Գրքեր

Հոգևոր գանձեր ձեռք բերելու ճանապարհին

Հարստության հանդեպ մոլուցքը խանգարում է մարդուն քայլելու դեպի Աստված տանող ճանապարհով: Իր խրատներում և առակներում Հիսուս Քրիստոս բազմիցս զգուշացնում է մարդկանց հեռու մնալ երկրային հարստության հանդեպ կապվածությունից և այդ մասին ուղղակիորեն ասում է. «Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն: Այլ ձեր հարստությունը երկնքո՛ւմ դիզեցեք, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են ձեր պատը քանդելով ներս մտնել և գողանալ. որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը» (Մատթեոս 6:19-21): Այս խրատը, պարզ է, չի վերաբերում գոյատևման և ապրուստի համար անհրաժեշտ ամենօրյա աշխատանքին, այլ այն ավելորդ և տանջալից անհանգստություններին, որ  կապված են հարստություն դիզելու հետ: Սուրբ Գրքում անհրաժեշտ ջանքի և աշխատանքի մասին կարդում ենք. «Չաշխատողը թող չուտի» (Բ Թեսաղոնիկեցիներ 3:10): Տերը շեշտադրում է նյութական հարստության անցողիկ և փուչ լինելը, քանի որ մարդը միևնույն է իր ունեցածը մահից հետո թողնելու է երկրի վրա: Մանուկ Կակոսյան Կյուրինցին «Երկնքի ճանապարհը» գրքում նշում է, որ մարդն իր ունեցվածքից ոչինչ չի կարող տանել, իր թափած այդքան աշխատանքից միայն մի պատանք է հասնում իրեն, որն էլ առնելով մտնում է հողի տակ: Հեղինակն անդրադառնում է այն ունեցվածքին՝ հոգևոր հարստությանը, որ մարդը կարող է իր հետ տանել, բայց կարող է տանել մինչև իր մահը և այն էլ ուրիշների միջոցով: Նա մատնանշում է, որ դեպի երկինք գնացող ճամփորդների թիվը պակաս չէ, թե ժամանակ գտնես, կարող ես միշտ էլ ունեցվածք ուղարկել. «Դեպի երկինք ընթացող ճամփորդները աղքատներն են, խեղճերը, կույրերը, մերկերն ու կաղերը, եթե ունեցվածքդ նրանց հանձնես, նրանք անվնաս կերպով կտանեն և կհանձնեն Քրիստոսին: Այնտեղ կպահվի ունեցվածքդ և ահեղ դատաստանի օրը ետ կվերցնես: Այդ խեղճերը քո ունեցվածքը ոչ թե պիտի շալակեն ու երկինք բարձրանան, այլ այստեղ կուտեն և կհագնեն, բայց Քրիստոս, այդ ամենն Իրենը համարելով, դատաստանի օրը կհատուցի քեզ: Ուստի, երբ քո ունեցվածքը աղքատների միջոցով երկինք առաքես ու այնտեղ պահ տաս, նախ և առաջ երկյուղդ կվերանա, չես վախենա ո՛չ գողից և ո՛չ էլ ցեցից, ո՛չ  ջրից և ո՛չ կրակից, ո՛չ բռնավորից և ո՛չ էլ զրպարտողներից, որովհետև Քրիստոս վկայեց. «Ո՛չ ցեցը կարող է ուտել, և ոչ էլ գողերը կարող են գողանալ» (Մատթեոս 6:20): Մահից նույնպես երկյուղ չես ունենա, քանզի ա՛յն մարդն է վախենում մեռնելուց, ով ունեցվածք և հույս չունի երկնքում, և մահանալուց տխրում է, որ պիտի բաժանվի այս աշխարհի իր սիրելի ունեցվածքից, որի վրա էր դրել իր հույսը: Գիտե, որ մերկ պիտի գնա այստեղից, դրա համար էլ. երբ մահվան մասին լսում է, կարծես աշխարհը փուլ է գալիս իր գլխին»:

Տիրոջ կամքն է, որ մարդն իր ուժերն ուղղորդի ոչ թե անցողիկ, այլ ներքին հարստություն ձեռք բերելուն, ինչն իրապես մեծ արժեք ունի և դառնալու է մարդու հավիտենական սեփականությունը: Ներքին հարստությունը համարվող շնորհներն ու տաղանդները՝ հավատը, հույսը, սերը, քաջությունը, զսպվածությունը, համբերատարությունը, գթասրտությունը և ուրիշներ ուղղորդում են մարդուն անդադար կատարելագործվելու: Այս մնայուն հարստությունն ստանալու համար մարդ պետք է ջերմեռանդորեն աղոթի Աստծուն, իսկ ստանալով՝ ջանադրորեն պահպանի իր սրտում: Որքան հոգևոր հարստությունն է լուսավորում մարդու հոգին, նույնքան անցողիկ հարստությանը վերաբերող տանջալից մտքերն են մթագնում միտքը, թուլացնում հավատը՝ հոգին լցնելով անհանգստությամբ և տագնապով: Տերը պատկերավոր կերպով մարդու բանականությունը համեմատել է աչքի հետ, որը պետք է ծառայի որպես հոգևոր լույսի տարածիչ. «Աչքն է մարմնի ճրագը, եթե քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը վատառողջ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի» (Մատթեոս 6:22-23): Այլ խոսքերով՝ ինչպես վնասված աչքն է զրկում մարդուն լույսը տեսնելու հնարավորությունից, այնպես էլ կենցաղային հոգսերով մթագնած հոգին ի վիճակի չէ ընդունելու հոգևոր լույսը, ի վիճակի չէ հասկանալու իրադարձությունների հոգևոր կողմն ու էությունը, խորհելու այն առաքելության մասին, որին կոչված է ինքը: «Անմիտ մեծահարուստի» և «Աղքատ Ղազարոսի» առակներում Տերը պատկերավոր կերպով նկարագրել է երկու մեծահարուստ մարդկանց հոգևոր մթագնածությունն ու կուրությունը (Ղուկաս 12:13:21,16:14-31):

Իսկ թե հնարավո՞ր է համատեղել հոգևոր և նյութական հարստությունները, այս մասին Տերը բացատրել է և ասել, որ դա նույնքան հնարավոր չէ, որքան հնարավոր չէ միաժամանակ երկու խստապահանջ տերերի մոտ ծառայելը. «Մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կսիրի և մյուսին կատի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի: Նույնպես էլ դուք չեք կարող ծառայել Աստծուն այնքան ժամանակ, քանի դեռ ծառայում եք դրամին» (Մատթեոս 6:24):   

Հարուստ երիտասարդի մասին ավետարանական պատմությունը (Մատթեոս 19:16-23) ցույց է տալիս, թե ինչպես հարստությունից կախում ունեցող երիտասարդն ընդունակ չեղավ բաժանվելու իր ունեցվածքից, թեև անկեղծ ցանկություն ուներ Տիրոջը ծառայելու: Արծաթասիրության մեղքի մեջ են ընկնում նաև նրանք, ովքեր մշտապես երազում են հարստության մասին՝ իրենց երջանկությունը տեսնելով միայն փողի մեջ: Կյանքի համար անհրաժեշտը մենք ստանում ենք ոչ այնքան մեր ջանքերի, որքան Աստծո ողորմածության շնորհիվ, Ով՝ որպես բարի Հայր, մշտապես հոգ է տանում մեր  մասին (Մատթեոս 6:25-33): Իրապես կյանքի պարգևը, մեր օրգանիզմն իր հրաշալի կառուցվածքով, երկիրը՝ բնական հարստություններով, արևի լույսն ու ջերմությունը, օդն ու ջուրը, տարվա եղանակներն ու մեր կյանքի համար անհրաժեշտ արտաքին պայմանները տրվում են Արարչի ողորմածությամբ: Ի տարբերություն մարդկանց՝ կենդանիների, թռչունների և ձկների մեծամասնությունն առանց ջանքի է հավաքում իր համար անհրաժեշտ կերակուրը: Այս մասին սաղմոսերգուն գրել է. «Բոլորը քեզ են սպասում, որ նրանց ուտելիքը ժամանակին տաս: Տալիս ես նրանց, ու նրանք կերակրվում են, բացում ես ձեռքդ և Քո հաճությամբ սնում բոլորին» (Սաղմոս 103:27-28):  

Տերը կոչ է անում յուրաքանչյուրին նախ հոգ տանել փրկության մասին, իսկ կյանքի համար անհրաժեշտը Նա կհոգա ավելիով. «Դուք նախ խնդրե՛ք, որ Աստծո արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթեոս 6:33):

 

 

Կարինե Սուգիկյան

31.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․