Գրքեր

Հնազանդության մասին

Մի մարդ իր երեք որդիներին թողեց քաղաքում և գնաց վանք: Երբ այնտեղ մնաց երեք տարի, խորհուրդներն սկսեցին նեղել նրան և տրտմեցնել իր որդիների համար: Երբ վանահայրը տեսավ նրան այդպես տխուր, չիմանալով տրտմության պատճառը` հարցրեց նրան և ասաց. «Ինչո՞ւ ես տխուր»: Այնժամ պատմեց նրան եղբայրը և ասաց. «Երեք որդիներս քաղաքում են, և ուզում եմ նրանց էլ բերել այստեղ»: Եվ հրամայեց հայրը գնալ և նրանց բերել վանք: Եվ երբ նա գնաց քաղաք, երկու որդուն վախճանված գտավ: Մի տղային և իր ունեցվածքի մի մասը վերցնելով՝ եկավ վանք և հոր հրահանգով տղային տեղավորեց վանքի հացատանը` աշխատելու այնտեղ: Իսկ երբ վանահայրը եկավ հացատուն և տեսավ տղային, համբուրեց նրան և նրա հորն ասաց. «Դու սաստիկ սիրո՞ւմ ես սրան»: Իսկ նա պատասխանեց. «Այո՛, հա՛յր, սիրում եմ»: Հայրն ասաց. «Գիտեմ, որ սիրում ես, սակայն վերցրո՛ւ սրան և գցի՛ր վառվող փուռը»: Ո՜վ ողորմած Քրիստոս, քանզի հնազանդվելով սուրբ հոր հրահանգին՝ այն տղայի երանելի հայրը, նույն պահին վերցնելով տղային, գցեց այն բորբոքված կրակի մեջ, և մեծ հրաշք եղավ: Ինչպես երեք երիտասարդների հնոցը (Դան.  Գ 19-50), այստեղ ևս նույնը եղավ, քանզի փռի բոցը ցողի վերածվեց և չայրեց տղային, և նրա գլխի մեկ մազն իսկ չվնասվեց: Սա եղավ իբրև Աբելի և նախահայր Աբրահամի պատարագը, որոնք, ինչպես և այս երիտասարդը, ողջությամբ պահպանվեցին Քրիստոս Աստծո շնորհով: Եվ ովքեր լսում էին, գոհանում էին Աստծուց, քանզի հանելով տղային փռից` կարմրադեմ գեղեցկությամբ և քրտինքների մեջ, տվեցին հորը, և վանահայրն ասաց. «Այսպես սքանչելի է հնազանդության պտուղը»: Եվ հիացած փառք էին տալիս Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․