19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Հայրերի վարքից

1. Մի ճգնավոր ձանձրացավ ջրի գնալու դժվարությունից: Ջրհորը քսան մղոն հեռու էր իր կացարանից, և որոշեց կացարանը շինել ջրի մոտ: Եվ երբ այդ մտածելով գնում էր, ետ նայելով տեսավ Աստծո հրեշտակին, որը հաշվում էր իր քայլերը, որպեսզի վարձք տա իր ջանքի համար: Եվ ճգնավորը գնաց, հեռացրեց կացարանը ևս հինգ մղոնով («Հարանց Վարք»):

2. Թեբիայում բնակվող մի երևելի ճգնավոր, սովորություն ուներ ամեն երեկո խրատելու իր աշակերտին, աղոթելու նրա համար և ապա միայն ուղարկելու քնելու: Մի անգամ պատահեց, որ խրատելու ժամանակ ծերը քնեց: Իսկ աշակերտը յոթ անգամ նեղվեց խորհուրդներից, որոնք նրան համոզում էին գնալ և նույնպես քնել: Սակայն նա դիմացավ և չգնաց: Երբ ճգնավորը զարթնեց, Տիրոջից երազով իմացավ, որ իր աշակերտը յոթ պսակի արժանացավ («Հարանց Վարք»):

3. Քրիստոնյայի գործն է միշտ հիշել և աչքի առաջ ունենալ Քրիստոսի չարչարանքները, որ մեզ համար կրեց, և ապերախտ չլինել Աստծո մարդասիրության հանդեպ: Այսպիսին էր հայր Ստեփանոսը: Մի օր նրա մոտ եկան երեք ծեր և խոսեցին հոգու փրկության մասին: Իսկ նա միշտ լուռ էր: Եվ ասացին նրան.»Ինչո՞ւ չես խոսում, չէ՞ որ հոգևոր օգուտի համար եկանք քեզ մոտ»: Իսկ նա պատասխանեց՝ ասելով. «Ներեցեք ինձ, ես չհասկացա, թե ինչ էիք խոսում, սակայն ինչ որ ունեմ, այն կտամ ձեզ: Գիշեր-ցերեկ ոչինչ չեմ տեսնում, այլ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ այն էլ խաչին գամված»: Ծերերն այս լսելով շատ շահեցին և Աստծուց գոհանալով գնացին իրենց սենյակները («Հայելի Վարուց»):

4. Մի վանահայր իր վերակացության տակ ուներ տաս վանական: Այս վանականներից մեկը շատ անհոգ էր և իր փրկության համար ոչ մի ջանք չէր թափում: Ծերը հաճախ այցելելով նրան, խնդրում էր. «Եղբայր, ջանա հոգուդ փրկության համար, որովհետև, եթե մահանաս այդ ապրելակերպի պատճառով, հավիտենական տառապանքներից չես խուսափի»: Սակայն եղբայրը միշտ անհնազանդ էր գտնվում ծերի հանդեպ և չէր լսում նրան: Եվ մահը հանկարծահաս ելավ նրա վրա: Վանահայրը շատ տխրեց եղբոր համար, քանի որ նա ապրեց մեծ ծուլությամբ և անհոգությամբ: Վշտից աղոթքի մղվելով, նա ասաց. «Տեր Հիսուս Քրիստոս, մեր Աստված, ցույց տուր ինձ եղբոր հոգին»: Եվ այսպես երկար աղոթեց: Մի անգամ աղոթքի ժամանակ ընկավ տեսիլքի մեջ և տեսավ մի կրակե գետ, գետի մեջ բազմաթիվ մարդկանց, որոնք կրակի մեջ պապակվելով, տառապալից տնքում էին: Իսկ նրանց մեջտեղում իր վանականին, որ մինչև վիզը մխրճված էր կրակների մեջ: Վանահայրը ասաց աշակերտին. «Օ՜հ, եղբայր և որդի, մի՞թե չէի աղաչում, որ հոգ տանես հոգուդ համար, որպեսզի չընկնեիր այս տառապանքների մեջ»: Եղբայրը պատասխանեց. «Փառք եմ տալիս Աստծուն այն բանի համար, որ քո աղոթքներով գոնե գլուխս կրակից դուրս մնաց» («Հարանց Վարք»):

