Գրքեր

Հոգուն տանք այն սնունդը, որը նրան դուր է գալիս

- Երբ հոգևորով զբաղվելու տրամադրություն չունեմ, ի՞նչ անեմ, Հա՛յր, ինչպե՞ս սկսեմ:

- Հոգևորից արա այն, ինչը քեզ դուր է գալիս, իսկ հետո մնացածի համար էլ ախորժակդ կբացվի: Հոգևոր կերակրատեսակները դիր առջևդ ու նայիր, թե ինչն է ախորժակդ գրգռում: Ուզում ես մի քիչ կարդա՞լ: Մի տերողորմյայով աղոթե՞լ: Կանո՞նը, սաղմոսարա՞նը կարդալ կամ երկրպագությո՞ւն անել: Իսկ եթե ոչնչի ցանկություն չկա, այնժամ… ճիպոտ է պետք:

- Հա՛յր, իսկ կարելի՞ է ձեռագործից սկսել:

- Կարելի է, բայց միաժամանակ աղոթի՛ր:

- Իսկ ուզածս անելով՝ արդյո՞ք սեփական կամքիս չեմ հետևում, Հա՛յր:

- Բանն այն է, որ հոգևոր գործունեության մեջ հոգուն պետք է տալ այն սնունդը, որը նրան դուր է գալիս և որը հենց ինքն է պահանջում: Նա այդ կերպ բերկրում է, սնունդ առնում և մղվում հոգևոր մեծ գործունեության: Քանի որ, երբ վատառողջ ենք, և մեր օրգանիզմն ինչ-որ բան է պահանջում, մենք դա նրան տալիս ենք, որպեսզի ապաքինվի: Երբ ես փոքր էի, մի անգամ հիվանդացա սակավարյունությամբ և սիրտս կիտրոն էր ուզում: Իսկ ծնողներս չգիտեին՝ կարելի՞ է, թե՞ ոչ, ուստի չէին տալիս և բժշկի այցին էին սպասում: Երբ բժիշկը եկավ, խորհուրդ տվեց կիտրոն ուտել, որովհետև օրգանիզմս կիտրոնում պարունակվող վիտամինների կարիք ուներ:

- Անփութությունս հաղթահարելու համար փորձեցի որոշակի կարգ սահմանել և դրան հետևել, Հա՛յր:

- Կարգը լավ է, բայց նախ սիրտը պիտի սկսի աշխատել, իսկ հետո արդեն կարելի է կարգ սահմանել:

- Իսկ միգուցե Դո՞ւք ինձ համար կարգ սահմանեք, Հա՛յր:

- Իմ կարգն այսպիսին է՝ հոգևոր այնպիսի գործունեությամբ զբաղվիր, որը հենց քեզ է դուր գալիս: Կարիք չկա քեզ համար հատուկ բաներ հորինելու. հանգիստ քննիր, թե հոգուդ ինչպիսի հոգևոր սնունդ է անհրաժեշտ և այդպիսին էլ տուր նրան: Երբ ուզում ես երգել՝ երգի՛ր, եթե կարդալու ցանկություն ունես՝ կարդա՛, աղոթել ես ուզում՝ աղոթի՛ր: Կարող ես նաև ցանկացած այլ հոգեշահ գործով զբաղվել, կարևորը՝ քեզ մի՛ հարկադրիր: Կարծում եմ՝ հասկացար: Սկզբում այդպես կլինի, մինչև որ հոգիդ քաղցրությունն զգա, իսկ հետո ամեն ինչ հունի մեջ կընկնի և կկատարվի առանց հարկադրանքի: Այնպես որ մի՛ անհանգստացիր, մարտկոցն Աստծու օգնությամբ կաշխատի և առաջ կընթանաս:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

06.02.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․