Գրքեր

ՀՀ նախագահը ներկա գտնվեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական- ներկայացուցչական ժողովի հունիսի 8-ի նիստին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ, մասնակցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Տերունական աղոթքից հետո նիստը բացվեց Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով։ Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ նախագահի ներկայությունը ժողովին, անդրադարձավ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի առաքելությանը և գումարված 6-րդ ժողովի արդյունքներին՝ նշելով, որ ժողովը մեծապես նպաստում է Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանը։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց նաև այն մշտական զորակցությունը, որ հայրենի իշխանությունների կողմից դրսևորվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ։

«Հայ Եկեղեցին մշտապես մեր պետության կողքին է, պատրաստ իր կարողություններով, աշխարհասփյուռ թեմերով ու կառույցներով աջակցություն բերելու Ձեզ և հայրենի իշխանություններին՝ մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների ու դժվարությունների հաղթահարման և մեր ժողովրդի նվիրական իղձերի իրականացման գործում», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաջողություններ մաղթելով ՀՀ նախագահին պատասխանատու նրա բարձր առաքելության մեջ։

Այնուհետև ժողովականներին ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ կարևորելով Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովի գումարումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Տիար Սերժ Սարգսյանը արդյունավետ աշխատանք մաղթեց ժողովի աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը պատասխանեց ժողովի մասնակիցներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներին, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը, հայրենիքի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին, Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին ցուցաբերվող աջակցությանը, եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդմանը։

08.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․