3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

«Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան»

- Հա՛յր, հաճախ ստիպված ենք լինում լսել «Եկեղեցու նորոգման, բարեփոխման» մասին: Ասես Եկեղեցին նույնպես ծերանում է և նորոգության կարիք ունի:

- «Ծերացե՞լ է»: Չէ՜ մի: Նույնիսկ նրանք, որ ակնածանք չունեն, բայց գլխում գոնե մի փոքր դատողություն ունեն, նոր, ժամանակակից նորոգումներով չեն գոհանում, այլ հինն են փնտրում: Օրինակ՝ նոր ոճի սրբապատկերները նման մարդկանց չեն հուզում, նրանք հին սրբապատկերների արժեքը հասկանում են: Եվ եթե ուղղակի խելամիտներն են իրենց այդպես պահում, ապա էլ ինչ խոսք նրանց մասին, ովքեր ակնածանք ունեն: Այս համեմատությունից պարզ է, թե «Եկեղեցու նորոգման» և նման բաների մասին խոսակցությունները որքան սխալ են:

Եթե այսօր մարդը փորձում է ինչ-որ կերպ պահպանել Ավանդությունը՝ պահել պահքերը, տոներին չաշխատել, երկյուղած լինել, ապա ոմանք ասում են. «Նա, ինչ է, Լուսնի՞ց է ընկել: Այդ ամենն անցյալի մնացուկներ են: Այժմ դա հնացած է»: Իսկ եթե փորձես նրանց խելքի բերել, ապա կլսես ի պատասխան. «Դու ո՞ր ժամանակներում ես ապրում: Այդ ամենը մոռացվել է»: Եկեղեցու Ավանդությունը կամաց-կամաց որպես հեքիաթ են ընդունում: Սակայն Սուրբ Գիրքն ի՞նչ է ասում: «Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13:8): Եթե մարդը չի կարող Ավանդությանը հետևել, ապա թող գոնե ասի. «Մեղա՜, Տե՛ր»: Այդժամ Աստված կողորմի այդ մարդուն: Բայց այսօր, եթե մարդ որևէ թուլություն ունենա, ապա ուզում է իր մերձավորին էլ հարկադրել դրան, որովհետև եթե մերձավորն այդ թուլությունը չունի, ապա դա մերկացնում է մեղավորին: Դիվահարին վերցրու ու ինչ-որ հոգևոր միջավայրում դիր: Ա՛յ կտեսնես, նա կսկսի շուռումուռ գալ, կարծես փշերի վրա լինի, իր տեղը չի գտնի: Որովհետև հոգևոր միջավայրը կսկսի անհանգստացնել նրան: Այդպես էլ մեղքի մեջ ապրող մարդիկ են՝ այլոց արդար կյանքը մերկացնում է նրանց, անհանգստացնում: Նրանք ձգտում են իրենց խղճի կոկորդից բռնել և այդ պատճառով են այդ ողջ սուտն ասում «անցյալի մնացուկների» մասին: Նրանք նույնիսկ [հավիտենական] արժեքներն են իրենց դարն ապրած հայտարարում և ուզում են այդ արժեքները սանձարձակություններով փոխարինել: Աշխարհում բարոյական մեծ անկում է տեղի ունենում: Հոգևոր գեղեցկությունն այլանդակություն են համարում: Այսինքն, այս աշխարհի մարդկանց համար հոգևոր գեղեցկությունը աշխարհիկ առումով տգեղ է թվում: Իսկ դու որևէ մենակյացի վերցրու ու մազերը կտրիր: Որքա՜ն կտգեղանա: Սակայն այդ տգեղությունը այս աշխարհի մարդիկ որպես գեղեցկություն են ընդունում:

Եվ տե՛ս՝ այսօր կռվում են Եկեղեցու դեմ, պայքարում նրա կործանման համար: Լավ, ենթադրենք, այդ մարդիկ չեն հավատում: Ենթադրենք նրանք ուրիշներին անաստվածություն են սովորեցնում: Բայց նրանք ինչպե՞ս կարող են չընդունել այն բարիքը, որ Եկեղեցին է մարդկանց տալիս, նրանք ինչպե՞ս են հանդգնում նրա դեմ գնալ: Այդ ամենի մեջ մեծ չարություն կա: Օրինակ՝ նրանք ինչպե՞ս կարող են չընդունել այն, որ Եկեղեցին հոգ է տանում երեխաների մասին, որ օգնում է նրանց բարի մարդիկ դառնալ, այլ ոչ թե՝ խուլիգաններ: Սակայն նրանք երեխաներին դեպի չարն են դրդում, նրանք արձակում են նրանց ձեռքերը, ովքեր պղծում են երեխաներին: Իսկ Եկեղեցին ի՞նչ է սովորեցնում պատանիներին: Խելամիտ երեխա լինել, հարգել ուրիշներին, իրեն մաքրության մեջ պահել, որպեսզի որպես իսկական մարդ մուտք գործեն հասարակություն: Սակայն [չնայած Եկեղեցին կործանողների ջանքերին] ամեն բան կրկին իր տեղը կընկնի: Ռուսաստանում, դեռևս անաստվածության վարչակարգի ժամանակ, մի տատիկ եկեղեցի գնաց, ծնկի իջավ սյան ետևն ու սկսեց աղոթել: Նրա հետ միաժամանակ մի կին էլ հայտնվեց եկեղեցում՝ երիտասարդ մեկը: Չնայած իր երիտասարդ տարիքին, նա արդեն աչքի ընկնող գիտաշխատող էր: Ծնկի իջած աղոթող տատիկին տեսնելով՝ երիտասարդ կինն ասաց. «Այս ամենը վաղուց անցած օրերի բան է»: Իսկ տատիկը նրան այսպես պատասխանեց. «Հենց այս սյան մոտ, որտեղ ես այժմ աղոթում եմ ու լաց լինում, հետո դու ես գալու լացելու: Որովհետև ձերը, աղջի՛կս, այսօր կա, վաղը՝ չէ: Իսկ քրիստոնեությունը երբեք չի մոռացվելու»:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

21.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․