգ, բազմանա իր զավակներով, լիանա և լցվի շնորհաշատ օրհնություններով ու բարօրությամբ, մեր պապերի կողմից մեզ իբրև ժառանգություն հասած մեր երկիրը թող բարգավաճի խաղաղ երկնքի ներքո «ի շինութեան, ի խաղաղութեան և յանսասանութեան»:

Թող մեր Տերը, որ հարություն պարգևեց մեր ժողովրդին, լուսավորի նաև մեր խորհուրդներն ու մտքերը, մեր բանականությունը սթափեցնի Իր պատվիրանների լույսով, որպեսզի, հասկանալով և գնահատելով քրիստոնեական բազմադարյան մեր արժեքները, տուրք չտանք սնոտի գաղափարներին և ժամանակավոր արժեքներին ու մերժենք Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարանը, որ ավանդեցին մեզ մեր հայրերը, այն Ավետարանը, որի նմուշօրինակները փրկելու համար Մեծ Եղեռնի ժամանակ մարդիկ վտանգի ենթարկեցին ու նույնիսկ չխնայեցին իրենց կյանքը:   

Թող Տերը Մեծ Եղեռնի ժամանակ նահատակված և մարտիրոսված իր սուրբերի բարեխոսությամբ մեզ աննկուն հավատք շնորհի, որպեսզի կարողանանք հաղթահարել քրիստոնեական հավատքի արդի խոչընդոտներն ու արգելքները, կարողանանք գնահատել և փայփայել մեր սուրբ եկեղեցին, որի համար արյուն հեղեցին նրանք:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

24.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․