Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Սուրբ Պափնոտիոսը ցանկացավ շրջել անապատով և տեսնել Տիրոջ ծառաներին: Չորս օր ու գիշեր ընթանալով՝ թուլացավ հոգնու­թյունից և քաղցից: Եվ երևաց նրան մի փառավոր այր և զորացրեց նրան` օծելով շրթունքները: Գնաց ևս չորս օր ու գիշեր և մի քարայր գտավ՝ դռները փակ, և ներս մտնելով՝ մի ծերի տեսավ նստած, և երբ իր ողջույնը չառավ, մոտեցավ ձեռք տվեց, իսկ ծերը փոշիացավ, և արտասուքներով նրան հողին հանձնեց: Գնաց օրեր շարունակ և տես­նելով ոտնահետքեր` նստեց այնտեղ մինչև երեկո, ապա տեսավ գո­մեշների մի նախիր և մի ծեր` նրանց մեջ՝ մազերով ծածկված. և աղո­թելով` նրանք մոտեցան միմյանց: Եվ ծերը պատմեց. «Իմ անունը Տի­մոթեոս է. բնակվում էի միաբանների մեջ և կտավ էի գործում, սակայն չարի ազդեցությամբ ուրիշ ճանապարհ ընտրեցի. շինեցի հյուրանոց և այնտեղ հյուրեր էի ընդունում, սակայն սատանայի պատրանքով կնոջ մեղքի մեջ ընկա վեց ամիս: Խղճմտանքից մաշված` եկա այս անա­պատը, սակայն մեծամեծ տագնապներից չէի կարողանում ոտքի վրա մնալ, այլ գետնին թավալվելով էի աղոթք անում: Եվ ինձ լյարդի ցավ բռնեց, բայց հայտնվեց մի փառավոր այր և հարցրեց. «Ի՞նչ է պա­տահել քեզ»: Ես ասացի. «Տե՛ր, լյարդս է ցավում»: Նա ուժգին հար­վածելով՝ պատռեց իմ կողը, հանելով ցույց տվեց իմ լյարդը, և ցավը սրբելով` տեղը դրեց և ասաց. «Ահա առողջացար, այլևս մի՛ մեղան­չիր» (Հովհ. Ե, 14): Եվ ես լիովին նորոգվեցի, հնացած հանդերձն ընկավ, և ահա այստեղ եմ երեսուն տարի»: Տիմոթեոսը թույլ չտվեց այդ գիշեր Պափնոտիոսին մնալ իր մոտ և ասաց. «Չես կարող դիմանալ դևերի պատերազմին»: «Եվ գնացի տասնհինգ օր»,– ասաց Պափնո­տիոս սուրբը,– «և գտա մեծն Ոնոփրիոսին, որի գլխի մազերը ծածկում էին ողջ մարմինը, և բանջարով ծածկել էր գոտկատեղը: Սա պատմեց իր մասին և ասաց. «Երիտասարդ ժամանակ բնակվում էի հարյուր սրբագույն միաբան եղբայրների հետ, և քանի որ նրանք գովում էին առանձնակեցությունը, որը Եղիայի և Հովհաննեսի նման է դարձնում, քանզի միայն Աստծուն են ունենում ապավեն բոլոր պատահած վշտե­րի ժամանակ, և ոչ թե` մարդկանց, ապա մի գիշեր ելա ու գնացի, և իմ առջև լույս երևաց: Երկյուղեցի և կամենում էի ետ դառնալ, բայց եկավ ինձ մոտ Աստծո հրեշտակը և ասաց. «Մի՛ երկնչիր, Տիրոջից առաքվեցի՝ պահպանելու քեզ»: Եվ անապատով գնացինք յոթ մղոն ու հասանք մի փակված այրի, և երբ բախեցինք, փառահեղ դեմքով մի ծեր դուրս ելավ և ասաց. «Բարի՛ եկար, եղբա՛յր Ոնոփրիոս»: Եվ ող­ջագուրելով ինձ` հյուրընկալեց իր մոտ մի քանի օր, ապա բերեց այս հեռագույն այրը. մնաց ինձ հետ երեսուն օր, ուսուցանեց դևերի պա­տերազմների որպիսությունը, համբերության խրատներ տվեց և գնաց ինձ մոտից: Տարին մեկ անգամ այցելում էր ինձ` մինչև փոխվեց առ Քրիստոս: Ես նրա սուրբ նշխարները դրեցի ինձ մոտ և այստեղ եմ ահա վաթսունհինգ տարի: Եվ այդ արմավենին, որ ինձ մոտ է, տարե­կան պտղաբերում է տասներկու բազուկ, և ամեն մեկը ինձ բավակա­նացնում է մեկ ամիս: Տիրոջ հրեշտակը մխիթարում է ինձ և բոլոր նրանց, որ անապատում են, և Տիրոջ Մարմինն ու Արյունն է բերում: Եվ երբ մեկը մարդու տեսքի կարոտ է լինում, բարձրացնում է երկինք և ցույց է տալիս արդարներին ու սրբերի հոգիները, և մենք մոռանում ենք ամեն տեսակ տքնություն ու հոգնություն»: Եվ այս խոսքերն ասելիս նրա երեսը լուսավորվեց` ինչպես արեգակ, և Պափնոտիոսին  ասաց. «Որդյա՛կ, ես այսօր