Գրքեր

Հոր հետ հարաբերությունները մղձավանջի են վերածվել, ի՞նչ անել

«Ֆոմա»-ի խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում հոր հետ հարաբերություններում առկա ճգնաժամի մասին: Տարիքային տարբեր խմբերի մարդիկ՝ պատանուց մինչև տարեց, պատմում են, որ իրենց համար այնքան անհրաժեշտ հարաբերությունը հոր հետ մղձավանջի է վերածվում: Կամ այն մասին, որ չեն կարողանում ներել հորը, որն արդեն հեռացել է այս կյանքից: Մարդիկ ինչո՞ւ են այդքան սուր զգում սեփական հոր հետ խաղաղության կորուստը: Եվ հուսահատ զավակներն արդյո՞ք հույս ունեն՝ զգալու կորցրած հայրական սերը:

Ընթերցողների նամակներին պատասխանում է հոգեբան Ալեքսանդր Տկաչենկոն:

Նախքան խոսելն այն մասին, թե ինչպես հաղթահարել ցավը, որի մասին բազմաթիվ մարդիկ գրում են խմբագրությանը, անհրաժեշտ է մանրակրկիտ կերպով քննել ու հասկանալ այդ ցավի բնույթը: Քանի որ ցավալին նաև այն է, որ երեխայի անձի ձևավորման հարցում մեր ժամանակակիցներից շատերի գիտակցության մեջ հոր դերը հաճախ մնում է անհասկանալի, թերի գիտակցված, ուստի և՝ չարմատացած:

Մոր հարցում ամեն ինչ ավելի հասկանալի է. երեխան ինն ամիս նրա հետ գտնվում է ֆիզիոլոգիական միաձուլման վիճակում, շնչում է այն օդը, որը մայրն է շնչում, ուժ է ստանում այն սնունդից, որը մայրը ուտում է, զգում է նրա ուրախությունն ու հանգստությունը, վախն ու տագնապը՝ ինչպես սեփականը: Նրանց սրտերը բաբախում են մեկ մարմնում՝ մայրականում: Հետո մայրն ամիսներ շարունակ գրկում է նրան, կրծքով կերակրում, բարուրում ու լողացնում, խաղում նրա հետ, ժպտում, քնքուշ խոսքեր ասում, օրորոցային երգում: Դա շատ սերտ շփում է, որը քիչ է տարբերվում այն միաձուլումից, որ բնորոշ էր հղիության շրջանին: Ուստի, մանկական հասակում մայրը երեխայի համար միաժամանակ հանդիսանում է ինչպես իր [երեխայի] շարունակությունը, այնպես էլ ողջ շրջապատող աշխարհն ամբողջությամբ: Երեխայի զարգացման ամենավաղ փուլում նրա համար մայրիկից բացի այլ օբյեկտներ չկան: Մայրը նրա համար ողջ աշխարհն է, և միևնույն ժամանակ մայրը հենց ինքն է, իր այն մասը, որն իրեն քաղցր կաթ է տալիս, երբ ինքը սոված է, փոխում է տհաճ թաց տակաշորը, շոյում է փորիկը, երբ այն ցավում է:

Այնուհետև, հասակ առնելու ընթացքում, երեխան աստիճանաբար անջատվում է մորից, սկսում իրեն գիտակցել որպես նրանից առանձին անհատ: Ամենից վառ դա արտահայտվում է երեք տարեկանի ճգնաժամի ընթացքում, կամ ինչպես հաճախ այն անվանում են՝ «ես ինքս» ճգնաժամի ժամանակ: Երբ դեռ երեկ հնազանդ ու հեշտությամբ համոզվող երեխան հանկարծ, յուրաքանչյուր առիթով և նույնիսկ առանց որևէ առիթի, սկսում է վիճել մայրիկի հետ, հակաճառել նրան ամեն ինչում՝ իր կյանքին որևէ կերպ մասնակցելու նրա ցանկացած փորձին կտրուկ հայտարարելով. «Ես ինքս»:

Սակայն նույնիսկ մայրիկից անջատման այդ փուլից հետո երեխան շարունակում է նրան ընկալել որպես իր համար աշխարհի ամենակարևոր մարդը:

