Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Հայր Մակարը տեսավ մի աբեղայի` շրջապատված կանա­ցի կերպարանք առած դևերով, որովհետև ծույլ էր: Գնաց նրա մոտ ու սկսեց չարախոսել իր անձի մասին, թե՝ ծույլ եմ և այս ծերությանս մեջ դևերի խաղալիք եմ դարձել: Եվ աբեղան ասաց. «Աստված է ճա­րը»: Իսկ հայր Մակարն ասաց. «Քեզ չեմ թողնի, մինչև ինձ երաշխիք չտաս, որ կաղոթես ինձ համար ամեն գիշեր»: Եվ լսելով ծերի աղա­չանքները՝ եղբայրը խոստացավ անել այդ: Երբ գիշերը վեր կացավ աղոթելու ծերի համար, զղջաց և ասաց. «Ա՛նձ իմ եղկելի, ինչո՞ւ ծերի համար աղոթում ես, բայց քեզ համար չես աղոթում», և մի աղոթք էլ իր համար արեց: Այդպես շարունակեց մեկ շաբաթ՝ մի աղոթք ծե­րի համար էր անում, մի աղոթք՝ իր: Կիրակի օրը հայր Մակարը եկավ եկեղեցի և տեսավ, որ դևերը հեռու էին եղբոր խցից և խիստ տխուր էին, և հասկացավ ծերը, որ եղբոր աղոթքների պատճառով էին տխրել դևերը, իսկ ինքը խիստ ուրախացավ: Երբ աղոթքը ավարտեցին, գնաց դարձյալ եղբոր սենյակը և ասաց. «Քո աղոթքները հույժ օգտակար եղան ինձ, արդ խնդրում եմ, այսուհետև երկուական աղո՛թք արա ինձ համար»: Եղբայրը սկսեց երկուական աղոթք անել ծերի համար և ասաց. «Ո՛վ եղկելի անձ իմ, քեզ համար էլ երկուական աղո՛թք արա»: Այդպես էլ արեց. հաջորդ շաբաթ գիշերները չորսը աղոթք էր անում իր և ծերի համար: Երբ ծերը դարձյալ եկավ եկեղեցի, տեսավ դևերին առավել տրտում և հեռու, և գոհություն հայտնելով եղբորը՝ խնդրեց հավելել աղոթքները և երեք աղոթք անել իր համար: Եվ ավելացրեց եղբայրն աղոթքները իր և ծերի համար, և հաջորդ շաբաթ գիշերները վեց աղոթք էր անում: Երբ երրորդ անգամ հայր Մակարը եկավ նրա սենյակ, տեսավ դևերին խիստ բարկացած, և ատամ էին կրճտացնում իր վրա և անարգում էին, քանզի տրտմել էին եղբոր կենցաղավարու­թյան վրա: Իսկ ծերը մտնելով սենյակ՝ պատմեց այս ամենը աբեղային և պատվիրեց զգույշ լինել աղոթքներում: Եվ եղբայրը Աստծու շնոր­հով և ծերի աղոթքներով դարձավ փութաջան և խիստ ճգնակյաց, իսկ դևերը տեսնելով նրա դարձը՝ փախան ամոթահար:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․