Գրքեր

Հնազանդության մասին

Հովհաննես Սաբայիտացին հիշարժան պատմություն պատմեց մեզ. «Ասիայի իմ վանքում (քանզի արդարը այնտեղից էր եկել)»,– ասաց,– «հեռավոր կողմերից եկած մի ծեր էր բնակվում, որը շատ հեղգ և անհագուրդ մեկն էր: Այս ասելով` ոչ թե դատում եմ նրան»,– ասաց­, «այլ երևան եմ հանում ճշմարտությունը: Այսպիսի մեկը, չգիտեմ թե ինչպես, աշակերտ ստացավ մի երիտասարդ տղայի, որի անունն էր Ակակիոս, ով մանկությունից ի վեր ընթանում էր մաքուր վարքով և իմաստուն խորհրդով: Հենց այդպիսին էր, որ այս ծերին համբերում և հնազանդվում էր, որովհետև բազում գործերի մեջ նա հավասար էր անհավատներին, քանզի ոչ միայն անարգանքներով և անպատվությամբ, այլև գանահարելով՝ ամեն օր տանջում էր Ակակիոսին, իսկ նա համբերում էր այս անարգ ծերին և նրա անողորմ բարքին, որովհետև տրտունջի մի խոսք անգամ չէր հանում իր բերանից: Իսկ ես ամեն օր տեսնում էի նրան՝ որպես մի գնված ծառայի՝ չարչարանքների մեջ: Մի օր հանդիպելով նրան` ասացի. «Ի՞նչ կա, եղբա՛յր Ակակիե, ինչպե՞ս ես այսօր»: Եվ նա, որպես թե Տիրոջից ստացած՝ ինձ ցույց տվեց աչքի կապտուկները, գանահարված ու վիրավորված գլուխն ու պարանոցը: Եվ ես հասկացա, որ վաստակաշատ է երիտասարդը, և ասացի նրան. «Բարի՛, բարի՛, համբերի՛ր և մեծապես կշահես»: Եվ ինը տարի մնաց նա այնտեղ՝ այն անողորմ ծերի մոտ, և չհեռացավ նրա մոտից և այդպիսի տանջանքների մեջ լինելով հանդերձ՝ երբեք անհնազանդ չեղավ»: Եվ ինը տարի հետո փոխվեց առ Տեր, և նրան թաղեցին հայրերի գերեզմանում: Եվ հինգ օր անց այս ծերը, որ Ակակիոսի վերակացուն էր, գնաց մեծ վերակացուի մոտ և ասաց նրան. «Հա՛յր, մեր եղբայր Ակակիոսը մեռավ»: Ծերն ասաց. «Հավատա՛, եղբա՛յր, չեմ հավատում, թե Ակակիոս եղբայրը մեռավ»: Սա նրան ասաց. «Ե՛կ և տե՛ս, հա՛յր, որ չեմ ստում»: Եվ վեր կենալով ծերը հապշտապ գնաց դեպի գերեզմանը և ասաց. «Ա՞յս է Ակակիոսի գերեզմանը, որին մեռած ես համարում»: Նա ասաց. «Այո՛, հա՛յր, այս է»: Իսկ մեծ վերակացու ծերը ձայնեց ճշմարիտ ննջեցյալին՝ որպես ողջի, և ասաց. «Եղբա՛յր Ակակիե, մեռա՞ր»: Իսկ նա, որ բարեմիտ էր և լսող, հետմահու ևս ցուցաբերեց իր հնազանդությունը և մեծին պատասխանեց. «Հա՛յր, ինչպե՞ս կարող են հնազանդություն ունեցող մարդիկ մեռնել»: Այնժամ մեծն ասաց այն ծերին. «Ո՜վ դու, տե՛ս, որ չի մեռել հնազանդության որդին, և ինչպե՞ս դու մեռած համարեցիր ճշմարիտ հնազանդության կենդանի նահատակ՝ երանելի երիտասարդ Ակակիոսին»: Այնժամ Ակակիոսի նախկին վերակացու ծերը, ահով բռնված, արտասուքներով ընկավ իր երեսի վրա, դառնապես լաց եղավ և ասաց հայրերին. «Ես սպանեցի նրան»: Եվ խուց կառուցեց նրա գերեզմանի մոտ և այնուհետև իմաստությամբ և զգաստությամբ իր բոլոր օրերին մեծ սուգով լացեց և ողբաց»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

07.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․