Գրքեր

Հերթական անգամ կյանքի կոչվեց մեծագույն պատվիրանը

Աստծու ողորմությունն անսահման է. Արարիչ Աստված մարդուն շնորհել է ամենամեծ պարգևը՝ կյանքը, բանականություն, որով մարդ տարբերվում է անբան կենդանիներից, սիրտ, որով վայելում է Աստծու տված բարիքներն ու երջանկություն ապրում, ազատ կամք, ինչը նրան ազատ ընտրության հնարավորություն է տալիս: Նրա ողորմածությամբ արևը ծագում է բոլորի համար՝ լուսավորելով և ջերմացնելով ողջ աշխարհը, Իր բարերարությամբ երկնքից անձրևներ է տալիս ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով մարդկանց կերակուրներով, իսկ սրտերը՝ ուրախությամբ (Գործք Առ. 14:17): Նրանով ենք ապրում, շարժվում և կանք (Գործք Առ. 17:28): Բայց այս ամենը դեռ բավական չէ, Երկնային Հայրն այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը (Հովհ. 3: 16):

Եվ Նրա անսահման սիրո դիմաց մարդը կարող է պատասխանել ոչ այլ կերպ, քան սիրելով Նրան ողջ սրտով, հոգով և մտքով ու սիրելով իր ընկերոջը ինչպես իր անձը (Մատթ. 22:37-38): 
Հերթական անգամ մեծագույն պատվիրանը կյանքի կոչեց Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի համայնքի անդամ Ալին Զաֆիրյանը, որն ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ Արա Զաֆիրյանի, Տ. Դավիթ քահանա Մարգարյանի նախաձեռնությամբ 100 000 դրամ փոխանցեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրին։ Փոխանցված գումարը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը մարտի 23-ին, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, տրամադրեց Մարիամ Բալեյանին  (25 տ.), ով իր չորսամյա դստեր հետ բնակվում է Էջմիածնի Զվարթնոց թաղամասի 7/20 հասցեում: Մարիամի ամուսինը՝ Վարդան Ադոյանը (27 տ.)՝ որպես պայմանագրային զինծառայող, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին: 2020 թվականի հոկտեմբերի 21-ից Վարդանի հարազատները ոչ մի լուր չունեն նրանից: Վարդանի կինը և ծնողները դժվարին կացության մեջ են հայտնվել, քանի որ պետք է ժամանակին վճարեն Վարդանի կողմից հիփոթեքով ձեռք բերված բնակարանի վարկը: Մարիամն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

23.03.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․