Գրքեր

«Հոգուն տանք հոգևորը, իսկ մարմնին՝ մարմնավորը»

Փարիսեցիներն ու դպիրները շարունակ որոգայթ էին լարում Հիսուսի շուրջը, խարդախորեն ցանկանում էին Նրան հանցանքի մեջ բռնել: Իրենք իրենց խստակրոն օրինապահ ու արդար ձևացնելով, եկան Հիսուսի մոտ և ցանկանում էին իմանալ Նրա կարծիքը կայսրին տրվող հարկերի մասին: Բացահայտ որոգայթ էր պատրաստվում: Եթե Հիսուս ասեր, որ հարկ է տուրք տալ, նշանակում է Նա թշնամի է Իսրայելին, եթե ոչ՝ Նրան կարելի է տանել Պիղատոսի առջև՝ որպես Հռոմի դեմ հրահրիչներից մեկի: Նրանք, շողոքորթելով Ուսուցչին, սկսեցին առաջարկել.

- Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախոս ես և Աստծու կամքը ճշմարտությամբ ես ուսուցանում՝ առանց մտահոգվելու, թե ուրիշներն ինչ կասեն, որովհետև աչառություն չես անում: Ուրեմն ասա՛ մեզ, ի՞նչ ես կարծում, մեր Օրենքի համաձայն՝ կայսրին տուրք պե՞տք է տանք, թե՝ ոչ:

Նրանց կեղծավոր նենգությունը պարզ էր:

- Ինչո՞ւ եք Ինձ փորձում,- ասաց Հիսուս,- Ինձ մի դահեկան բերեք, որ տեսնեմ:

Հարցնողները, իսկույն գրպաններից հռոմեական մի դահեկան հանելով, ցույց տվեցին Հիսուսին: Դրա վրա կայսեր կիսադեմն էր և լատիներեն արձանագրված դրոշմագիր՝ «Տիբերիոս կայսր Օգոստոս, որդի աստվածային Օգոստոսի»: Հիսուս հարցրեց.

- Այս պատկերն ու արձանագրությունն ո՞ւմն է:

- Կայսրինը:

- Տվե՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն:

Պատասխանը զարմացրեց նրանց, պապանձվեցին, լռեցին և ոչինչ չկարողացան անել: Որոգայթը չհաջողվեց լարել: Հիսուս նրանց դրեց անելանելի դրության մեջ (Մատթեոս 22:15-22):

Կարևոր է, որ յուրաքանչյուր ոք կարողանա ի վերուստ տրված ժամանակավոր այս կյանքը հավասարակշռել՝ կատարելով «տվեք կայսերը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն» (Ղուկաս 20:25) ավետարանական պատվիրանը: Սակայն, «կայսերը՝ կայսեր» պատվերը քիչ թե շատ կատարվում է, իսկ «Աստծունը՝ Աստծուն» պատգամը գրեթե անտեսված է: Ռուս Եկեղեցու հայրերից՝ Սերաֆիմ Սարովսկին գրում է. «Պետք է ընթանանք միջին ճանապարհով՝ «չշեղվելով ո՛չ աջ, ո՛չ ձախ» (Առակներ 4:27) և հոգուն պիտի տանք հոգևորը, իսկ մարմնին՝ մարմնավորը, ինչը որ անհրաժեշտ է ժամանակավոր կյանքը պահելու համար»:

Իսկ այն հարցին, թե ի՞նչն է պատկանում Աստծուն, Ալեքսանդր Մենը պատասխանում է. «Աստծուն մարդ պետք է տա իրեն ամբողջությամբ»: Այս պարագայում ազատվում ենք «կայսեր թագավորության» ստրկությունից: Ի տարբերություն «կայսեր թագավորության», Աստծու թագավորության մեջ տիրում է կատարյալ ազատություն: Այս թագավորությունը սերմանում է վստահություն և հույսեր, այն ժառանգում են հաշտարարները, սրտով մաքուրները և ճշմարտության համար հալածվածները: Այնտեղ մխիթարվում են սգավորները, հարստանում են «հոգով աղքատները», հագենում են Ճշմարտությամբ: «Այս թագավորությունից հեռանալ, նշանակում է ընկնել, մահանալ, իսկ դեպի այն ընթանալ՝ նշանակում է հարություն առնել, վերադառնալ ապրելու, բնակվել այնտեղ՝ նշանակում է ապրել» (Ս. Օգոստինոս):

Ճիշտ է՝ Աստծու թագավորությունն այս աշխարհից չէ, այն բարձր է անցավորից, սակայն, միևնույն ժամանակ այն անբաժանելի է այն ամենից, ինչը կատարվում է այս աշխարհում: Եթե մարդ զանց առնի իր երկրային ծառայությունը, ապա դա դավաճանություն կլինի իր կոչմանը: Մյուս կողմից, նրանք, ովքեր բոլոր ուժերը ծառայեցնում են միայն նյութականին, նրանց սպասվում է անխուսափելի կործանում: Ուստի նախ խնդրե՛ք, որ Աստծու արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված ավելիով կտա ձեզ (Մատթեոս 6:33):

 

Գայանե Սուգիկյան

 

01.02.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․