11 Օգոստոս, Գշ, Աստվածածնի պահքի Բ օր

Գրքեր

Հոգեգալուստ

Սիրասո՛ւն զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,

Կրկին տոն է մեր Մայր Եկեղեցում, կրկին տոնականորեն են ղողանջում եկեղեցիների զանգերը Հայոց աշխարհում՝ հավատացյալներին հրավիրելով հայրական սուրբ հարկի ներքո նշելու կարևորագույն ու մեծաշուք այս տոնը: Այսօր Հոգեգալուստի տոնն է, սիրելինե՛ր, որի առթիվ էլ շնորհավորում եմ բոլորիս և փառաբանություն վերառաքում առ Բարեգութ ու Բազումողորմ Տեր, որ մեզ ևս անմասն չի թողնում Իր անհատնում շնորհներից:

Տասը օր էր անցել Քրիստոսի երկինք համբարձվելուց: Երուսաղեմն այլևս չէր զգում Մարդացյալ Աստծու օրհնյալ քայլերն իր փողոցներում, սակայն Նրա մասին հիշողությունն ամենուր էր և այնքան վառ ու կենդանի էր տպավորվել քաղաքի սրտում, որ նույնիսկ այժմ՝ երկու հազարամյակ անց, սուրբ քաղաք այցելող ուխտավորները մաշկով են զգում կենդանի Աստծու ներկայությունը: Սակայն այլ պատմություն են Սուրբ Երկրի ու Երուսաղեմի բարձունքները: Դրանք լուռ վկաներն ու կրողներն են Քրիստոսի կյանքի մեծախորհուրդ ու հիասքանչ իրադարձությունների: Թաբոր լեռն իր սրտին է դրոշմել Փրկչի պայծառակերպության աստվածային փառաշող լույսը: Գողգոթայի բարձունքը երկյուղածորեն բաց է արել իր գիրկն ու ներկվել Նրա սրբասուրբ փրկչական արյամբ: Ձիթենյաց լեռն էլ, հանց անգին մասունք, դաջել է համբարձվող Տիրոջ վերջին ոտնահետքն իր կրծքին և մեծագույն պատվով կրելու է մինչ Նրա փառահեղ երկրորդ գալուստը: Սակայն այս բոլոր բարձունքների մեջ իր ուրույն տեղն է գրավում մեկ այլ կարևոր բարձրադիր վայր, որը ևս գլխավոր ականատեսներից է մարմնացյալ Աստծու գործունեության կարևորագույն դրվագների. Վերնատունն է դա: Այն համեստ ու լուռ է: Սակայն այդ սրբազան լռության մեջ հստակ ուրվագծվում են զարմանահրաշ պատմություններ, որոնք Աստծու ամենակալ աջով սկիզբ են առել առաջին եկեղեցու պատերի մեջ և շարունակվում են տեղի ունենալ մերօրյա եկեղեցիներում: Վերնատունը հիշում ու հիշեցնում է Քրիստոսի խոնարհության մեծագույն դասը, որ տրվեց ոտնլվայի ժամանակ: Սուրբ Հաղորդության սրբազան խորհուրդը ևս Տերն այստեղ հաստատեց: Այս պատերից ներս Իր աշակերտներին հայտնվեց հարությունից հետո: Եվ ահա Երկինք համբարձվելուց տասը օր անց, երբ առաքյալները, Տիրոջ պատվերի համաձայն, կրկին վերնատանն էին, տեղի ունեցավ ևս մեկ կարևորագույն իրադարձություն, որով լրացավ ու ամբողջացավ Արարչի փրկչական ծրագրի լիակատար պատկերը:

«…. եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. 16:7): Ո՞ր բարձունքին էր արդյոք Քրիստոս Հորն աղոթել Իր սիրելիներին մխիթարություն շնորհելու համար, չգիտենք: Սակայն վստահ ենք, որ միայն սիրող ու հոգատար սրտից կարող էր ծնվել այդ աղոթքը: Միայն սիրող սիրտը կարող էր հոգալ սիրելիների մխիթարության մասին, որի կարիքն անշուշտ պիտի ունենային, երբ իրենց միայնակ ու որբացած զգային Վարդապետի հեռանալուց հետո: Սակայն այս անգամ էլ չուշացավ Տիրոջ օգնությունն այնպես, ինչպես երբեք չի ուշացել: «Եվ ահա ես ուղարկում եմ Ձեզ իմ Հոր խոստումը, իսկ դուք նստեցե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք» (Ղուկ. 24:49):

