3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Հայրերի վարքից

1. Հայր Պախոմի մասին ասում էին, որ մի անգամ երբ մի մահացածի դի էին տանում, ճանապարհին նրանց հանդիպելով, հայր Պախոմը տեսավ երկու հրեշտակների, որոնք ուղեկցում էին մահացածին, գնալով թափորի ետևից: Այս մասին խորհելով ծերը խնդրեց Աստծուն, որպեսզի Նա բացի իրեն այս խորհուրդը:

Այդժամ հրեշտակները մոտեցան նրան, և ասաց նրանց հայր Պախոմը. «Ինչո՞ւ եք դուք հրեշտակներ լինելով, ուղեկցում մահացածին»: Պատասխանեցին նրան հրեշտակները. «Մեզանից մեկը չորեքշաբթիի հրեշտակն է, իսկ մյուսը՝ ուրբաթի: Իսկ նա մինչ իր մահը երբեք չդադարեց չորեքշաքբթի և ուրբաթ օրերը պահք պահելուց, դրա համար էլ մենք ուղեկցում ենք նրա աճյունը: Մահվան մահճում իսկ նա չզլացավ պահքերը պահել, մենք էլ հիմա փառավորում ենք նրան իր ջանքերի համար, որ արեց հանուն Աստծու» («Հարանց Վարք»):

2. Մի տկար ու որկրամոլ մենակյաց ծերից անընդհատ ձմեռվա պաշարած հացն էր գողանում: Ծերը տեսնելով այդ՝ ոչինչ չէր ասում, և երբ պաշարը վերջացավ, ծերը ուժաթափ լինելով պառկեց՝ պատրաստվելով մահվան: Այնժամ եղբայրները շրջապատեցին նրան, որ հրաժեշտ տան: Նա կանչեց այդ մենակյացին և նրա ձեռքերը համբուրելով ասաց. «Սրանց շնորհիվ ես ժամանակից շուտ եմ գնում իմ Տիրոջ մոտ» («Հարանց Վարք»):

3. Հայր Հովսեփը հարցրեց հայր Պիմենին. «Ինչպե՞ս պետք է պահք պահել»: «Ես նախապատվությունը տալիս եմ նրանց, ովքեր ամեն օր են կերակուր օգտագործում, բայց մնում են քիչ հագեցած: Ես կերակուր օգտագործել եմ և երեք օրը մեկ, և չորս օրը մեկ, նաև՝ շաբաթը մեկ, բայց զորավոր հայրերը բոլորը փորձեցին և ընդունեցին ամենաօգտակարը՝ ամենօրյա կերակուրի օգտագործումը, բայց չհագենալով, մեզ տալով արքայական ուղին՝ ամենահարմարը» («Հարանց Վարք»):

4. Մի անգամ հայր Եվագրը գալով Մակար Մեծի խուցը ջուր խնդրեց՝ ծարավը հագեցնելու: Եվ պատասխանեց նրան ծերը՝ ասելով. «Բավարարվիր ստվերով» («Հարանց Վարք»):

5. Մի ճգնավոր եղբայր, որ ուտելու ժամանակ հաց չէր օգտագործում, եկավ մի մեծանուն ծերի մոտ: Այնտեղ կային նաև այլ հյուրեր: Ծերը նրանց համար պատրաստել էր մի փոքր եփած կերակուր: Երբ նրանք նստեցին ճաշելու, ճգնավոր եղբայրն իր առջև դրեց միայն թրջած ոսպ, և նրանք ճաշեցին: Երբ վեր կացան, ծերն ասաց նրան. «Եղբայր, երբ դու գնում ես որևէ մեկի մոտ, ի հայտ մի բեր քո կենցաղավարությունը ներկաների առջև, իսկ եթե չես ուզում այն խախտել, ավելի լավ է մնաս խցումդ և ոչ մի տեղ չգնաս»: Ընդունելով ծերի խոսքը, նա սկսեց ավելի զիջող լինել եղբայրների հետ հանդիպման ժամանակ:

Այսպիսի մի բան էլ պատահեց անապատի ճգնարաններում: Երբ մի անգամ տոն օրը եղբայրները նստած էին ճաշի, նրանց մեջ կար մեկը, որ չէր ուտում եփած կերակուր: Վերակացուին ասացին, որ այս եղբայրը կերակուր չի ճաշակում, այլ միայն աղ ու բանջարեղեն: Իսկ սա էլ իր հերթին, բոլորի ներկայությամբ ձայնեց մատուցողին, ասելով, որ այս եղբայրը եփած բան չի ուտում, նրան աղ ու բանջար բեր: Այն ժամ ծերերից մեկը, վեր կենալով, ասաց այդ եղբորը. «Ավելի լավ էր քեզ համար նստեիր քո խցում և միս ուտեիր, քան թե, բոլոր եղբայրների մոտ ի հայտ գար քո կենցաղավարությունը»:

Անապատի այս ճգնավորների մասին ասում էին, որ երբ մեկը տեսնում էր իրենց գործերը, նրանք դա այլևս որպես առաքինության գործ չէին համարում, այլ որպես մեղք («Հարանց վարք»):

15.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․