5. Անապատի խորքում ապրում էր մի ճգնավոր, որ երկար տարիներ իր անձը վարժեցնում էր պահեցողության և այլ հոգևոր սխրանքների: Նրա մոտ եկան մի քանի եղբայրներ և զարմանալով նրա ապրելակերպի վրա, հարցրեցին. «Հա՛յր, ինչպե՞ս ես դիմանում այս չոր, անպտուղ և անհարմար վայրում»:

Ծերը պատասխանեց. «Բոլոր ճգնությունները, որ այսքան տարի ես կրում եմ այստեղ, չեն կարող համեմատվել գեհենի տառապանքների մեկ ժամվա հետ: Պետք է մեր այս կարճ կյանքի ընթացքում ջանք գործադրենք, պայքարելով մեր մարմնավոր կրքերի դեմ, որպեսզի ձեռք բերենք անանց հանգիստը գալիք հավիտենական կյանքում» («Հարանց Վարք»):

6. Երբ ես սկսեցի ապրել անապատում, ասացի աբբա Մովսես Լիբիացուն, այնտեղի ծերերից մեծագույնին, որ երեկ ես շատ մեծ թուլության  մեջ էի ընկել ձանձրույթի պատճառով և ոչ մի կերպ չէի կարողանում նրանից ձերբազատվել մինչև որ չհանդիպեցի աբբա Պողոսին, իսկ նա ասաց. «Ոչ, դու չազատեցիր քեզ նրանից, այլ առավել ես տրվել և ջանացել նրա համար: Քանզի այդ բանից հետո նա էլ առավել ուժգնությամբ կհարձակվի քեզ վրա, որպես վախկոտի և փախստականի, տեսնելով, որ դու պարտվելով պատերազմում, նույն պահին փախար: Այլ հարկ էր պայքարի մեջ մտնել նրա հետ և ջանալ ետ մղել նրա հարձակումները՝ ոչ խուցդ թողնելով և ոչ էլ խոր քուն մտնելով, այլ համբերությամբ և նրան դիմակայելով»: Եվ այսպես, փորձով է ապացուցված, որ ձանձրույթի հարձակումից ոչ թե փախուստով է պետք ձերբազատվել, այլ հակամարտելով հաղթանակել (Հովհաննես Քասիանոս):

7. Մի գիշեր՝ սատանան բախեց հայր Մակարի խցի դուռը և ասաց. «Ոտքի ել, հայր Մակար, գնանք մասնակցելու ժամերգության աղոթքին, ուր եղբայրները հավաքվել են հսկման համար»: Բայց նա, Աստծո շնորհով լի և խաբեության ենթարկվել չկարողանալով, հասկացավ, որ խոսքը վերաբերվում է սատանայի նենգություններից մեկին: Ասաց. «Ստախոս և ճշմարտության թշնամի: Ի՞նչ գործ ունես դու ժամերգությունների և սրբերի հավաքի հետ»: Բայց սատանան պատասխանեց. «Չգիտե՞ս, Մակար, որ առանց մեզ չեն կատարվում ոչ ժամերգությունները, ոչ էլ վանականների հավաքները: Եկ, ուրեմն, և կտեսնես մեր գործերը»: Այնժամ Մակարը պատասխանեց. «Թող դատապարտի քեզ Տերը, պիղծ ոգի» (Հուդա 9):

