Գրքեր

Հոգանք մեր երեխաների հոգու փրկության մասին

Երեխան Աստծո պարգևն է ծնողներին և նրանց հիմնական նպատակը քրիստոնեական դաստիարակությամբ երեխային մոտեցնելն է Քրիստոսին: Ծնողը պատասխանատու է Աստծո առջև երեխայի հոգու համար, թե որքանով է ջանք թափել հավատի սերմեր սերմանելու և բարի պտուղներ ստանալու համար: Իսկ երբ ջանքերը բարի արդյունք են տալիս, Աստծո ողորմության ուրախությունը պատում է ծնողի սիրտը: Անհնար է հաջողությամբ պայքարել երեխայի սխալների դեմ, եթե այդ նույն սխալների մեջ ինքը ծնողն է գտնվում: Սա նման է խեցգետնի այն առակին, որ խրատ է տալիս իր ձագերին ուղիղ քայլել: Ճարտար ձագն իսկույն պատասխան է տալիս. «Հա́յր, ես քո շեղ քայլելն եմ տեսնում»:

Երեխայի քրիստոնեական դաստիարակության մեջ իր որոշիչ ազդեցությունն է ունենում ծնողի հոգևոր աշխարհում առկա քրիստոնեական արժեքները, որ դառնում է այն կարևոր հիմքը, որի վրա կառուցվում է ցանկալի շենքը: Քրիստոնեական կյանքի նպատակն է հասնել հոգևոր կատարելության, իհարկե, դա դժվար է, բայց չմոռանանք Սբ. Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «… Իմ զորությունն ամբողջապես հայտնվում է մարդու տկարության մեջ» (Բ Կորնթացիներ 12:9): Կարևորը գիտակցել խնդիրը, Աստծո օգնականությանը հուսալով գործել, թողություն խնդրել Տիրոջից և խոնարհաբար ու գոհունակությամբ ընդունել այն, ինչ Տերը կտա: Քանի որ մեր Տիրոջ խոսքի համաձայն. «Ինչ-որ անկարելի է մարդկանց համար, կարելի է Աստծո համար» (Ղուկաս 18:27):

Ի՞նչ կանեիր, եթե լինեիր այն մոր տեղը, ով հոգ էր տարել իր որդուն և լավ դաստիարակել նրան, որը, սակայն տեսնում է իր որդուն մեկը մյուսի ետևից վատ արարքներ անելիս: Ի՞նչ կանեիր, եթե նա երբեք չլսեր քեզ, երբեք ուշադրություն չդարձներ քո աղերսալից խորհուրդներին և խրատներին: Այսպիսի մի խնդրի առջև էր կանգնած Մոնիկա անունով մի կին ծնված 322 թ-ին Հյուսիսային Աֆրիկայի Տագաստե քաղաքում: Այս կնոջ աղոթքներով հեթանոս ամուսինն ընդունեց քրիստոնեությունը և մկրտվեց, բայց նա անհանգստացած էր իր երեք զավակներից մեկի համար, ով չէր լսում իրեն և անհոգ կյանքով էր ապրում: Բայց Մոնիկան անդադար աղոթում էր, մի եպիսկոպոս իրեն քաջալերեց համբերատար աղոթելու և ի մխիթարություն ասաց. «Այսքան շատ աղոթքներով ու արտասուքով մոր զավակը չի կորչի առհավետ»: Տարիներ անց նրա համբերատար և անդադար աղոթքներն իրենց պտուղը տվեցին. նրա որդին վերադարձավ եկեղեցի՝ ճշմարիտ հավատի, դարձավ աշխարհահռչակ ուսուցիչ և հավատի մասին գրող մեծ հեղինակներից մեկը: Նա Սբ. Օգոստինոս Երանելին էր:

Բայց ահա Աստվածաշնչյան կերպարներից Հեղի քահանան իր տղաների դաստիարակության հարցում չգործադրեց այն բոլոր ջանքերը, որ անհրաժեշտ էր: Հեղի քահանայի որդիներն անզգամ էին և չէին ճանաչում Տիրոջը, բազում մեղքեր ունեին Նրա առաջ: Եվ Տերը Սամվել մարգարեին Հեղի քահանայի որդիների հետ կապված ասաց. «Իր որդիների գործած անօրենությունների համար մինչև վերջ իր սերնդից վրեժ պիտի լուծեմ, որովհետև իր որդիները Աստծուն էին անարգում, իսկ նա նրանց չէր հանդիմանում» (Ա Թագավորություններ 2,3,4):

Խրիմյան Հայրիկն իր «Դրախտի ընտանիք» գրքում նշում է այն բարիքները, որ երեխան ստանում է Երկնավոր Հորից՝ շունչ ու կյանք, սքանչելի պատկեր ու կերպարանք, արև, անձրև, հաց ու ջուր, իսկ երկրային ծնողներին մնում է դաստիարակությունը, որի առաջին մեծ դասը նա համարում է կրոնն ու աստվածպաշտությունը:

Եվ հարկ է, որ յուրաքանչյուր ծնող ականջալուր լինի նաև Սբ. Հովհան Ոսկեբերանի խրատին երեխայի դաստիարակության հետ կապված. «Խնդրում և աղաչում եմ ձեզ, սիրելինե՛րս, եկեք մեծ խնամքով վերաբերվենք մեր երեխաներին ու ամեն կերպ հոգ տանենք նրանց հոգու փրկության մասին: Ընդօրինակեք երանելի Հոբին, ով վախենալով իր երեխաների մտովի մեղսագործությունից, նրանց համար զոհեր մատուցեց և երևան բերեց մեծ հոգատարություն, ընդօրինակեք Աբրահամին, որ նույնպես ձեռ ու ոտ չէր ընկնում հարստության և ունեցվածքի համար, այլ հոգ էր տանում աստվածային օրենքների մասին, թե ինչպես դրանք պահպանել և անվնաս ժառանգել սերունդներին: Այդ պատճառով ծնողները չպետք է մտածեն այն մասին, թե ինչպես իրենց զավակներին արծաթով ու ոսկով հարստացնեն, այլ այն մասին, թե ինչպես նրանք դառնան բոլորից հարուստ բարեպաշտությամբ, իմաստությամբ և առաքինության ինչքով, որքան էլ նրանք շատ բաների պակասություն ունենան: Չէ՞ որ, եթե մեզնից հաշիվ է պահանջվում ուրիշներին հոգ տանելու համար, իսկ ասված է՝«ոչ ոք միայն իրենը թող չփնտրի, այլ նաև ընկերոջինը» (Ա Կորնթացիներ 10.24), ապա որքան ավելի է պահանջվելու երեխաների համար»:

 

 

Կարինե Սուգիկյան

15.01.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․