Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Սաստիկ ճգնակյաց մի կրոնավոր կար Սկիտեի անապատում: Նա բազում տարիներ խնդրում էր Աստծուն և ասում. «Տե՛ր, հայտնի՛ր ինձ, թե արդյոք հաճո՞ եղա Քեզ»: Եվ Տիրոջ հրեշտակի ձայնը հասավ նրան, որ ասաց, թե` քաղաքի մի պարտիզպանի չափին չհասար: Իսկ ծերը զարմացած` իր մտքում ասաց. «Գնամ քաղաք՝ տեսնեմ նրան, թե ո՛րն է նրա գործը, որ առավել է, քան իմ այսքան տարիների վշտե­րը, տառապանքներն ու ճգնությունները»: Եվ վեր կենալով եկավ այն տեղը, որ նրան ասաց հրեշտակը, գտավ այն մարդուն, որ փողոցում նստած՝ իր բանջարեղենն էր վաճառում, և նստեց նրա մոտ մինչև օրվա ութերորդ ժամը: Երբ պարտիզպանը վերջացրեց և վեր կացավ գնալու, ծերն ասաց նրան. «Կարո՞ղ ես, եղբա՛յր, այս գիշեր հյուրըն­կալել ինձ քո տանը»: Իսկ նա ցնծաց և մեծ ուրախությամբ ընդունեց: Երբ տուն մտան, այդ մարդը հանգստատեղ և սեղան պատրաստեց ծե­րի համար: Իսկ ծերն ասաց. «Բարի՛ եղիր, եղբա՛յր, և պատմի՛ր ինձ քո ապրելակերպը, որովհետև ոչինչ չեմ ճաշակի, մինչև չպատմես, քանզի դրա համար առաքվեցի Տիրոջից»: Իսկ մարդը ոչինչ չկամեցավ ասել: Սակայն ծերը համառում էր իր աղաչանքների մեջ` ասելով. «Պատմի՛ր ինձ, քանզի բարի չէ ընդդիմանալ բարուն»: Այնժամ պարտիզպանն ասաց ծերին. «Ես, հա՛յր, մեղավոր և աղքատ մարդ եմ և բնավ բարի բան չկա ինձանում, սակայն մտքի փոքր­ինչ հոժարությամբ երեկոյից երեկո եմ ճաշակում իմ հացը և իմ չարչարանքի գնով եմ առնում իմ կերակուրը, իսկ ավելացածը բաշխում եմ աղքատներին կամ ծախսում եմ հյուր եկած կրոնավորների վրա և գիշեր ու ցերեկ իմ մտքում այս եմ խորհում, թե այս բովանդակ քաղաքը իրենց արդարության համար ժառանգելու են Երկնքի Արքայությունը, և միայն ես եմ դժոխք իջնելու՝ իմ մեղքերի պատճառով»: Ծերը երբ լսեց այս, ասաց. «Այս ամե­նը շատ բարի է, սակայն ինչո՞վ է սա առավել այսքան տարիների իմ վշտից»: Այս ասելիս՝ ծերը լսեց երգերի, թմբուկների ու պարերի ձայն նրա դրացիների կողմից և հարցրեց նրան. «Եթե կամենում ես Աստ­ծով ապրել, եղբա՛յր, ինչպե՞ս կարող ես մշտապես այս լկտի ձայները լսել և չվրդովվել քո մտքերի մեջ»: Մարդն ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, հա՛յր, այս երգերի ու պարերի ձայնից երբեք չեմ գայթակղվել և երբեք չեմ վրդովվել»: Ծերը հարցրեց. «Եվ ի՞նչ ես համարում դրանք քո մտքում, երբ լսում ես»: Իսկ նա ասաց. «Աղոթք և օրհներգություն եմ համարում այդ և ամեն մի կենդանի ձայն, և զղջումի գալով` ար­տասվում և գոհանում եմ Աստծուց»: Երբ այս պատասխանը լսեց ծե­րը, զղջաց և ասաց. «Ա՛յս է, որ առավել է, քան իմ ճգնությունները»: Եվ ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, եղբա՛յր, ես այդ չափին չհասա»: Եվ մեկնեց այնտեղից ու գնաց իր սովորական կյանքին:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․