Գրքեր

Հոգու հասակը

Յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է հոգեպես աճելու, որպեսզի, եկեղեցու հայրերի խոսքի համաձայն, հնարավորություն ունենա բարձրանալու այն աստիճաններով, որ տանում է դեպի հոգևոր կատարելություն:

Հոգևոր աճն անմիջապես տեղի չի ունենում: Երանելի Սբ. Մակար Մեծն ասում է. «Սաղմը մոր արգանդում անմիջապես չի ձևավորվում, այլ աստիճանաբար է մարդկային կերպարանք ձեռք բերում, ծնվում է ոչ կատարյալ տարիքում, երկար տարիներով աճում է և ապա նոր հասնում կատարելության տարիքի: Հողի մեջ նետված ցորենի և գարու սերմերն էլ անմիջապես չեն աճում, այլ ժամանակ է պահանջվում մինչև հասկերի հնձումը: Նույնն է և հոգևոր կյանքում, հոգին աստիճանաբար է աճում և նոր հասնում կատարելության տարիքի»:

Հոգևոր աճը պահանջում է մեծ համբերություն և ջանքեր: Սբ. Մակար Մեծի խոսքի համաձայն՝ հասուն մարդը հանկարծակի չի հայտնվում աշխարհ, այլ ծննունդից հետո, երկար տարիներ ապրելով, հաղթահարում է բազմաթիվ փորձություններ, հիվանդություններ, ամրանում է, ուժ և փորձ ձեռք բերում՝ դառնալով հասարակության լիարժեք անդամ: Նույնկերպ հոգևոր զարգացումն է ձևավորվում բազմաթիվ ջանքերի և պայքարների շնորհիվ: Որպեսզի քրիստոնյան կատարելության աստիճաններով վեր բարձրանա, անհրաժեշտ է, որ հաջողությամբ անցնի բազմաթիվ փորձությունների բովով: Այդ ճանապարհին նա պետք է փախչի այն վտանգներից և գայթակղություններից, որ կարող են վնասել նրա առողջ հոգևոր աճին ու զարգացմանը: Հոգու հետ աշխատանքը և հոգևոր աճը պետք է դառնա մարդու համար լուրջ մտահոգության առարկա: Հոգին ինքն իրեն չի աճի, եթե այն չմշակվի: Ցավոք մարդը, ամբողջովին մխրճված լինելով երկրային գործերի մեջ, շատ քիչ ժամանակ է տրամադրում նրան, ինչ վերաբերում է իր հոգուն, ներքին կյանքին և առողջությանը: Անհամեմատելիորեն մարդն իր ուժն ու ժամանակը տրամադրում է ոչ թե իր անմահ հոգուն, այլ մարմնին: Քրիստոսից առաջ՝ հեթանոսության շրջանում, մարդկանց միակ մտահոգությունը մարմինն էր, քանի որ նրանց համար փակ էր ավետարանական ճշմարտությունը: Իսկ Քրիստոսից ծնունդից հետո զուր կլինեն բոլոր այն մարդկանց արդարացումները, թե իրենք չգիտեին, որ անհրաժեշտ է նաև հոգ տանել հոգու մասին: Քանի որ բոլորի համար հասանելի դարձավ ավետարանական ճշմարտությունը, Քրիստոս Իր փրկագործությամբ և հրաշափառ հարությամբ

դեպի երկինք տանող ճանապարհը հարթեց: Եթե այսքանից հետո մարդը համառորեն ընտրի երկիրը և իր կյանքը նվիրի նրան, ապա ինչ կերպ կարող է արդարանալ Աստծո առաջ:

Սխալ չէր լինի, եթե յուրաքանչյուրը փորձեր հոգևոր աճին նպաստող մի քանի հարցեր ուղղեր իրեն, թե իր ժամանակի քանի՞ տոկոսն է տրամադրում հոգևորին, կամ զրույցներում իր քննարկած բազմաթիվ թեմաների մեջ կա արդյո՞ք հոգևորը: Որքա՞ն ժամանակ է, օրինակ, մարդը ծախսում ամենալավ և իդեալական տեխնիկան ձեռք բերելու համար, իսկ որքա՞ն ժամանակ նրա համար, որ հոգին կատարելության հասնի:

Այսպիսով, եթե դաշտը չհերկվի և չսերմանվի, ապա ոչինչ բացի մոլախոտից չի աճի: Տունը չի լինի, եթե չկառուցվի, գեղեցիկ այգին պահանջում է մշտական խնամք: Նույնն է պարագան նաև հոգու դեպքում, որպեսզի հոգու այգին զարդարվի Աստծո համար սպասելի բազմերանգ ծաղիկներով, պտղատու ծառերով, ապա անհրաժեշտ է բազմաթիվ ջանքեր: Աստված ցանկանում է ապրել յուրաքանչյուրի հոգում, բայց այն պետք է պատրաստ և մաքուր լինի Նրա համար: Ինչպես երկրավոր թագավորն անմաքուր և պատահական որևէ տեղ չի ապրի, այդպես և առավել ևս Երկնային թագավորը: Նա չի կարող բնակվել այն հոգում, որ լի է մեղքերով և կրքերով: Այս մասին Ավետարանն ասում է. «Երանի՜ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթեոս 5:8):

Այս մտածումներից հետո անդրադառնանք մեր անմահ հոգուն, ամեն ինչ անենք, որ այն աճի ներդաշնակ և արժանանա լինելու Աստծո տաճարը:

 

Կարինե Սուգիկյան

22.08.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․