Կյանքի վաղ շրջանի էմոցիոնալ միաձուլումն, այսպես թե այնպես, ի հայտ է գալիս նրանց զգացմունքերում ողջ կյանքի ընթացքում: Այդ պատճառով աշխարհի ցանկացած մշակույթում մոր կերպարը յուրաքանչյուր մարդու համար սրբություն է: Մայրն աշխարհ է, որի հենց սրտում ժամանակին սկիզբ առավ մեր կյանքը: Եվ ենթագիտակցության մեջ այդ աշխարհը մեզնից յուրաքանչյուրի համար միշտ հուսալի ապաստարան կլինի առօրյա կյանքի փոթորիկների մեջ: Մենք այնտեղ ենք գալիս, երբ բոլորովին վատ ենք լինում, երբ այլևս խոսքեր չկան և միայն մեկ բան ես ցանկանում՝ փարվել մեկի տաքուկ ուսին ու անձայն լաց լինել: Եվ որպեսզի մայրիկը, ինչպես մանկության օրերին, գրկի, իր փափուկ ափով շոյի գլուխդ և կամացուկ ասի. «Ոչինչ, բալի՛կս, ոչինչ… Ամեն ինչ կամաց-կամաց կկարգավորվի»:

Սա է մոր դերը երեխայի անհատականության ձևավորման գործում՝ անվերապահորեն սիրել ու ընդունել և աստիճանաբար իրենից ավելի ու ավելի հեռու թողնելով՝ սնել նրան այդ սիրով այնքան ժամանակ, մինչև երեխան էմոցիոնալ առումով կհասունանա և կսովորի ինքնուրույն կառավարել իր զգացմունքները:

Սակայն այս ամենի մեջ ո՞րն է հոր տեղը, և որո՞նք են նրա առջև դրված խնդիրները երեխաների դաստիարակության հարցում: Այդ հարցին բավականին բարդ է պատասխանել:

Դրույթ առաջին.

Երեխայի կյանքում հոր բացակայությունը ծանրագույն կորուստ է նրա համար: Եվ այդ կորստի կարևորությունը ժամանակակից աշխարհում շատերը թերագնահատում են:

Կենսաբանական առումով հայրն ու մայրը հավասար կերպով են մասնակցում նոր մարդու լույս աշխարհ գալուն: Նրանցից յուրաքանչյուրը նրան է տալիս քրոմոսոմների հավաքածուի իր բաժինը: Սակայն հետո մայրը պետք է իր կյանքի էական մասը երեխայի հետ անցկացնի՝ կրելով նրան սրտի տակ ու սնելով: Իսկ հայրը, բեղմնավորման ընթացքում իր գենետիկ նյութով կիսվելով, այնուհետև ֆիզիոլոգիապես ոչ մի կերպ կապված չէ երեխայի հետ: Նրա կապը միայն էմոցիոնալ է և բարոյահոգեբանական: Եթե հայրն իր ապագա զավակին չի սիրում, եթե իրեն պատասխանատու չի զգում նրա համար, ում կյանք է տվել, ապա ոչինչ չի կարող նրան երեխայի կողքին պահել: Ի տարբերություն մոր, որը որոշել է ծննդաբերել, հայրը կարող է և՛ մորը լքել, և՛ երեխային՝ նախքան նրա ծնունդը: Եվ, ցավոք, քիչ չեն նման օրինակները:

Առանց հոր մեծացած երեխան ամենևին էլ հազվադեպ երևույթ չէ մեր օրերում: Ուստի բավականին տարածված է այն պատկերացումը, որ հոր դերն ընտանիքում ոչ պարտադիր, չնայած և ցանկալի տարբերակ է. կա հայր՝ լավ է, չկա՝ դա էլ վատ չէ, թե՛ մեկը, թե՛ մյուսն ուղղակի սահմանված կարգի երկու միմյանցից տարբերվող տարբերակ են: Եվ այդպիսով հոր դերի հարցը նույնպես դառնում է երկրորդական և քիչ էական: Եվ իսկապես, ի՞նչ կարիք կա մի բանի մեջ խճճվելու, եթե առանց դրա լիովին հնարավոր է ապրել: Մայրն այսօր առանց հոր էլ կարող է երեխա ունենալ և մեծացնել, եթե բարձր վարձատրվող մասնագիտություն ունի կամ ուղղակի բավարարաչափ ուժեղ է երկու տեղ աշխատելու համար: Նույնիսկ բեղմնավորումը կարող է առանց հոր հետ անմիջական շփման անել՝ համապատասխան բիոտեխնոլոգիաների միջոցով: Էլ ի՞նչ հայր, ինչի՞ մասին եք խոսում:

Ե՛վ կենսաբանական, և՛ սոցիալական տեսակետից մորը ոչինչ չի խանգարում՝ երեխային առանց հայրական որևէ մասնակցության մեծացնելու: Սակայն ընտանիքի կյանքի ևս երկու կարևորագույն տեսանկյուն կա՝ հոգեբանական և հոգևոր: Եվ այս երկուսում էլ ընտանիքում հոր բացակայությունը երեխայի համար ծանրագույն կորուստ է համարվում, որը չափազանց դժվար է փոխհատուցել, իսկ մինչև վերջ լրացնել՝ ընդհանրապես դժվար թե հնարավոր է:

Դրույթ երկրորդ.

