Գրքեր

Հերթական աջակցությունը կարիքավոր ընտանիքին

Սուրբ Պողոս առաքյալի խոսքով՝ մարդը միայն իր մասին չէ, որ պետք է մտածի, այլ նաև՝ ընկերոջ և մերձավորի մասին (Փիլիպեցիներ 2:4):

Մտքերի և սիրո ամբողջական միությունը ձեռք է բերվում հպարտությունից և եսասիրությունից հեռու: Խոնարհ լինելու պարագայում է մարդը տեսնում իր նմանի կարիքը: Եկեղեցու հայրերը նշում են, որ եթե եսասերի համար բոլորը միջոց են, իսկ ինքը նպատակ, ապա զոհաբերությունից ծնված քրիստոնեական սերն ունեցողի համար բոլորը նպատակ են, ինքը միջոց: Առաջինի արդյունքը կատարյալ բաժանումն է, իսկ երկրորդինը՝ կենդանի կապը: Ինչպես կենդանի օրգանիզմում ոչ մի օրգան միայն ինքն իրենով զբաղված չէ, այլ անում է այն, ինչ հարկավոր է մյուսների համար, այդպես և հասարակության մեջ, երբ յուրաքանչյուրը հոգ է տանում ուրիշի բարեկեցության համար, ապա օրգանիզմը դառնում է կենդանի, ամբողջական և գործող, ուր յուրաքանչյուրը բոլորի համար է և բոլորը՝ յուրաքանչյուրի:

Հունվարի 16-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մերի Մարտիրոսյանին (44 տ.) հանձնեց մոսկվաբնակ Բաղդասարյան ընտանիքի աջակցությամբ գնված սննդի փաթեթ: Մերին իր երկու անչափահաս հաշմանդամ զավակների հետ էր այցելել եկեղեցի: Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար: Երեխաներից ավագը՝ Սիրանույշ Պապյանը (16 տ.), մանկական ուղեղային կաթված է ստացել և հենաշարժողական խնդիր ունի, իսկ կրտսերը՝ Սամվելը Պապյանը (14 տ.), աուտիզմով է տառապում: Մերին նշեց, որ, ըստ արտասահմանյան մասնագետների կարծիքի, իր աղջկան ողջ կյանքում ինտենսիվ թերապիա է անհրաժեշտ, ինչը Հայաստանի պայմաններում անհնարին է: Նա ավելացրեց, որ հնարավորություն լինելու պարագայում, եթե Սիրանույշը Մոսկվայում լազերային վիրահատություն անցներ, ապա դա կնպաստեր նրա հենաշարժողական խնդրի լուծմանը:

Մերին տասը տարի է, ինչ միայնակ է խնամում իր երկու զավակներին: Ընտանիքի հայրը լքել է ընտանիքը և պարտավորվել է երեխաներին մինչև չափահաս դառնալը միայն ալիմենտ վճարել: Կարիքավոր ընտանիքը պետության կողմից միայն երեխաների հաշմանդամության գումարն է ստանում: Մերի Մարտիրոսյանը երկու բարձրագույն կրթություն է ստացել, ուսանել է ԵՊՀ միջազգային լրագրության և ռուս բանասիրության ֆակուլտետներում, բայց չի կարողանում աշխատել, քանի որ ողջ օրը երեխաների խնամքով է զբաղված:

«Տղաս և աղջիկս սովորում են Երևանի Գայի (Հայկ Բժշկյանց) անվան թիվ 129 ներառական կրթության դպրոցում: Երեխաներիս հիվանդությանը զուգահեռ մեզ համար կարևորագույն խնդիր է նաև կացության խնդիրը: Տասնվեց տարի է, ինչ վարձակալությամբ ենք բնակվում, այս ընթացքում արդեն տասներկու բնակարան ենք փոխել, որպեսզի բնակարանը դպրոցի մոտակա տարածքում լինի և վարձն էլ համեմատաբար մատչելի լինի, նաև հնարավորինս հարմար լինի երեխաներին բուժման կամ արտադպրոցական որևէ խմբակ տանելու համար»,- ասաց ընտանիքի մայրը:

Մերիի համար թեև շատ դժվար է երեխաների հետ հասարակական տրանսպորտից օգտվելը, բայց նա ամեն ջանք թափում է, որպեսզի հասարակության մեջ երեխաների սոցիալացման խնդիրը լուծվի, և երեխաներն իրենց նախասիրությունների մեջ զարգանան ու հմտանան: Մերին իր դստերը երաժշտական դպրոց է տանում, Սիրանույշը երգում է և դաշնամուր նվագում, իսկ տղային տանում է Մերգելյան ինստիտուտի ռոբոտաշինության կենտրոն: Կենտրոնի կողմից անցյալ տարի Սամվելը համակարգչային խաղերի ծրագիր կազմելու համար պարգևատրվել է առաջին մրցանակով: Սիրանույշն ու Սամվելը նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն են հաճախում:

«Մարդիկ Աստծո օրհնությամբ և առաջնորդությամբ արձագանքում են մեր խնդիրներին, շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, Տեր Գրիգորից և աջակից անձից, որ մեծ սիրով և պատրաստակամորեն աջակից եղան նաև իմ ընտանիքին»,- ասաց Մերի Մարտիրոսյանը:

 

 

Կարինե Սուգիկյան

16.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․