Գրքեր

Հոգևորականի հանդիպում-զրույցը դպրոցականների հետ ազատություն թեմայի վերաբերյալ

Մայիսի 18-ին, «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը հանդիպեց և զրույց ունեցավ Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցի 10-ի «Բ» հումանիտար դասարանի աշակերտների հետ: Դպրոցականներն եկեղեցի էին այցելել դասղեկի՝ Կարինե Թարսյանի և անգլերենի մանկավարժ Հռիփսիմե Մարգարյանի ուղեկցությամբ: Մինչ դպրոցականների այցը եկեղեցի, նույն ծրագրի շրջանակներում, Տեր Հայրն ամիսներ առաջ այցելել էր դպրոց՝ բանախոսություններ անցկացնելով դպրոցականների և նրանց ծնողների հետ:

Տեր Հոր գլխավորությամբ դպրոցականները եկեղեցում Տերունական աղոթքն ասացին, ապա եկեղեցու բակում ազատություն թեմայի վերաբերյալ հոգեշահ զրույց ծավալվեց: «Ազատությունն Աստծո կողմից մարդուն տրված մեծագույն շնորհ է: Աստվածապարգև ազատության մեջ ապրող անձը պետք է կարողանա իրեն դրսևորել որպես քրիստոնյա՝ ազատությունը դարձնելով ոչ թե մեղանչելու, այլ Աստծո կամքը կատարելու հնարավորություն: Առանց սահմանափակման ազատությունը չի դրսևորվում, ուստի ազատության մեջ գտնվողի համար կարևոր է սահմանափակումները: Ազատության սահմանափակումները աստվածային պատգամներն ու պատվիրաններն են, իսկ ազատության սահմանը մինչև մեղքն է»,- մասնավորաբար նշեց Տեր Վահանը, հորդորելով երիտասարդներին, որ իրենց ազատությունը, ավյունն ու եռանդը հավատքի կյանքի վերածելով՝ դառնան Հայ եկեղեցու արժանի զավակները:

Հարց ու պատասխանի ժամանակ Տեր Հայրն անդրադարձավ նաև քրիստոնյայի նկարագրին և այն ժողովրդական սովորություններին, որ սխալ ընկալում են ստացել մեր միջավայրում:

«Ուրախալի է տեսնել դպրոցականների մեծ ցանկությունը եկեղեցի այցելելու և հոգևորականի հետ զրուցելու: Իրապես, երեխաները հոգևորականի հետ զրույցի կարիքն ունեն, նրանք իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններն ստացան Տեր Հորից: Հոգևորականների հետ հանդիպումներից հետո աշակերտների մոտ նկատում ենք դրական փոփոխություններ: Եկեղեցի այցով մեր աշակերտներն իրենց մեջ ամրագրեցին նաև հոգևորականին ողջունելու և եկեղեցի այցելելու կանոնները»,- ասաց Հռիփսիմե Մարգարյանը:

Նշենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ, 2010 թվականից սկսյալ՝ իրականացնում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որ նպատակ ունի ընտանիք-դպրոց-եկեղեցի համագործակցության միջոցով նպաստել ընտանիքների առջև ծառացած արդի հիմնախնդիրների հաղթահարմանը:

 

Կարինե Սուգիկյան

18.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․