«Զորությամբ զգեստավորվեք»: Լսո՞ւմ եք՝ ինչ է ասում Տերը: Ձեր հոգով անցկացրեք այս խոսքերը, սիրելինե՛ր, որովհետև դրանք ուղղված են նաև ձեզնից յուրաքանչյուրին: Սա մի պարզ նվեր չէ, սիրելի՛ հավատացյալներ, այլ անգին ու հզոր պարգև է, սա հոգևոր այն անխոցելի վահանն է, որը Տերը շնորհում է Իր սիրելիներից յուրաքանչյուրին և որի դեմ անզոր են չարի բոլոր դրսևորումները: Եվ մեր բարեգութ Հայրն այն տալիս է ձրիաբար, առատորեն պարգևում է, միայն թե ընդառանջ գնանք ու վերցնենք այնպես, ինչպես առաքյալներն արեցին: Սուրբ Ղուկաս ավետարանիչը նշում է, որ Տիրամայրն ու աշակերտները «միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն» (Ղուկ. 24:53) «բոլորը, միասիրտ, հարատևորեն աղոթքի մեջ էին» (Գործք 1:14) և երբ «Ամենքը լցվեցին Սուրբ Հոգով. ու համարձակությամբ Աստծու խոսքն էին խոսում, հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր» (Գործք 4:31-32): Ահա կարևորագույն այն պայմանները, որոնք պահելով, որոնց հետևելով՝ առաքյալներն արժանացան Սուրբ Երրորդության երրորդ անձի՝ Սուրբ Հոգու գալստյանն ու բնակությանը իրենցից յուրաքանչյուրի հոգու տաճարում: Սուրբ Հոգին հայտնվեց կրակե լեզուների տեսքով և ի՞նչը պիտի բոցավառեր, եթե առաքյալների հոգում չտեսներ հավատի հաստատուն կանթեղը՝ լցված սիրո ու հավատի գործերի անուշաբույր յուղով…

Սուրբ Հոգու գալուստը զորեղագույն մի իրողություն է մարդու կյանքում, անգնահատելի շնորհ՝ Սիրող Հորից առաքված Իր թեկուզ մեղավոր, թեկուզ անկատար, թեկուզ անմտության աստիճանի համառ, բայց այնքան սիրելի զավակին: Ամենազոր Աստծու կենդանի ներկայությունը սեփական հոգում… Խենթացնող գիտակցություն է, սիրելի՛ հավատացյալներ, և ինչպիսի՜ ներկայություն՝ բժշկող ու ապրեցնող, սրբագործող ու վեհացնող, սիրող, մխիթարող ու զորացնող: Անվերջ կարելի է թվել Տիրոջ ներկայության պարգևները, բայց ես ուզում եմ, որպեսզի դուք հիշեք այն պտուղները, որոնք պիտի վկայեն ձեր հոգում Սուրբ Հոգու ներկայության մասին, որոնք պիտի նվիրեք ձեզ շրջապատող մարդկանց ու որպես ընծա մատուցեք Տիրոջ զոհասեղանին, և որոնք ձեզ կառաջնորդեն փրկության ճանապարհով դեպի արդարների օթևանները:

Պողոս առաքյալը ներկա չէր Հոգեգալուստին վերնատանը, սակայն նրա՝ Քրիստոսի սիրով ու աստվածային իմաստությամբ բոցավառ հոգին վառ ապացույցն է այն բանի, որ Սուրբ Հոգու գալուստը շարունակական ու հավերժ իրողություն է Քրիստոսի սուրբ անունը կրող յուրաքանչյուր հոգու համար: Հոգեգալուստն այլևս Քրիստոսի Եկեղեցու մշտամնա խորհուրդն է: Եվ ահա հենց Պողոս առաքյալն է, որ, Սուրբ Հոգով ներշնչված, գրում է Նրա պտուղների մասին. «Հոգու պտուղն այս է՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. այսպիսի բաներին օրենք չկա» (Գաղ. 5:22): Երբ տուն գնաք, սիրելի՛ հավատացյալներ, կարդացեք այս տողերը, իսկ այնուհետև ստուգեք ձեր սրտի շտեմարանն ու ըստ թվարկվածների չափեք ձեր հոգևոր պտուղները: Սրանք հոգևոր այն հատկանիշներն են, որոնք մեզնից ակնկալում է Բարի պարտիզպանը, որովհետև ամեն միջոց փորձել է, ամեն ինչ արել ու անում է, որպեսզի առատորեն պտուղներ նվիրաբերենք մեր Երկնավոր Բարերարին: Սուրբ Հոգին եկավ՝ իր հետ բերելով Կենաց ջուրը, որպեսզի միայն աչքին հաճելի, սակայն անպտուղ ծառեր չլինենք, որպեսզի հիվանդ ու չորացած ծառեր չլինենք, որ կտրվելու ու դեն նետվելու են արժանի, այլ անսահման երախտագիտությամբ ընդունելով Կենսատու և անմահական ջուրը՝ առատորեն պտղաբերենք ի փառս Աստծու և ի փրկություն մեր հոգու: Եվ եթե Հոգու պտուղները հերթով ձեզ վրա փորձելով՝ պարզեք, որ դրանցից որևէ մեկը կամ մի քանիսը պակասում են, ուրեմն դեռ շատ անելիք ունեք, սիրելինե՛ր, դեռ շատ աշխատանք ունեք անելու և երկար ճանապարհ՝ անցնելու:

Երբ Սուրբ Հոգին իջավ վերնատանը, Նա խոսեց ներկաներից յուրաքանչյուրի սրտի լեզվով՝ դիպչելով այն լարերին, որոնք առավել ընկալունակ էին այդ պահին: Եվ այսօր էլ ճիշտ նույն կերպով է գործում՝ մեկին այցելելով սուրբգրային որևէ խոսքով կամ սրբի վարքով, մյուսին գթասրտության կամ անձնական հրաշքի որևէ դրսևորումով, երրորդին «Տեր ողորմյա»-ի հոգեցունց տաղով միգուցե կամ սուրբ Պատարագի որևէ պատառիկով: Սրտագետ Տերը գիտե յուրաքանչյուրիս հոգու խորքերը թափանցելու ճանապարհը, հարկ է միայն, որպեսզի ինքներս հավատի, հակվածության, հետաքրքության գեթ մեկ նշույլ ցույց տանք Նրան: Եվ երբ Սուրբ Երրորդության երրորդ անձի մաքրագործ կրակի լեզվակը դիպչում է մարդու հոգուն, այնժամ վերափոխվում է մարդը, մաքրվում որոմից ու փշից, մաքրվում այն ամենից, ինչ աստվածային չէ՝ երևան հանելով Աստծու այն սիրելի լուսե պատկերը, որի համաձայն արարվել է: Նրա հայացքում արտացոլվում է Երկինքն ու հավերժի լույսը: Նրա խոսքը լեռնային վճիտ առվակի մաքրություն և անարատ մեղրի քաղցրություն ու բուժիչ հատկություն է ստանում: Նրա գործը դառնում է սեր, խնդություն, խոնարհություն ու ողորմածություն: Եվ անչափ կարևոր է անձնական Հոգեգալուստից հետո էլ ոչ միայն չկորցնել այդ անգին պարգևը, որ ստանում ենք Ամենակալի անեզր սիրով ու անհատակ ողորմածությամբ, այլև մեր հնարավորության չափով ավելացնել այն: Որովհետև երբ մեղանչելով՝ կորցնում ենք շնորհը և Սուրբ Հոգուն հեռացնում մեզանից, ամայանում է մեր սիրտն ու խնդությանն ու խաղաղությանը փոխարինելու են գալիս տագնապը, թախիծն ու հուսահատությունը: Իսկ դրանից խուսափելու համար հիշե՛ք առաքյալներին, սիրելինե՛ր, հիշե՛ք վերնատունը, և թող որ Տեր Հիսուս Քրիստոս ու Նրա Եկեղեցին ձեր կյանքի կենտրոնը լինեն: Սուրբ Հոգու՝ վերնատանը հայտնվելը ցույց տվեց եկեղեցու կյանքի անբաժան մասնիկը դառնալու և ընդհանրական աղոթքի կարևորությունը: Ցույց տվեց «եկեղեցի գնալու կարիք չկա, ես իմ Աստծուն իմ հոգում եմ պաշտում» խոսքերի սխալականությունը: Ցույց տվեց Աստծուց միշտ և ամեն պարագայում գոհանալու և Նրան փառաբանելու կարևորությունը (հմմտ. Եփես. 5:20): Ցույց տվեց Քրիստոսի խոսքին հնազանդվելու կարևորությունը, ինչպես և Եկեղեցու հայրերն են սովորեցնում՝ ասելով. «Լսի՛ր Աստծուն պատվիրաններում, որպեսզի Նա էլ քեզ լսի քո աղոթքներում»: Արդ, հետևելով առաքյալի այն խոսքին՝ թե. «Եթե ապրում ենք Հոգով, ըստ Հոգու էլ ընթանանք» (Գաղ. 5:25), Աստծու պարգևած յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր շունչն ու սրտի յուրաքանչյուր զարկն ուղղենք մեր փրկության գործին՝ Սուրբ Հոգու պտղառատ պարտեզ դառնալով: Հարատևե՛նք աղոթքի մեջ, չձանձրանա՛նք հոգևոր գործերից, սիրո՛վ ու խոնարհությա՛մբ ծառայենք մեկմեկու, ուրախությա՛մբ ողորմություն անենք: Զսպե՛նք մեր մարմինը, հատե՛նք մեր կրքերը, որպեսզի Արդարադատ Դատավորն էլ հատուցման կացինը հեռացնի մեր արմատից: Ավելի քաղցր բան չկա, սիրելի՛ հավատացյալներ, քան Քրիստոսի ամենասուրբ ներկայությունը մեր հոգու տաճարում: Ավելի մեծ մխիթարություն ու զորություն չկա, քան Սուրբ Հոգու ներկայությունը մեր սրտում: Ուստի գնահատե՛նք Տիրոջ անգին պարգևները, քանի դեռ դրա ժամանակն ունենք և սուրբ Ներսես Շնորհալու հետ միասին աղերսենք.

 

Հոգի՛ Աստծու, Աստվա՛ծ ճշմարիտ,

Որ իջար Հորդանան և Վերնատուն

Եվ լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ,

Մեղա՜ երկնքի և Քո առաջ,

Մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով,

Ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

31.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․