Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Չափազանց պատվական մի ծեր` այր տեսանող, բնակվում էր Հայոց աշխարհում գտնվող լեռան ստորոտում, որ կոչվում է Մասիս, այն տեղում, ուր սուրբ Հակոբի աղբյուրն է: Այնտեղ եկավ մի իշխան և աղաչում էր նրան բժշկել իրեն, քանզի բազմամեղ մարդ էր և սատանայի կամակատար: Երբ պատմեց իր գործերը, ծերը զարմացավ և վեր կենալով ծնրադրեց արտասվաթոր աչքերով ու ասաց. «Օրհնյա՛լ ես դու, Քրիստո՛ս, որ մեռար մեզ համար. անչափ է ողորմությունը Քո և անբավ է առատ մարդասիրությունը Քո, որ սատանայից գերվածներին ազատում ես և ընդունում»: Այսպես գոհություն էր մատուցում Աստծուն: Եվ իշխանին ասաց. «Ուրա՛խ եղիր, որդյա՛կ, քանզի խոստովանությանդ միջոցով մաքրվեցիր բազում չարագործություններիցդ: Արդ, եթե կամենում ես սիրելի լինել Քրիստոսին, փոքր­ինչ տանջի՛ր մարմինդ, որպեսզի մոռացվեն չարագործություններդ»: Իշխանն ասաց. «Թեկուզ և հրի մեջ այրվեմ, թող Իր հավատացյալների մեջ ընդունի ինձ»: Ծերն ասաց. «Ես Աստծո ողորմության երաշխավորն եմ, որ քեզ բարեգործ քրիստոնյաների հետ ընդունի: Արդ օրհնյալ լինես դու Աստծուց, որ մեծ ավետիսով լցրիր իմ սիրտը, քանի որ լալով խոստովանեցիր բովանդակ չարիքներդ և ամոթով թողեցիր սատանային. նաև երկնավորներն ուրախացան քո փրկության համար»: Իշխանն ասաց. «Քանի որ արժանի եղա տեսնելու Քրիստոսի պատկերդ և բժշկություն գտնելու անբուժելի ցավերիս, ինչ էլ հրամայես` կկատարեմ»: Ծերը  հարցրեց. «Ի՞նչ ես կամենում»: Իշխանն ասաց. «Անքանակ գանձեր ունեմ, կշինեմ վանքեր, կտամ աղքատներին և քրիստոնյաներին կազատեմ այլադավաններից»: Ծերն ասաց. «Այդ գանձը չարից է կուտակված. եթե բաշխես՝ այդ չարիքը կմաքրես. քո ժամանակը հասել է, քանզի քեզ տեսնում եմ սպիտակահեր: Քո մնացած օրերը տո՛ւր Աստծուն և Երկնավոր Թագավորի իշխա՛նը եղիր»: Իշխանն ասաց. «Ինչպես կամենում ես. ինձ մոտ վանքեր կան, կգնամ կճգնեմ»: Ծերն ասաց. «Ամեն  վանք  չէ,  որ ապաշխարության վայր է, որովհետև` ովքեր միաբաններ չեն` աշխարհականներ են, քանզի Աստծո գործի համար չէ, որ եկել են, այլ դու գնա՛ միաբանների մեջ, քանի որ մեղքերի բազմությունը հնազանդության մեջ  հեշտությամբ է ջնջվում: Գնա՛ դու Սուկավ կամ Սուրբ Ոսկի, Երաշխավորների կամ Մաքենացիների մոտ»: Իշխանն ասաց. «Մնամ այստեղ` քեզ մոտ, և ճգնությամբ անցկացնեմ իմ օրերը»: Ծերն ասաց. «Միաբանների մոտ հեշտությամբ կազատվես»: Իշխանն ասաց. «Եթե շուտ վախճանվեմ, Աստծուց ողորմություն կգտնե՞մ»: Ծերն ասաց. «Եթե թողնես քո կամքը և միաբանների մեջ հնազանդվես ու մնաս նրանց հետ քառասուն օր` ավել կամ պակաս, և վախճանվես, ես մեծ փառք եմ երաշխավորում քեզ` Քրիստոսից: Իսկ եթե չթողնես քո կամքը, թեկուզ և հարյուր տարի խոտերով սնվես` հնազանդության փառքը չես կարող ստանալ»: Եվ ծերը պարեգոտ հագցրեց նրան և ասաց. «Գնա՛ Մաքենացիների մոտ»: Եվ իշխանը բաշխեց իր գանձերը կարոտյալներին ու գնաց Մաքենացիների մոտ, մնաց նրանց մոտ երկու տարի և մեծաջան առաքինությամբ վախճանվեց: Ծերը երբ լսեց, աղաչեց Աստծուն հայտնել իրեն, թե այդպիսի չարիքներով լցված անձը ինչ­որ օգուտ քաղե՞ց ապաշխարությունից: Հրեշտակն ասաց. «Չարիքներից ազատվեց և մեծ փառքի արժանացավ. այժմ ուրա՛խ եղիր, քանզի քո վաստակն ու ջանքն է, որովհետև Քրիստոսի բարերարությունը ցուցաբերեցիր գերյալի հանդեպ: Արդ, պատրա՛ստ եղիր, որովհետև մի քանի օր հետո քեզ ընդառաջ կգան սուրբ հայրերը և կտանեն քեզ Երկնային Հարսանիք, և բոլոր սրբերի հետ կփառավորվես լուսեղեն օթևաններում, որ պատրաստեց իրեն սիրողների համար մեր Քրիստոս Աստված, Ով օրհնյալ է հավիտյանս հավիտենից. ամեն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․