Հենց հայրն է երեխային տալիս արտաքին աշխարհի հետ շփման առաջին փորձը: Եվ դժբախտություն է, եթե դա դաժան ու սպառնալից աշխարհի փորձ լինի:

Հոգեբանության մեջ հայրը երեխայի համար նրա կյանքի առաջին մարդն է, որը նրա և մոր ընդհանուր գոյության մասը չի կազմում: Դա առաջին ուրիշ մարդն է, որի հետ անհրաժեշտ է ինչ-որ հարաբերություններ կառուցել: Հայրն արտաքին աշխարհի առաջին ներկայացուցիչն է, դրա լիազոր դեսպանը երեխայի՝ մայրական սիրով պաշտպանված և անվտանգ փոքրիկ տիեզերքում, որտեղ մինչ այժմ միայն ինքն էր ու մայրիկը:

Երեխան ծննդյան պահից սովոր է մայրիկի հոտին, նրա մաշկի քնքշությանը, նրա կաթի համին: Բայց երբ նա շոշափում է հայրիկի ծակծկող այտերը, երբ լսում է նրա թավ ձայնը, զգում է նրա ափերի հոգատար ուժը, դա բոլորովին այլ հաղորդակցության փորձ է: Հոր հետ ծանոթությունը աշխարհին առնչվելն է, որում մայրիկից բացի նաև բազմաթիվ ամենատարբեր օբյեկտներ, ընթացքներ ու տարածություններ կան: Եվ փոքրիկ մարդու հետագա ողջ կյանքը կախված կլինի այն բանից, թե ինչպիսին կլինի հոր միջոցով արտաքին աշխարհի հետ այդ առաջին շփումը:

Իրերի նորմալ ընթացքի ժամանակ հայրը նրա հոգատար և սիրող ուղեկիցն է այս աշխարհում: Հենց նա է երեխային օգնում նորանոր հորիզոններ յուրացնել՝ իրեն հուսալիորեն պաշտպանված զգալով: Ման է ածում ոտքին, ինչպես ձիուկի վրա: Թույլ է տալիս քաշքշել բեղերն ու հարցնել, թե դրանք ինչպես են կոչվում: Սովորեցնում է լողալ ու հեծանիվ քշել, մեխ մեխել և սուր սղոցով տախտակ կտրել: Ցույց է տալիս, թե ինչպես խարույկ վառել ու փայտիկին անցկացրած նրբերշիկը խորովել: Եվ շատ ու շատ այլ բաներ է ցույց տալիս, պատմում, օգնում՝ յուրացնել ու հիշել: Իսկ եթե հանկարծ պարզվի, որ մեծ ու ուժեղ մեկը սպառնում է քեզ կամ նեղացնում, դու միշտ գիտես, որ աշխարհում կա քո սիրելի մեծ ու ուժեղ հայրիկը, որն անպայման կպաշտպանի քեզ, օգնության կհասնի դժվար պահին և դուրս կբերի դրանից, ցանկացած վտանգից կպաշտպանի քեզ իրենով:

Այն երեխաները, որոնք նման հայրիկ ունեն, դառնում են ուժեղ, հանգիստ և իրենց ուժերի վրա վստահ մարդիկ: Նրանք աշխարհից չեն վախենում, պատրաստ են յուրացնել այն, հաղթահարել դժվարությունները, այլ մարդկանց ծառայեցնել այն տաղանդները, որոնցով Աստված օժտել է իրենց: Որովհետև հայրը, նրանց կյանքի առաջին մարդն այս աշխարհից, նրանց հոգում ստեղծել է նրանց շրջապատող տարածության անվտանգ պատկեր: Նա քայլ առ քայլ աշխարհ է մտցրել նրանց ՝ այնքան ժամանակ ապահովելով աջակցությունն ու անվտանգությունը, քանի դեռ երեխաներն իրենք չեն սովորել ամուր կանգնել իրենց ոտքերի վրա: Նա խնդիրներ էր դնում նրանց առջև և օգնում՝ լուծել դրանք, քանի դեռ նրանք չէին սովորել սահմանել իրենց հետագա զարգացման ուղղությունն ու աճել ընտրած գործում: Նա ոչ միայն նրանց լույս աշխարհ գալու պատճառն է դարձել, այլև այս մեծ ու դժվարին կյանք է մտցրել այնպես, ինչպես հոգատար պարտիզպանն է նուրբ ծիլից մեծ և ուժեղ ծառ աճեցնում:

Սակայն, ցավոք, այլ կերպ էլ է պատահում, օրինակ, երբ հայրը, պլանշետը ձեռքին, անտարբերությամբ պառկած է բազմոցին և ուշադրություն չի դարձնում երեխաներին, որոնք նրան խնդրում են իրենց համար գիրք կարդալ կամ շախմատ խաղալ: Նա կարծես կա, բայց միևնույն ժամանակ նաև չկա երեխաների համար: Կամ էլ, երբ հայրն, օգտվելով ուժի իր առավելությունից, գոռում է երեխաների վրա, աջ ու ձախ վզակոթերին տալիս, նվաստացուցիչ մականուններ շաղ տալիս: Եվ դա դեռ ամենասարսափելի տարբերակը չէ: Որովհետև գիտակցական և պատասխանատու հայրությունից հրաժարվելն անդունդ է, որի մեջ կարելի է անվերջ ընկնել՝ քեզ և ընտանիքիդ ավելի ու ավելի մխրճելով քո իսկ ստեղծած տնային փոքրիկ դժոխքի խորխորատները:

Պարզ է, որ նման հոր հետ մեծացած երեխաները խիստ տարբերվելու են վերը նկարագրված տարբերակից: Նրանց մեջ շատ տագնապ, շատ ցավ և մի ամբողջ ծով զսպված ագրեսիա կլինի, որը կա՛մ պարբերաբար շրջապատի վրա է թափվելու, կա՛մ էլ չարտահայտվելով՝ կամաց-կամաց իրենց է քայքայելու: Աշխարհի իրենց պատկերի վրա պարզվում է, որ հայրը չար ու ագրեսիվ տերության դեսպան է, որում տեղ չկա հոգատարության, ընկերական վերաբերմունքի և նույնիսկ պարզ ըմբռնման համար: Ուստի, նման երեխաների նշանաբանը դառնում են Վիկտոր Ցոյի երգի հայտնի բառերը «Ողջ աշխարհը պատերազմով ինձ վրա է գալիս»:

Եվ վերջապես, հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ երեխայի կյանքում ընդհանրապես հայր չկա: Ոչ մի: Եվ մեծ բարիք է այն երեխաների համար, որոնց ուղեկիցը դեպի արտաքին աշխարհ դառնում է նրանց անձնվեր մայրիկը, որը բավականաչափ ուժ ունի՝ իր մայրականից բացի կատարելու նաև բացակայող հոր գործառույթը: Սակայն նույնիսկ նման դաստիարակության՝ երեխայի համար ամենահաջող տարբերակի դեպքում, միևնույն է, նրա կյանքում բացեր կմնան, չձևավորված փորձառության կույր բծեր: Որովհետև նույնիսկ ամենալավ մայրը չի կարող երեխաներին տալ այն, ինչը միայն տղամարդը կարող է տալ: Դաստիարակությունն ուղղակի մանկավարժական հատուկ զրույցներ չէ, ոչ էլ՝ դրա համար սահմանված ժամեր կամ օրեր:

Երեխան յուրաքանչյուր վայրկյան է դաստիարակվում՝ ծնողների վարքը պատճենելով: Բայց ինչպե՞ս, օրինակ, տղա երեխան իր գիտակցության մեջ ձևավորի տղամարդկային վարքի մոդելները, եթե նրա կողքին տղամարդ չկա: Եթե նա չի տեսնում, թե տղամարդն իրեն ինչպես պետք է դրսևորի այս կամ այն իրավիճակում:

Չէ՞ որ տղամարդն ու կինը աշխարհը տարբեր կերպով են ընկալում: Եվ տղա երեխային աչքի առջև կենդանի օրինակ է անհրաժեշտ՝ աշխարհը տղամարդու տեսանկյունից ընկալել սովորելու համար: Որովհետև երեխան վաղ հասակում դեռ ունակ չէ վերացական մտածողության, նրա համար շատ կարևոր է ցուցադրումը: Երբ ընտանիքում հայր և մայր կա, երեխան նայում է նրանց ու տեսնում, թե տղամարդն իրեն ինչպես պետք է պահի կնոջ նկատմամբ, և կինն իրեն ինչպես պետք է դրսևորի տղամարդու նկատմամբ: Բայց նա ի՞նչ անի այնտեղ, որտեղ չկան վարքի այդ մոդելները: Միայնակ մայրը, նույնիսկ ամենախելացին, ուժեղն ու անձնվերը, չի կարող այդ խնդիրը լուծել:

Բայց չէ՞ որ կա նաև այդ հարաբերությունների հոգևոր տեսանկյունը: Պողոս առաքյալը ամուսնության մեջ տղամարդու և կնոջ հարաբերությունները համեմատում է ոչ ավել, ոչ պակաս, Քրիստոսի և Եկեղեցու հարաբերությունների հետ «Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար… Նույն ձևով մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում. որովհետև ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոս՝ եկեղեցին. քանզի անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից և նրա ոսկորներից» (Եփես. 5:25-30): Եվ երեխան ինչպե՞ս պատկերացում կկազմի Քրիստոսի և Եկեղեցու հարաբերությունների մասին, եթե նրա ընտանիքում չկա հայր, որը մորը սիրում է, ինչպես ինքն իրեն:

Մայրը երեխային կյանք ու սեր է տալիս, հայրը՝ ապրելու և աշխարհը յուրացնելու ուժ: Եվ եթե երեխայի կապը հոր հետ ընդհատվել է, ողջ կյանքում, այս կամ այն կերպ, նա զգալու է իր անզորությունը:

Դրույթ երրորդ.

Հոգևոր առումով հայրը երեխայի համար միակ, սակայն կարևորագույն դեր է խաղում. նա նրա համար Աստծու պատկերն է խորհրդանշում:

Եվ այն, թե նրա երեխաներն այդ պատկերը ինչպիսին կտեսնեն նրանում, մեծավ մասամբ կորոշի հետագայում Աստծու հետ նրանց հարաբերությունները: Հայրը երեխայի աչքերում կարող է բարի աստվածություն լինել՝ խաղաղություն, ուրախություն և բարու հանդեպ հավատ սփռող: Կարող է ահարկու դև դառնալ՝ մանկական հոգում վախերի, բարդույթների ու տրավմաների մի ամբողջ հավաքածու թողնելով հետագա ողջ կյանքի համար: Կարող է նաև «քնած աստվածություն» լինել, հինդուիստական Բրամայի պես մի բան, երբ երեխան կարծես թե հայր ունի, բայց նա ասես չկա, քանի որ ամբողջովին սուզված է իր անվերջ-խորն ու անչափելի-բովանդակալից անձնական գոյի մեջ: Հետևաբար, զարմանալու կարիք չկա, երբ օրինակ՝ մանկական հասակում հոր կողմից բռնության ու ստորացումների ենթարկված երեխան մեծանալով՝ դառնում է ակտիվ աստվածամարտ: Միայն պետք է գիտակցել, որ Աստծու հետ չէ, որ նա պայքարում է: Նրա աստվածամարտությունը բռնավոր հոր հետ հաշիվները մաքրելու փորձ է, որի հանդեպ ունեցած ատելությունը նա այժմ անգիտակցաբար փոխանցում է Աստծու վրա:

Չնայած, բնականաբար, նման երեխաների մոտ կարող են հոգևոր զարգացման այլ տարբերակներ ևս լինել: Եթե երեխան շատ է վախեցել հորից, ապա նրա մոտ Աստծու հանդեպ կարող է այնպիսի վերաբերմունք ձևավորվել, ասես Նա ահեղ և յուրաքանչյուր զանցանքի համար պատժող էկզեկուտոր է: Եվ նման մարդու հոգևոր կյանքի գլխավոր վեկտորը երկար տարիներ դառնում է պատվիրանները հանգամանորեն կատարելու միջոցով պատժից խուսափելու փորձը:

Այնտեղ, ուր որևէ բան ուղղակի ընկալելու հնարավորություն չկա, մարդը համանմանություններով է մտածում: Ըստ առաքյալի՝ Աստծուն երբեք ոչ ոք չի տեսել: Եվ մարդու համար անտեսանելի Աստծու ամենամոտ համանմանությունը նրա երկրային հոր պատկերն է: Այլապես Հիսուս Քրիստոս Իր քարոզներում այդպես համառորեն հենց այդ կերպարը չէր գործածի:

Փրկչի խոսքերում Աստված արևելյան բռնապետ չէ, որ ընդունակ է առատորեն պարգևատրելու իր առաջ հատկապես աչքի ընկածներին և դաժանորեն պատժելու նրանց, ովքեր որևէ զանցանք են գործել: Նա սիրող հայր է՝ միշտ պատրաստ քնքշությամբ ընդունելու իր բազում զավակներից նույնիսկ ամենամոլորյալին ու անկյալին:

Սակայն, ցավոք, իրական կյանքում հայրերը շատ տարբեր են լինում: Նրանց մեջ և՛ սիրողներ կան, և՛ բռնապետներ: Կան նաև այնպիսիք, որոնց մասին անհնար է նույնիսկ առանց զզվանքի ու սարսուռի մտածել: Եվ նրանցից յուրաքանչյուրն անխուսափելիորեն իր զավակի հոգում միանգամայն հստակ կերպար է դրոշմում, որի գծերով երեխան հետագայում իր համար օժտում է Աստծու կերպարը: Հավանաբար, հենց սա է քրիստոնեական հայրության ամենագլխավոր խնդիրը՝ ընտանիքում այնպես ապրել, որպեսզի սեփական երեխաների աչքերում համապատասխանել հոր ավետարանական նկարագրությանը: Եվ մշտապես քո վարքը համեմատել նրա հետ, ինչ Հիսուս Քրիստոս առակներում և ուսուցումներում այդ կերպարի միջոցով բացահայտեց մեզ Աստծու մասին:

Դրույթ չորրորդ.

Ծնողներին պատվելու պատվիրանը չի արդարացնում երեխաների նկատմամբ նրանց դաժան վերաբերմունքը:

Դաստիարակության մեջ մի պարզ կանոն կա՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Այնտեղ, ուր հայրը բարի սերմեր է ցանել իր երեխաների մեջ, որոշ ժամանակ հետո բարի ծիլեր կստանա: Միամտություն կլիներ մեծացած զավակներից սեր ու հարգանք ակնկալել քո նկատմամբ, եթե մանկության տարիներին սեր չես տվել նրանց, վիրավորել ու նվաստացրել ես, զանց ես առել նրանց զգացմունքները կամ ուղղակի ապրել ես քո հետաքրքրություններով՝ ընդհանրապես չնկատելով, որ նրանք գոյություն ունեն:

Բայց արի ու տես, որ հենց այդպիսի հայրերն են հաճախ սիրո, հարգանքի ու հոգատարության հավակնում, տառացիորեն պահանջում են իրենց հասուն որդիներից ու դուստրերից՝ իրենց պահանջը պատճառաբանելով նաև ծնողներին պատվելու ավետարանական պատվիրանով: Այստեղ և՛ հայրերի, և՛ զավակների համար կարևոր է հասկանալ, որ այդ պատվիրանը խոսում է ոչ միայն և ոչ այնքան կենսաբանական ծնող լինելու մասին, որքան դրա հոգևոր տեսանկյան: Հաճախ ծնողները, տարօրինակ կերպով, դա ընդունում են որպես ինչ-որ համապարփակ ինդուլգենցիա [թողության գիր], որը նրանց թույլ է տալիս յուրաքանչյուր մեղք «թոթափել» իրենց վրայից այն դեպքում, եթե այն գործվել է սեփական զավակի նկատմամբ: Աստվածաշնչում գրված է. «պատվիր քո հորը», նշանակում է՝ ինչ էլ անեմ, ինչպիսին էլ լինեմ՝ պիտի պատվես ինձ: Եվ միայն փորձիր հակառակ որևէ բան ասել:

Իսկապես, ըստ Մովսեսի Օրենքի՝ այդ պատվիրանը խախտողներին պետք է քարերով հարվածել՝ Ով որ վատաբանի իր հորն ու իր մորը, մահապատժի թող ենթարկվի (Ելք. 21:17): Սակայն ծնողներին պատվելու մասին պատվիրանը ուղղակի տոհմական կամ կենցաղային բնույթ չի կրում: Բանն այն է, որ Իսրայելի ժողովուրդն, առաջին հերթին, իրենից կրոնական խմբակեցություն էր ներկայացնում: Եվ դրանում հայրն ու մայրն առաջին մարդիկ էին, որ մարդուն սովորեցնում էին Օրենքը: Նրանք առաջինն էին նրան պատմում Աստծու մասին, այն մասին, թե ինչպես պետք է արդար ապրել Նրա առջև երկրի վրա, սովորեցնում էին զանազանել բարին չարից: Նա, ով չէր պատվում ծնող-ուսուցիչներին, չէր պատվում հենց Օրենքը: Իսկ Օրենքը մերժողները մերժում էին նաև Աստծուն: Այսպիսին է այդ պատվիրանի ներքին տրամաբանությունը, որում, անպայման, ենթադրվում էր, որ հայրն ու մայրը խոսքով, գործով և սեփական օրինակով պետք է երեխաներին սովորեցնեին արդար ապրել: Իսկ եթե ծնողներն այդ պայմանը չէին կատարում, նրանք նույնպիսի դատապարտման էին արժանանում, ինչպիսին նաև նրանց անփույթ զավակները:

