Գրքեր

Հիվանդ երեխաները

- Հա՛յր, այն հիվանդ երեխան, որին այսօր ծնողները բերեցին, շատ է տանջվում:

- Ոչինչ, նրա հիվանդությունը կամաց-կամաց կանցնի:  Բայց հետո ողջ կյանքում զգայունությունը կմնա, և նա կհիշի իր հիվանդությունը: Այդ զգայունությունն օգնելու է նրան հոգևոր առումով:

- Հա՛յր, սպիտակարյունությամբ հիվանդ երեխաները նույնպես շատ են տառապում:

- Այդպիսի երեխաներին Սուրբ Հաղորդությունն է շատ օգնում: Բազմաթիվ երեխաներ են Սուրբ Հաղորդության միջոցով բուժվել իրենց այդ հիվանդությունից: 145 (144)-րդ սաղմոսը կարդալով, որում խնդրում ենք Աստծուն դադարեցնել այն մարդկանց արյունահոսությունը, ովքեր տառապում են դրանով*, աղոթենք նաև, որպեսզի Աստված օգնի սպիտակարյունությամբ տառապող երեխաներին, նաև խնդրենք, որպեսզի հիվանդանոցներում բավականաչափ արյուն լինի թալասսեմիայով (Կուլիի անեմիա) տառապող երեխաների համար: Այդ երեխաներն ավելի շատ են տանջվում, քան Հերովդեսի կոտորած մանուկները (Մատթ. 2:16): Հիվանդությունների պատճառով տանջվելով՝ երեխաները կատարյալ վարձք ունեն, որովհետև անմեղ են: Հաջորդ կյանքում որքա՜ն երեխաներ կտեսնենք բեթղեհեմյան սպանված մանուկների հրեշտակային, մարտիրոսական կարգի հետ միասին: Երկու ամսական մանկիկներին վիրահատում են, սրսկում, կաթիլային միացում անում: Ախր այդ պստլիկ թաթիկի վրա որտեղի՞ց երակ գտնես: Եվ նրանց ծակում են, ծակում... Նորածնի մոտ գլխուղեղի ուռուցք է և նրան ճառագայթում են, փոքրիկ գլուխը պառկած է էլեկտրական հաստ լարերի մեջ... Նույնիսկ մեծահասկն ի վիճակի չէ դիմանալու դրան, էլ ո՜ւր մնաց փոքրիկները:

- Հա՛յր, վերջ ի վերջո այդ փոքրիկներն առողջանո՞ւմ են, թե՞ մահանում:

- Դե, շատերն, իհարկե, մահանում են, բայց նրանց ծնողներն ինչպե՞ս կարող են առանց բուժօգնության թողնել նրանց:

- Իսկ իմաստ ունի՞, որ մանկաբույժները փորձում են վաղաժամ ծնված նորածինների կյանքը պահպանել:

- Բժիշկներն ամեն հնարավոր բան պետք է անեն և միևնույն ժամանակ նաև աղոթեն այդ մանկիկների համար: «Տե՛ր Աստված,- պետք է ասեն բժիշկները,- եթե այս երեխան պիտի ողջ մնա ու ամբողջ կյանքը տառապի, ուրեմն խնդրում եմ նրան Քեզ մոտ առ»: Եվ միևնույն ժամանակ պետք է հոգ տանեն, որպեսզի մանուկները մկրտվեն: Այդ ժամանակ այդ փոքրիկները վառած մոմերով կդիմավորեն իրենց բժիշկներին Դրախտում:

Իսկ երբ երեխաներն արդեն այն տարիքում են, որ կարող են ինչ-որ բան հասկանալ, բժիշկները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի չվնասեն նրանց, երբ հայտնեն ախտորոշումը: Ութնամյա մի երեխայի բժիշկն ասաց. «Դու կուրանալու ես»: Նրա հայրը երեխայի հետ ինձ մոտ եկավ ու հենց երեխայի ներկայությամբ սկսեց պատմել. «Մենք նրան արտասահման ենք տարել՝ հետազոտման: Մեզ ասացին, որ նա կուրանալու է»: Ախր նույնիսկ առողջ երեխան կարող է հիվանդանալ, եթե նման բան լսի: Էլ ի՜նչ ասես հիվանդ երեխայի մասին:

 

* Սուրբ հայր Արսեն Կապադովկիացին 145 (144)-րդ սաղմոսն էր կարդում նման դեպքերում:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

08.08.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․