Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Անտիոքի պատրիարք՝ երանելի Եփրեմի մասին հայրերից մեկը պատմում էր, թե խիստ նախանձախնդիր էր ուղղափառ հավատի պահպանման հարցում: Նա մի օր լսեց Հերապոլսի կողմերից ոմն սյունակյացի մասին, թե Սևերիոսի աղանդից է և հաղորդակից է նրան: Եվ գնալով նրա մոտ` ուզեց համոզել նրան և վարդապետությամբ աղաչեց սյունակյացին կանգնել առաքելական աթոռի առաջ և երկրպագությամբ հաղորդվել կաթողիկե եկեղեցում: Եվ սյունակյացն ասաց. «Ես ձեզ հետ չեմ հաղորդվի»: Եվ սուրբ Եփրեմն ասաց. «Ինչպե՞ս կարող ես համոզել ինքդ քեզ, եթե մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ եկեղեցին մաքուր և ազատ է հերձվածական ամեն տեսակ աղտեղություններից»: Եվ սյունակյացն ասաց. «Կրակ վառենք, ո՜վ տե՛ր իմ պատրիարք, և միասին մտնենք  նրա մեջ, ով անվնաս դուրս գա` նա է ուղղափառ և նրան պետք է հետևել»: Սա ասում էր պատրիարքին վախեցնելու համար: Իսկ սուրբ Եփրեմն ասաց սյունակյացին. «Պարտավոր ես, որդյա՛կ, որպես քո հորը՝ լսել ինձ և ավելին չպահանջել ինձանից, որովհետև այն, ինչ դու պահանջում ես` վեր է մեր տկարությունից, սակայն հույս ունեմ առ Որդին Աստծո, որ հանուն քո հոգու փրկության` այդ էլ կարող եմ անել»: Այնժամ երանելին իր մոտ եղողներին ասաց. «Փայտե՛ր ածեք այստեղ»: Երբ մեծաքանակ փայտ բերեցին, պատրիարքը պատվիրեց վառել սյան առջև և սյունակյացին ասաց. «Ահա, խնդրեմ, իջի՛ր, և ըստ քո դատի՝ մտնենք միասին»: Իսկ նա, զարմացած պատրիարքի հաստատուն հույսի վրա առ Աստված, չկամեցավ իջնել: Պատրիարքը նրան ասաց. «Քեզանից դուրս չեկա՞վ այս պայմանը, իսկ ինչո՞ւ չես կամենում կատարել»: Ապա հանելով եպիսկոպոսական ուրարը, որ հագին էր, և մոտիկ գալով կրակին` աղոթքի կանգնեց և ասաց. «Աստված` Հա՛յր մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Քո Միածնի, որ մարմնացավ անարատ Կույս Մարիամից հանուն մեր փրկության, այժմ փառքիդ ողորմությամբ ցո՛ւյց տուր Քո հրաշքը մեղսավոր ու անարժան քո ծառաներին»: Եվ գցեց ուրարը կրակի մեջ, և կրակն այդպես բորբոքված` երեք ժամ մնում էր այնտեղ: Եվ կրակը հանգչելուց հետո հանեցին ուրարը այնտեղից ամբողջական և անվնաս, ինչպիսին որ էր: Այնժամ սյունակյացը, տեսնելով հրաշքը, զարմացավ և նզովեց Սևերիոսին և նրա ողջ հերձվածը և ներառվելով սուրբ եկեղեցու մեջ` Հաղորդություն վերցրեց երանելի Եփրեմի ձեռքով` գոհությամբ փառավորելով Աստծուն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

27.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․