Գրքեր

Հայրերի կենցաղավարության մասին

Հայրերից մեկը մեզ պատմեց, թե երկու ամմիացի վաճառա­կան ընկերներ կային, որ միասին շրջում էին և օտար երկրներում վա­ճառականությամբ էին զբաղվում: Նրանցից մեկը անթիվ ունեցվածք ուներ, իսկ մյուսը` չափավոր, և մեծահարուստն ուներ շատ գեղեցիկ և սրբասեր մի կին, ինչը և կհաստատվի մեր պատմության շարունա­կությունից, քանի որ մեռավ այս գեղեցիկ կնոջ ամուսինը, և սիրեց նրա գեղեցկությունը այն երկրորդ վաճառականը, որ նրա ամուսնու ընկերն էր, սիրեց և նրա իմաստությունն ու ունեցվածքը և կամենում էր կին առնել իրեն, սակայն ամաչում էր ասել` գիտենալով, որ երկյու­ղած է և չի հավանի իրեն: Իսկ համեստ տիկինը, քանի որ իմաստուն էր, հասկացավ այդ և նրան ասաց. «Տե՛ր իմ Սիմեոն (որովհետև այս էր նրա անունը), տեսնում եմ, որ դու շփոթ մտքերի մեջ ես. ասա՛ ինձ քո խորհուրդները, և ես կհանդարտեցնեմ քո մտքերը»: Իսկ նա նախ վախեցավ ասել, սակայն հետո խոստովանելով ասաց. «Կամենում եմ, տիկի՛ն, լծակցել քեզ և հետևել քո կամքին և իմաստությանը»: Կինն ասաց. «Եթե անես այն, ինչ կպատվիրեմ քեզ, ես քո կամքը կկատա­րեմ»: Նա պատասխանեց. «Այն ամենն` ինչ հրամայես, առանց հապաղելու կկատարեմ»: Կինն ասաց. «Գնա՛ քո առևտրին և բնավ ոչինչ չճաշակես, մինչև կանչեմ քեզ, և, Տերը վկա մեր մեջ՝ ես ևս ոչինչ չեմ ճաշակի` մինչև որ դու գաս»: Եվ նա ուխտեց երդմամբ՝ կատարել պայմանը և կարծում էր՝ նույն օրը կկանչի իրեն, քանի որ հրավիրելու ժամկետ չէր դրել: Անցավ մեկ օր, երկու, երեք, և չկանչեց նրան, բայց նա համբերում էր` երդման և հեշտալի սիրո պատճառով, և Աստված զորացնում էր նրա համբերությունը, որովհետև կամենում էր նրա փրկությունը, քանզի հետագայում նա ընտրյալ անոթ դարձավ: Չոր­րորդ օրը կանչեց նրան, երբ վհատված ու նվաղած էր սովից այնչափ, որ անգամ քայլել չէր կարողանում, ուստի դնելով երիվարի վրա՝ տա­րան նրա մոտ: Իսկ կինը, մինչ Սիմեոն վաճառականի ժամանելը, ով գալիս էր սովահար, բազում խորտիկներով սեղան էր գցել և անկողին էր պատրաստել: Երբ Սիմեոնը տուն մտավ, կինը նրան մեկուսի ու ծածուկ ասաց. «Ահա ե՛կ և տե՛ս, որ սեղան ու անկողին պատրաս­տեցի»: Սիմեոնը երբ տեսավ, սաստիկ ուրախացավ: Իմաստուն կինն ասաց նրան. «Ահա՛ սեղանը և ահա՛ մահիճը՝ ըստ քո կամքի. ո՞ւր ես կամենում, որ գնանք առաջինը»: Սիմեոնն ասաց. «Աղաչում եմ քեզ, կերակուր տուր ինձ, քանզի արդեն իմ հոգին մարում է, և սովից ու ուժասպառությունից չեմ էլ հիշում, թե ինչ բան է կինը»: Այնժամ կինն ասաց նրան. «Ահա երբ քաղցեցիր, իմ սիրուց և բոլոր կանանցից առավել՝ կերակուրը ցանկացար: Ուստի, երբ այդպիսի խորհուրդները կնեղեն քեզ, այդպիսի դեղ ունեցի՛ր քեզ հետ և կազատվես մարմնի բոլոր ախտակիր խորհուրդներից: Եվ արդարև հավատա՛ ինձ, որ իմ ամուսնու վախճանից հետո ո՛չ քեզ և ո՛չ էլ մեկ ուրիշ տղամարդու չեմ մերձենա, այլ այրիության մեջ կմնամ Քրիստոսի հովանու ներ­քո»: Սեղանից հագենալուց հետո իբրև խրատ՝ այս մտադրությունը հայտնեց Սիմեոն վաճառականին հոգևոր գիտության մեջ իմաստուն և հոգևոր տիկինն: Իսկ Սիմեոնը, երբ լսեց այս, սաստիկ զղջաց` տես­նելով կնոջ բարեպաշտությունն ու աստվածասիրությունը: Եվ վաճա­ռեց իր ունեցվածքը, բաժանեց աղքատներին, դարձավ կրոնավոր և բնակվեց Ապամիայում գտնվող վանքում ու դարձավ Աստծուն հաճե­լի այր: Նույնպես և կինը` մտավ կույսերի վանքը և սուրբ ու պատվա­կան վարքով ապրեց` գոհանալով Աստծուց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․