Գրքեր

Հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից (քարոզ)

«Օրհնեալ ես Դու ի կանայս եւ Օրհնեալ է պտուղ յորովայնի քո»   

«Օրհնյալ ես Դու կանանց մեջ, և Օրհնյալ է քո որովայնի պտուղը» (Ղուկաս 1:42)

 

Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ,

Այսպիսի ջերմ խոսքերով դիմավորեց Եղիսաբեթը` Հովհաննես Մկրտչի մայրը, Սուրբ Աստվածածնին` Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մորը: Ինչպես յուրաքանչյուր ծառ Իր պտղից է ճանաչվում, յուրաքանչյուր գրող իր գրած գրքից, նկարիչն իր կտավներով, երաժիշտն իր երաժշտությամբ, ճարտարապետն իր կոթողներով, Աստված Իր ստեղծագործությամբ, այնպես էլ մայրն իր զավակով է ճանաչվում: Մեր Եկեղեցու Տոնացույցում յոթն են Սուրբ Կույս Աստվածածնին նվիրված տոները: Մեր եկեղեցիների մեծ մասը օծվել է Սուրբ Աստվածածնի անունով, նրա պատկերը` Հիսուս Մանուկը գրկում, զարդարում է մեր եկեղեցիների խորանները, մեր աղոթքներում հաճախ դիմում ենք Տիրամոր բարեխոսությանը: Մեկ խոսքով` Աստվածածինն Իր անբեկանելի տեղն ունի մեր Եկեղեցու կյանքում և մեր սրտերում:

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի հղացման տոնը` հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից:

Մարիամը սերում է քահանաների և թագավորների տոհմից, քանզի Նա, Ով նրանից պետք է ծնվեր հավիտենական քահանա է ու հավիտենական թագավոր: Սուրբ Կույսի մայրը` Աննան, Ղևիի ցեղից էր, Ահարոնի զարմից, Մաթան քահանայի դուստրը, իսկ հայրը` Հովակիմը, Հուդայի ցեղից էր, Դավթի թագավորական տնից: Այսպիսով Մարիամից ծնվածը` Քրիստոս, և՛ քահանա է, և՛ թագավոր, համաձայն հետևյալ խոսքերի «Դու հավիտյան քահանա ես ըստ Մելքիսեդեկի կարգի» (Եբր. 5:6), «Նա մեծ կլինի և բարձրյալի Որդի կկոչվի: Եվ Տեր Աստված Նրան կտա Նրա հոր` Դավթի աթոռը և Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա ու Նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկաս 1:32):

Հովակիմը և Աննան երկար տարիներ զավակ չէին ունենում, քանի որ Աննան ամուլ էր, իսկ Իսրայելում զավակ չունենալը մեծ ամոթ էր ու նախատինք: Նրանք արտասուքով ու աղոթքով մշտապես Աստծուց զավակ էին խնդրում: Եվ մի օր էլ, երբ Իսրայելի որդիները ընծա էին մատուցում Աստծուն և Հովակիմն էլ նրանց հետ էր, Ռուփիմ քահանան նրան ասաց. «Դու իրավունք չունես առաջինը ընծաներ մատուցել Աստծուն, որովհետև դու զավակ չունես»: Հովակիմը տխրեց, Տիրոջ տաճարից գնաց լեռները` հովիվների մոտ` որոշելով այլևս տուն չվերադառնալ, չուտել և չխմել, մինչև Աստված չողորմի իրենց: Այդ իմանալով` նրա կինը` Աննան, ևս սգո հագուստներ հագավ և օր ու գիշեր արտասվում էր ու աղոթում: Այդ ժամանակ Տիրոջ հրեշտակը երևաց նրան ու ասաց. «Աննա՛, Աննա՛, Աստված լսեց քո աղոթքը, պիտի հղանաս և մի դուստր պիտի ծնես ու Նրա անունը տարածվելու է ամբողջ աշխարհում, և Նրան պետք է նվիրես Աստուծո տաճարին»: Ամուլ Աննան ճաշակեց մեր Տիրոջ մոր` Մարիամ Աստվածածնի մայրը լինելու բերկրանքը:

Իրապես, որ մարդկային կյանքի մեջ կնոջ կոչումը մայրությունն է: Մայր նշանակում է սեր, նվիրում, համբերություն, բարություն և անձնազոհություն:

Մեզանից յուրաքանչյուրը, ով որ է այսօր իր հանրային դիրքով, հաջողություններով, իր գովելի գործերով, իր ճառագայթող տաղանդով անժխտելիորեն այդ բոլորը ստացել է իր մոր դաստիարակիչ սիրուց: Մարդկության բոլոր մեծությունները, սկսած Քրիստոնեության հիմնադիր Քրիստոսից մինչև նորագույն դարերի նշանավոր մարդիկ, իրենց առաքինի մայրերի լուսամիտ առաջնորդությանն են պարտական իրենց ազնվացումն ու բարձրացումը, իսկ նրանք, ովքեր դատապարտելի առաջնորդներ են եղել, իրենց ոճրագործություններով կա՛մ մայրական հոգածությունից զուրկ են մեծացել կա՛մ իրենց մոր սրտի մեջ չեն գտել ազնվացուցիչ տարրեր ճշմարիտ մայրության: Մոր սիրտը միշտ տաք է, սերը՝ անսպառ, համբերությունը՝ անսահման և հոգին՝ հավիտենապես հոժար:

Սիրելինե՛ր, եկեք միասին մեր աղոթքը բարձրացնենք առ Բարձրյալն Աստված և խնդրենք Սուրբ Մարիամ Աստվածածնի և նրա մոր` Աննայի բարեխոսությունը մեր Եկեղեցու պայծառացման, Հայաստան աշխարհի շենության և մեր հավատքի զորացման համար այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

 

 

Տ. Արիստակես քհն. Բաղալյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում «Յղությիւն Սուրբ Աստուածածնի» տոնին մատուցված Ս. Պատարագին, 9 դեկտեմբերի 2009 թ.)

 

09.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․