Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Քաղաքներից մեկի եպիսկոպոսը վախճանվեց, և այդ կողմե­րի մարդիկ հավաքվելով՝ գնացին արքեպիսկոպոսի մոտ և աղաչեցին նրան, որպեսզի ննջածի փոխարեն նոր եպիսկոպոս ձեռնադրի իրենց համար: Արքեպիսկոպոսն ասաց նրանց. «Տվե՛ք ինձ մի մարդու, որի մասին դուք կվկայեք, թե ունի զորություն` հովվելու Քրիստոսի հոտը իմաստությամբ, և ձեզ համար եպիսկոպոս կձեռնադրեմ»: Իսկ նրանք ասացին. «Մենք ոչ ոք չունենք, այլ դո՛ւ տուր մեզ` ում կերաշխավորի Աստծո հրեշտակը»: Արքեպիսկոպոսն ասաց նրանց. «Դուք ամե՞նքդ եք այստեղ»: Նրանք ասացին` ո՛չ: Ասաց նրանց. «Գնացե՛ք, հավա­քե՛ք ամենքին և եկե՛ք այստեղ, որպեսզի հասարակական հարցմամբ և վկայմամբ ընտրեք` ում ձեռնադրենք եպիսկոպոս»: Եվ նրանք գնա­ցին, ամենքին հավաքեցին և եկան նրա մոտ: Արքեպիսկոպոսը դարձ­յալ հարցրեց. «Այժմ ամե՞նքդ եք այստեղ»: Նրանք պատասխանեցին. «Փոքրերից մեկը օթևանատեղում նստած՝ մեր ավանակներն է պա­հում, իսկ մնացած ամենքս այստեղ ենք»: Արքեպիսկոպոսն ասաց. «Հիմա ինչ որ ասեմ ձեզ` կհնազանդվե՞ք»: Եվ նրանք ասացին. «Այո՛, հոժարությամբ կհնազանդվենք»: Այնժամ պատվիրեց կանչել նրան, որ ավանակներն էր պահում: Երբ նա եկավ, նրան եպիսկոպոս ձեռ­նադրեց և տվեց նրանց, իսկ նրանք խնդությամբ ու մեծ պատվով ընդունելով` գնացին իրենց տեղը, ինչպես որ խոստացել էին պատ­վել նրան որպես Աստծո սրբի: Եվ մի անգամ սաստիկ երաշտ եղավ այդ երկրում, և այն եպիսկոպոսը երաշտը վերացնելու համար աղա­չեց Աստծուն: Աստված ասաց նրան. «Քո միաբանության հետ գնա՛ կանգնիր քաղաքի դռների մոտ, և ով առաջինը մտնի քաղաք` բռնի՛ր նրան, որ աղոթք մատուցի Ինձ, և անձրև կտամ ձեզ»: Լսելով այս խոսքը` իր միաբանության հետ շուտափույթ գնաց ու նստեց քաղա­քի դռան մոտ: Եվ ահա տեսավ՝ մի սև հնդիկ կրոնավոր էր գալիս` աղքատ, և փայտը ուսին բարձած` բերում էր քաղաք` վաճառելու: Եպիսկոպոսը հապշտապ վեր կենալով՝ կանգնեցրեց նրան և բեռը ու­սից ցած առավ ու ասաց նրան. «Ո ՜վ որդյա՛կ, հակառակ մի՛ կե­նա, Աստծուց է հրամայված քեզ՝ աղոթելու աղաչել Տիրոջը, որպեսզի անձրև տա երկրին, քանզի փչացավ նրա ողջ բերքը»: Իսկ նա թեև չէր կամենում` պատկառելով իր ողջ խոնարհությամբ, սակայն հրամանին հակառակ չկանգնեց, և երբ սկսեց աղոթել, բացվեցին երկնքի դռնե­րը, և սաստիկ անձրև եկավ` մինչև որ դաշտերն ամբողջ ողողվեցին, ապա կրկին աղոթելով՝ դադարեցրեց անձրևը, որպեսզի երկիրը չհե­ղեղվի: Եվ եպիսկոպոսը, բռնելով այդ ծերին, աղաչեց նրան և ասաց. «Ի սեր Աստծո, բարի եղի՛ր, պատմի՛ր ինձ քո կենցաղավարության մասին՝ հօգուտ բազմաց, գուցե շատերը նախանձախնդիր լինեն քո բազում գործերի հանդեպ»: Ասաց նրան ծերը. «Թողությո՛ւն շնորհիր ինձ, տե՛ր, ահա ինչպես տեսնում ես` ամեն օր ելնում եմ և մի քիչ փայտ շալակելով՝ բերում եմ այստեղ և վաճառում, և այդ գումարով իմ կարիքներն եմ հոգում, իսկ երեկոյան գնում եմ եկեղեցի և մնում եմ այնտեղ` ողջ գիշեր սգալով իմ մեղքերը: Իսկ եթե ձմռանը օրեր են լինում, որ փայտ բերել չեմ կարողանում, ոչինչ չեմ ճաշակում այդ օրերին. ահա այսպիսին է իմ կյանքն արդեն քառասունյոթ տարի»: Եվ եպիսկոպոսն ու ողջ միաբանությունը լսելով այս` մեծապես շահեցին և փառք մատուցեցին Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

25.10.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․