Եվ սկսեց աղոթել ու Տիրոջից խնդրել՝ թե արդյո՞ք ճիշտ էր այն, ինչով որ պարծենում էր սատանան: Հետո ելավ, գնաց մասնակցելու ժամերգության, ուր եղբայրները ծիսակատարում էին հսկման արարողությունը, և աղոթքով կրկին աղաչեց Տիրոջը՝ ցույց տալ իրեն, թե արդյո՞ք ճշմարիտ էր այն խոսքը: Եվ ամբողջ եկեղեցին լցված տեսավ սևամորթ եթովպացիների նմանվող պատանիներով, որ վազվզում էին՝ այստեղից այնտեղ ցատկելով: Այդ վանքի սովորությունն այնպես էր, որ բոլորը նստում էին և միայն մեկ հոգի էր կարդում սաղմոսը, մինչ մյուսները ունկնդրում էին և պատասխանում կրկներգով: Եթովպացի մանուկները վազում էին այս ու այն կողմ, քսվում էին նստած վանականներից յուրաքանչյուրին, և երբ երկու մատով հպվում էին ինչ-որ մեկի աչքերին, նա իսկույն քուն էր մտնում: Եթե մեկ մատով հպվում էր եղբայրներից մեկի շուրթերին, ստիպում էր նրան հորանջել: Իսկ երբ սաղմոսից հետո, եղբայրները աղոթքի համար ծնկի էին իջնում, սևամորթները վազվզում էին մեկից դեպի մյուսը: Եվ վանականների առջև ներկայանում էին կնոջ, մեկ ուրիշին՝ շինարարության վրա աշխատողների կամ բեռներ փոխադրողների կերպարանքով, կամ կարծես թե լուծում էին այս կամ այն հարցը: Այն ամենը, ինչ որ սատանաները ներկայացնում էին նրանց ծաղրելով՝ եղբայրները աղոթքի ժամանակ մտածում էին իրենց սրտում: Եղբայրներից ոմանք, սակայն, հազիվ թե սատանաները սկսում էին իրենց հիշյալ գործերից որևէ մեկն անել, վճռականորեն հեռացնում և պատրաստակամ կերպով վռնդում էին նրանց, այնպես, որ չէին համարձակվում երկար մնալ այդ եղբայրների դիմաց կամ անցնել նրանց կողքով: Գնում էին խաղալու տկար եղբայրների վզին կամ թիկունքին նստած, որովհետև սրանք ուշադիր չէին աղոթքին: Երբ տեսավ սա հայր Մակարը, խորապես դառնացավ, սկսեց հառաչել և արցունքներ հեղել Տիրոջ առաջ, ասելով. «Աստված, քուն մի մտիր, համր ու անգործ մի մնա, ո՜վ Աստված: Ոտքի ել, Աստված, թշնամիներդ թող ցրվեն և փախչեն առջևիցդ, քանի որ մեր հոգին հագեցել է խաբեություններով»: Աղոթքից հետո, սակայն, ստուգելու համար տեսածի իրականությունը, մեկ առ մեկ իր մոտ կանչեց այն եղբայրներին, որոնց առջև տեսել էր, թե ինչպես էին սատանաները կերպարանափոխվում և զանազան պատկերներ ներկայացնում: Նրանցից հարցրեց, թե արդյոք աղոթքի ընթացքում ունեցե՞լ են պոռնկության, ճամփորդությունների կամ ուրիշ մտածումներ, այսինքն, ճիշտ այն երևակայությունները, որոնք սատանաները թելադրում էին նրանցից յուրաքանչյուրին: Ամենքը խոստովանեցին, թե այդպիսիք են եղել իրենց սրտի մտածումները: Այնժամ փաստվեց, որ բոլոր ունայն ու ավելորդ մտածումները, որ յուրաքանչյուր ոք հղանում է սաղմոսերգությունների և աղոթքների ընթացքում, փախուստի են մատնվում նրանց կողմից, ովքեր իրենց սիրտը պահպանում են կատարյալ արթնությամբ: Իրոք, Աստծուն միացած և դեպի Նա ձգտող հոգին, հատկապես աղոթքի պահին, չի հղանում օտար կամ անօգուտ  մտքեր («Հարանց վարք»):

8. Մի անապատական երկարաժամկետ ճգնություններից հետո տկարանալով, տրտնջաց և ասաց. «Ով Տեր, դեռ երկա՞ր պիտի կրեմ այս վշտերն ու նեղությունը»: Այդ պահին նրան մոտեցավ Աստծո հրեշտակը և ասաց. «Քեզ մնացել է երեք տարի, սակայն եթե ցանկանում ես, այդ երեք տարվա փոխարեն կարող ես երեք օր անցկացնել դժոխքում»: Ճգնավորն ուրախությամբ համաձայնեց երեք օրվա կարճությունից ելնելով, և իսկույն հայտնվեց դժոխքում: Պապակվելով կրակի հնոցների մեջ, ճգնավորը անցկացրեց կարծես երկար տարիներ և մտածեց. մի՞թե Տիրոջ հրեշտակն ինձ խաբեց, չէ՞ որ ասաց ընդամենը երեք օր: Եվ հանկարծ Տիրոջ հրեշտակը նորից հայտնվեց և ասաց. «Նորից տրտնջում ես, չէ որ երկրի վրա անցել է ընդամենը մեկ ժամ, ինչ դու իջել ես դժոխք»: Ճգնավորը զարհուրեց և խիստ զղջալով, ընկավ հրեշտակի առաջ և խնդրեց, որ նորից իրեն արժանացնի ճգնարանին, և արդեն գոհությամբ և թեթևությամբ կրեց անապատի իր ճգնությունները (Հոգեշահ գրքերից):

03.08.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․