Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Ոմն ծեր բնակվում էր եղեգնուտի վանքում, որ սուրբ Հորդա­նանի գետի մոտ է: Նրա անունը Կիրակոս էր, և նա Աստծո մեծ այր էր: Նրա մոտ եկավ Տարա երկրից մի եղբայր` Թեոփանոս անունով: Սա կամենում էր ծերին հարցնել պոռնկության խորհուրդի մասին, և ծերն սկսեց պարկեշտ խոսքերով նրա մեջ իմաստություն սերմանել: Եվ եղ­բայրը, մեծ օգուտ քաղելով նրանից, այսպես ասաց նրան. «Տե՛ր աբբա, ես իմ երկրում հաղորդվում էի նեստորականների հետ և այդ պատ­ճառով եկա բնակվելու քեզ մոտ»: Եվ երբ լսեց ծերը նեստորականնե­րի մասին, տրտմեց եղբոր կորստական լինելու համար: Ապա սկսեց իմաստության կոչ անել նրան և աղաչում էր, որ հեռու մնա այդպիսի վտանգավոր հերձվածից և գա կաթողիկե և առաքելական սուրբ եկե­ղեցի: Այս ևս ասաց նրան. «Չկա այլ փրկություն, բացի ուղիղ իմաս­տությունից և ճշմարիտ հավատից, թե՝ Սուրբ Կույս Մարիամը Աստ­վածածին է»: Եվ եղբայրն ասաց. «Այդպես, տե՛ր աբբա, ովքեր հերձ­վածի մեջ էին, ասում էին՝ եթե մեզ հետ չհաղորդվես, չես ապրի: Եվ ես` ողորմելիս, ինչ անեի` չգիտեի: Աղաչենք Տիրոջը, որ ինձ համար բացահայտի` ո՛րն է ճշնարիտ հավատը»: Ծերն ուրախությամբ ընդու­նեց եղբոր խոսքերը և ասաց նրան. «Նստի՛ր քո այրում, և հուսանք առ Աստված, որ մեզ կհայտնի ճշմարտությունը»: Ապա ծերը խնդրեց եղբորը, որ իր այրը գա: Իսկ ինքը ելավ­ գնաց Մեռյալ ծովի եզերքը և եղբոր համար աղաչում էր Աստծուն: Եվ երկուշաբթի օրը՝ իններորդ ժամին, եղբայրը տեսավ ահազդու կերպարանքով մեկին, որն ասում էր իրեն. «Ե՛կ և տե՛ս ճշմարտությունը»: Վերցրեց նրան և բերեց մի խավար տեղ, ուր զարհուրելի կրակ էր, իսկ կրակի մեջ էին Նեստորը, Եվտիքեսը, Ապողինարը և այլոք: Եվ նրան երևացողն ասաց. «Այս տեղը պատրաստված է հերետիկոսների և նրանց խոսքերին հետևողների համար: Եթե քեզ հաճելի է մնալ այդ տեղում, մնա՛ այդ քո հավատին, իսկ եթե չես կամենում այդ փորձն ունենալ, գնա՛ սուրբ կաթողիկե և առաքելական եկեղեցի, որ ծերն է քարոզում, քանզի եթե նույնիսկ բոլոր առաքինությունները ստանա մարդ, բայց ուղիղ չդավանի, այս տեղում կմնա»: Այս խոսքերի վրա եղբայրն սթափվեց, և երբ ծերը եկավ, պատմեց նրան` ինչ որ տեսավ, և եկավ հաղորդվելու սուրբ կաթողիկե եկեղեցում: Նա եղեգնուտում՝ ծերի մոտ մնաց չորս տարի և ննջեց խաղաղությամբ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․