Գրքեր

Հոգու շահը

Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի (Ղուկ․ 9։25)։
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Ամեն ինչ վաճառքի հանած ու դրանով իսկ ամեն բան արժեզրկած այս աշխարհում, որտեղ յուրաքանչյուրն իր շահն, իր օգուտն է փնտրում, Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն ասես զգուշացնող նշան լինեն, որ հարկավոր է կանգ առնել ու լրջորեն մտածել իրական օգուտի ու արժեքավորի մասին։ Այս մի տողով Տեր Աստված մարդու հոգին հակադրում է ողջ աշխարհին, դնում է կշեռքի նժարին ու պարզվում է, որ մեն մի հոգին անհամեմատելի ծանրակշիռ ու թանկ է Աստծու համար, քան ամբողջ աշխարհը։ Պատկերացնո՞ւմ եք։ Մենք մեր ողջ կյանքը վատնում ենք աշխարհը նվաճելու վրա, իսկ պարզվում է, որ Աստծու համար այն ոչինչ է մարդկային հոգու համեմատությամբ։ Եվ ամենևին էլ կապ չունի, թե այդ հոգին իմն է, քոնը, իշխանավորինը, թե մի պարզ ռամիկինը․ Աստված մարդկային հոգին ողջ աշխարհից ավելի է գնահատում։ Մենք հաճախ մեր ապրած կյանքով փաստում ենք, որ չենք հասկանում, թե այս երկուսից որն է իրականում մեծն ու թանկարժեքը, քանի որ անտեսում ենք աստվածադիր հոգին ու հոգևորը և մեծարում անցողիկ աշխարհն ու նյութականը։ Այս երկուսի պայքարը մշտական է, սիրելինե՛ր, և Քրիստոս մեր ուշադրությունը կրկին սևեռում է առաջնահերթության ճիշտ ընկալմանը։ Նա ասում է՝ ի՞նչ օգուտ կունենաս, եթե շահես աշխարհը՝ ժամանակավորը, բայց կորցնես հոգիդ՝ անմահն ու հավիտենականը։ Այս պարագայում օգուտի, շահելու մասին խոսելն անհեթեթություն է, իհարկե, բայց չգիտես՝ ինչու մենք շատ հաճախ մոռանում ենք դա, և աշխարհը գերադասում անմահ հոգուց, այն միակ բանից, որը մահվանից հետո մեզ հետ տանելու ենք հավիտենություն։
«Ողջ աշխարհն անգամ համարժեք չէ հոգուն․ աշխարհն անցնում է, իսկ հոգին անանց է ու մնալու է հավետ»,- ասում է Հովհաննես Սանդուղքը։ Իսկ Մակար Մեծը հավելում է․ «Մի հոգին ավելի թանկագին ու փառավոր է, քան ողջ աշխարհը, թագավորությունը, նրա փողն ու փառքը, ոչ միայն այն պատճառով, որ Երկնքի Արքայությունն է ավելի արժեքավոր, այլ որովհետև Աստված չհաճեց Իր բնությունը Հոգու միջոցով միավորել արարածներից և ոչ մեկին՝ ո՛չ երկնքին, ո՛չ արեգակին, ո՛չ լուսնին, ո՛չ աստղերին, ո՛չ ծովին, ո՛չ երկրին, ո՛չ էլ տեսանելի արարածներից որևէ մեկին, այլ միայն մարդուն»։
Ահա այսպիսի մեծ ու սքանչելի պատվի արժանացրեց Աստված կավից արարված մարդուն՝ նրան պարգևելով ամենամեծ արժեքը՝ աստվածապատկեր հոգին։ Նա այդ հոգում ցանեց սրբության, կատարելության ու բոլոր առաքինությունների սերմերը, և այդ է պատճառը, որ յուրաքանչյուր հոգի սրբության ձգտելու, բարին, ճշմարիտը, Աստծուն փնտրելու բնածին հակում ունի։ Այդ է պատճառը, որ մարդ ոչնչով չլցվող դատարկության զգացում ունի հոգում և ոչնչով չփարատվող տխրություն, երբ հեռու է իր հոգին ապրեցնող Աղբյուրից, երբ դեռ չի ճանաչել Երկինքն ու չի ջերմացել Կենսատու Արեգակի լույսով։ Ինչպե՞ս մարդ իմաստավորի իր կյանքն այս հարափոփոխ ու կեղծ աշխարհում, եթե հեռացել է իր Արարչից, եթե չունի դրախտի հույսն ու հավատը։ Անհնար է։ Ոչինչ, աշխարհի և ոչ մի բարիք չի կարող լցնել, լիացնել անսահման հոգին, այլ միայն այն Միակը, որի պատկերով արարվեց մարդը։ Եվ ինչպես սուրբ հայրերն են ասում՝ Աստծու պատկերը մարդ ստացավ արարչագործության ժամանակ, իսկ նմանությունն արդեն մենք պիտի ձեռք բերենք մեր կամքով, և դա մեր հոգու գործն է։ 