ավարտում եմ կյանքիս ընթացքը. եթե մե­ կը հանուն ինձ պատարագ մատուցի Տիրոջը կամ «Հա՛յր մեր, որ յեր­կինս…» ասի, կամ եղբայրներին կերակրի, կամ խունկ ծխի Տիրոջը, ես կհիշեմ նրան իմ աղոթքներում, և Տերը նրան առաջին եկածների հետ կդասի»: Եվ օրհնեց Պափնոտիոսին և ասաց. «Թո՛ղ թշնամին քո մեջ արատ չգտնի՝ Քրիստոսի ահեղ ատյանին քեզ մեղադրելու համար, այլ պատասխան տաս քո ողջ վարքի համար»: Եվ այս ասելով` ննջեց: Պափնոտիոսը, պատելով նրա սուրբ նշխարները, դրեց հողը, իսկ ին­ քը խնդրեց Աստծուն՝ մնալ այդ տեղում, սակայն նույն պահին փլվեց ապաստանը, և արմավենին տապալվեց: Եվ Պափնոտիոսը գիտակցե­լով, որ Տիրոջը հաճո չէր բնակվելն այդտեղ, վեր կացավ և գնաց, իսկ Տիրոջ հրեշտակը երևալով` զորացրեց նրան և առաջնորդեց: Չորս օր անց հանդիպեց չորս ծերունիների, որոնք ասացին. «Բարով եկար, եղբայր և գործակից Պափնոտիոս, որ ամփոփեցիր սուրբ Ոնոփրիո­սին. Տերը մեզ ցույց տվեց քո այսօրվա գալուստը, քանզի վաթսուն տարի մարդու երես չտեսանք՝ բացի քեզանից»: Եվ աղոթքի կանգնե­լուց հետո բազմեցին, և նրանց առջև հինգ նկանակ հայտնվեց` սպի­տակ և փափուկ, կարծես թոնրից նոր հանված, և ուտելով գոհացան և ասացին. «Վաթսուն տարի է՝ Աստված չորս նկանակ է տալիս մեզ, իսկ այսօր ողորմածն Աստված հինգ նկանակ առաքեց»: Եվ գիշերը հսկում արեցին, որովհետև հաջորդ օրը կիրակի էր, և ասացին. «Գնա՛, եղբա՛յր, Եգիպտոս, պատմի՛ր մեծի մահը և մեր մասին, որպեսզի հի­շեն` ի օգուտ իրենց»: Եվ երբ Պափնոտիոսը հարցրեց նրանց անուն­ները, չհայտնեցին՝ ասելով. «Աստված գիտե մեր անունները, այլ դու աղոթի՛ր, որ տեսնենք իրար Աստծո գավթում»: Դուրս գալով` գնաց Պափնոտիոսը մի օրվա ճանապարհ և հանդիպեց մի դրախտի` լի ամեն տեսակ մրգերով՝ արմավ, թութ, դեղձ, փշատ, խաղող, թուզ, մուրտ և այլևայլ անուշահոտ գեղեցիկ ծառեր: Նրան թվաց, թե դա Աստ­ծո դրախտն է, քանզի անպատմելի բույր էր տարածվում, և մի վճիտ աղբյուր ոռոգում էր այն: Հրեշտակների նման գեղեցիկ մանուկներ եկան և անունով դիմելով՝ ողջունեցին Պափնոտիոսին, և նա պատմեց, թե որտեղից էր գալիս, և նրանց մոտ եղավ յոթ օր` վայելելով այնտեղի մրգերը: Եվ հարցումին ի պատասխան՝ տղաները պատմեցին. «Որդի­ներն ենք Ոքսիրինքոս քաղաքի նախարարների, որոնք մեզ աշխարհիկ կրթության տվեցին, ինչպես նաև ուսանեցինք մեր Քրիստոս Աստծո մասին, և հասկացանք, որ այս սուտ կյանքը ոչինչ է, և փոքր­ինչ հաց ու ջուր վերցնելով, որ կբավականացներ յոթ օր, գաղտնի փախանք անապատ, և աղոթելով շրջում էինք, որ Աստված մեզ այցելի. և այցե­լեց իսկ, քանզի հայտնվեց մեզ մի փառավոր այր և բռնելով մեր ձեռ­քից՝ բերեց այստեղ, ուր մի սուրբ ծեր կար: Նա նրան հանձնարարեց ուսուցանել մեզ, և նա մի տարի ուսուցանելուց հետո վախճանվեց: Եվ մենք մնացինք այստեղ արդեն վեց տարի: Շաբաթվա հինգ օրը ցրվում ենք և առանձին աղոթում, իսկ շաբաթ և կիրակի հավաքվում ենք` հսկումի: Տիրոջ հրեշտակը գալիս և մեզ Հաղորդություն է բաժանում, և մխիթարվելով` համբերում ենք բոլոր նեղություններին և փորձու­ թյուններին»: Այդ խոսքն ասելու պահին նոր, անծանոթ և հրաշալի բույր տարածվեց, և Տիրոջ հրեշտակը գալով՝ հաղորդեցրեց նրանց Տի­րոջ սուրբ Մարմնին և Արյանը. նույնպես և հաջորդ օրը: «Եվ հրաման ստացա երկնքից,– ասաց սուրբ Պափնոտիոսը,– գնացի Եգիպտոս և պատմեցի եղբայրներին այս ամենն ի փառս Աստծո»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․