Այո, հոգին սահմանված է մարդուն ուղղորդելու դեպի աստվածնմանություն, դեպի սրբություն, և Սուրբ Հոգու շնորհի օգնությամբ է, որ կարող ենք հասնել դրան, սիրելինե՛ր։ Մենք փրկագնվել ենք «անբիծ ու անարատ Քրիստոսի թանկագին արյամբ» (տե՛ս Ա Պետ․ 1։19), և ինչպես սուրբ Հովհան Ոսկեբերանն է ասում․ «Մենք անմահ հոգի ենք ստացել, որպեսզի լիովին պատրաստվենք մյուս կյանքին և որպեսզի մարմինը անմահություն ստանա»։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ու պետք է պատասխանենք Աստծու այս անգին պարգևին, սիրելի՛ հավատացյալներ։ Ի՞նչ կարող ենք փոխարենը տալ մարդասեր Քրիստոսին, երբ անգամ ողջ աշխարհն է թերարժեք մարդկային մեկ հոգու դիմաց։ Միակ արժանի ընծան մեր ողջ կյանքն է, մեր հոգին՝ անմնացորդ, որովհետև մնացած ամեն ինչ քիչ է ու թերի։ Ուստի հարկ է, որ չափազանց ուշադիր լինենք մեր անգին հոգու ու կյանքի հարցում, սիրելի՛ հավատացյալներ։ Քանի որ, մեզնից շատերը, ցավոք, երկակի կյանք են վարում՝ եկեղեցում՝ ուրիշ, աշխարհիկ կյանքում՝ ուրիշ։ Մեր կյանքից ասես ընդամենը տասանորդ ենք տալիս Աստծուն՝ կիրակի օրը եկեղեցի գալով, սրբավայրեր այցելելով, ինչ-ինչ միջոցառումների մասնակցելով․․․ Մարդիկ սովորություն դարձած ինչ-որ բաներ անում են, բայց միայն կիրակի օրերին ու միայն եկեղեցու պատերից ներս, իսկ քրիստոնեական Եկեղեցու լիարժեք ու անբաժանելի մաս այդպես էլ չեն դառնում։ Իրենց քրիստոնեությունը սահմանափակում են տերունական ու տոնական օրերով, իսկ մնացյալ ժամանակ աստվածապատկեր հոգին սովում է, հյուծվում ու թախծում՝ աստվածային հատկանիշները արտահայտելու հնարավորություն չունենալով։
Հոգին շահելու համար պիտի ձգտենք իսկապես ճանաչել Աստծուն ու նմանվել Նրան, սիրելինե՛ր։ Այդ հոգին փրկելու համար մեր Քրիստոս Աստված խաչը  բարձրացավ և «Իր անձը որպես փրկանք տվեց շատերի փոխարեն» (տե՛ս  Մտթ․ 20։28)։ Ուստի, եթե մեր կյանքում, մեր կյանքը փոխելու փորձերի մեջ չկա Փրկչի խոնարհությունն ու խաչը, ապա չկա ոչինչ։ Միայն Քրիստոսի փրկչական խաչի տակ է մեր անգին հոգու փրկությունը, և պիտի կարողանանք այդ խաչը Քրիստոսի պես խոնարհությամբ կրել։ Քանի որ միայն հեզ ու խոնարհ հոգին կարող է խոնարհվել ու վերցնել խաչն իր ուսերին՝ տեսնելով իր անթիվ հանցանքներն ու մեղքերը և գիտակցելով, որ այդ խաչն է միայն իր անգին հոգու անսակարկելի գինը։ «Խոնարհվեցե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի»,- ասում է սուրբ Պետրոս առաքյալը (Ա Պետ․ 5։6), ուստի, տքնե՛ք ձեր հոգին շահելու համար, սիրելի՛ եղբայրներ և քույրեր։ Մի՛ զրկեք նրան Աստծու կենարար Խոսքից, սուրբ պատվիրաններից, հոգևոր կյանքից։ Հաճա՛խ խոսեք ձեր Երկնավոր Հոր հետ՝ սիրով, կարոտով, անկեղծորեն ու առանց վախի։ Սե՛ր խնդրեք Նրանից։ Մաքրություն ու պարզությո՛ւն խնդրեք։ Հաճա՛խ խոստովանեք ձեր մեղքերն ու մի՛ զրկեք ձեզ սուրբ ու կենդանարար Հաղորդությունից, քանի որ դա է խոցոտված հոգու միակ բուժումը։ Մասնակցե՛ք եկեղեցաշինությանը, ողորմության տարբեր գործե՛ր արեք, թո՛ւյլ տվեք, օգնե՛ք, որ ձեր անգին հոգին առողջանա, ուժ ու եռանդով լցվի և սիրով անցնի իր փրկության ճանապարհը։ Քանի որ ինչպես Դավիթ թագավորն է իրավացիորեն նշում․ «Ի՞նչ հատուցում պիտի անեմ Տիրոջն այն ամենի համար, որ ինձ տվեց: Փրկության բաժակը պիտի վերցնեմ, և Տիրոջ անունը կանչեմ» (Սղմ․ 115։12, 13)․ ամեն։

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

08.05.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․