Նոր Կտակարանում ծնողների ու զավակների միջև փոխադարձ պարտականությունների և պատասխանատվության բաշխման այդ սկզբունքի մասին արդեն բացահայտորեն ասվեց՝ տեղ չթողելով տարընթերցվածքի համար՝ Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին ի Տեր, որովհետև դա է ճիշտը: Պատվի՛ր քո հորն ու մորը, - որ առաջին պատվիրանն է՝ տրված խոստումով, - որպեսզի լավ լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս երկրի վրա: Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ մեծացրե՛ք նրանց Տիրոջ խրատով և ուսումով (Եփես. 6:1-4):

Ցավոք, հայրերն իսկապես ընդունակ են զայրացնելու իրենց զավակներին, վիրավորելու նրանց և նույնիսկ հուսահատության հասցնելու, ինչպես այդ մասին գրում է Պողոս առաքյալն արդեն իր թղթերից մեկ ուրիշում՝ Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, որ չհուսալքվեն (Կող. 3:21): Ուստի, եթե շատերի համար այս ցավալի հարցում դիմել Սուրբ Գրությանը, ապա դա պետք է անել՝ հաշվի առնելով սեփական որդիների ու դուստրերի դեմ գործած՝ ծնողների հնարավոր զանցանքները: Իսկ թե ինչպիսին են դրանք, յուրաքանչյուր ծնող, հավանաբար, ավելի լավ գիտե, քան կողքից դիտողը:

Սրբակյաց Թեոփան Ճգնավորն Աստվածաշնչի այդ հատվածի իր մեկնության մեջ թվարկել է այդ տեսակի առավել ընդհանուր օրինակները. «Մի՛ զայրացրեք ձեր զավակներին: Նրանց վրա ձեր ազդեցությամբ նրանց մի՛ հասցրեք այնտեղ, որ դժգոհություն, բարկություն, սրտնեղություն ու զայրույթ ունենան ձեր հանդեպ: Զայրույթն ընդհանրապես մեղք է, իսկ ծնողների հանդեպ զայրույթն ավելի մեծ մեղք է: Նրանց այդ մեղքի մեջ մի՛ գցեք: Դա պատահում է ավելորդ խստությունից, անհասկանալի պահանջկոտությունից և ամեն տեսակի անարդարությունից, որից երեխաներն ավելի են ճնշվում, քան ստրուկները»:

Ծնողներին պատվելու պատվիրանը, ինչպես Աստծու ցանկացած պատվիրան, մեծագույն բարիք է մարդկանց համար: Եվ «ծնողները միշտ ճիշտ են» սկզբունքը երեխաների մոտ հոգեբանական տրավմաներ է առաջացնում ոչ այն պատճառով, որ հնացել է կամ ընդհանրապես սխալ է: Ո՛չ, սխալ չէ և չի հնացել: Սակայն, ինչպես և հազար տարի առաջ, այն կարող է խախտվել ոչ միայն երեխաների, այլև ծնողների կողմից, որոնք իրավացի են միայն այն ժամանակ, երբ հենց իրենք գործում են ըստ աստվածային ճշմարտության:

Ինչպես հայտնի է՝ ծնողներին չեն ընտրում: Նրանք այնպիսին են, ինչպիսին կան, ուրիշ ծնողներ այլևս երբեք չենք ունենա: Եվ եթե այնպես է պատահել, որ հայրն իր հասուն երեխաներից ագրեսիվ կերպով պահանջում է, որպեսզի պատվեն իրեն, ապա նման զավակները մի քանի պարզ հարցեր պիտի հստակեցեն իրենց համար:

Իսկապե՞ս ինչ-որ սխալ ենք թույլ տվել նրա նկատմամբ, թե՞ դա ուղղակի նրա բարդ բնավորությամբ պայմանավորված մանրախնդրություն է: Եթե մենք ինչ-որ բան այն չենք անում, ապա կարելի է փորձել շտկել մեր պահվածքը: Սակայն եթե կոնֆլիկտի պատճառը դուք չեք, նշանակում է՝ մեղք չունեք այն ամենի համար, ինչ կատարվում է:

Ի՞նչ է նշանակում սուրբգրային «պատվել» բառը: Այստեղ կարող են շատ տարբեր կարծիքներ լինել, բայց, համենայն դեպս, խոսքն այն մասին չէ, որ համբերես հորդ կողմից գործվող բռնությանն ու մշտական նվաստացումներին: Այնտեղ, ուր հայրն ինքն է համապատասխանում իր հայրության սուրբգրային պահանջներին, որպես կանոն, կոնֆլիկտներ չեն ծագում: Իսկ երբ հայրն իրեն զայրացուցիչ կերպով է պահում և չի ցանկանում համերաշխ ապրել իր զավակների հետ, ծնողներին պատվելու պատվիրանը հասցվում է նրա հանդեպ հոգատարության՝ այն իրավիճակներում, երբ նա տարիքի կամ հիվանդության պատճառով այլևս ի վիճակի չէ իր մասին հոգալու: Նրա համար դեղորայք ու սնունդ գնել, վճարել կոմունալ ծախսերը, բժիշկ կանչել, լուծել վիրահատության հարցերը հիվանդանոցում, հիվանդապահուհի վարձել. այս ամենը ծնողների հանդեպ մեր պարտականություններն են, որ ոչ մի պարագայում չեն հանվում մեր վրայից: Սակայն նույնիսկ ամենահարազատ մարդու ստորացումներին ու վիրավորանքներին մշտապես համբերելը մի առաքինություն է, որին ամեն որդի կամ դուստր չէ, որ ունակ է: Եվ եթե զգում եք, որ հոր հետ շփումը քայքայում է ձեզ, հուսահատության է մատնում, ապա, առաքյալի խոսքի համաձայն, ավելի լավ է սահմանափակել նման հարաբերությունը: Հավանաբար, դա հենց այն դեպքն է, երբ ասում են, որ ծնողներին լավ է հեռվից սիրել:

Հիշե՛լ, որ յուրաքանչյուր հասուն մարդու էմոցիոնալ վիճակը նրա պատասխանատվության գոտին է: Եվ եթե որևէ մեկը հանկարծ ձեզ է «նշանակել» իր զգացմունքների պատասխանատուն, ապա դա մանիպուլյացիա է, որի միջոցով ուզում են ձեզնից ինչ-որ բան ստանալ:

Չնայած, ձեր ազատ ընտրությունն է՝ մնալ մանիպուլյացիոն հարաբերություններում, թե ոչ: Հասուն մարդուն, առավել ևս տարեցին, արդեն չես փոխի: Եթե նա ողջ կյանքում սովոր է ուզածին հասնել մանիպուլյացիայի շնորհիվ, ապա հազիվ թե օր ծերության հնարավոր կլինի նրան ետ սովորեցնել դրանից: Նման հարաբերությունները շարունակելով՝ կարևոր է միայն հասկանալ, որ իրականում այդտեղ դուք ոչ մի մեղք չունեք: Եվ այն զանցանքների մեղքը ձեզ վրա չառնել, որոնցում այդպես համառորեն փորձում են ձեզ մեղադրել:

Հիշե՛լ սեփական անվտանգության մասին: Եթե տեսնում եք, որ հոր վարքն իրական սպառնալիք է ձեր ֆիզիկական կամ հոգեբանական առողջությանը, անմիջապես հեռացե՛ք: Հորն ու մորը պատվելու պատվիրանը տրված է զավակներին ծերացող ծնողների մասին հոգալու համար: Այլ ոչ թե ծերացող հայր-բռնարարին՝ իրենց երեխաներին անվերջ ծաղր ու ծանակի ենթարկելու համար:

Ամփոփում.

Ի՞նչ անել, որպեսզի հոր հետ հարաբերությունները դադարեն քեզ տանջելուց:

Յուրաքանչյուր մարդու կյանքում հոր դերը բացառիկ է: Այլ մարդիկ միայն մասամբ կարող են փոխհատուցել երկու կարևորագույն հայրական պարտականությունները՝ աշխարհի և Աստծու նկատմամբ երեխայի վերաբերմունքի ձևավորումը: Սակայն ի՞նչ անել, եթե ինչ-ինչ պատճառներով կյանքում հայրը մեզ համար չի եղել այն, ինչ պետք է լիներ՝ ըստ Աստծու մտահղացման: Այստեղ պատասխանը պարզ է՝ վշտանալ: Բանն այն է, որ վշտանալը մարդու կյանքի կարևորագույն գործընթաց է: Այն սկսում է աշխատել այնտեղ, որտեղ մենք առնչվում ենք խնդրին, որն անհնար է լուծել որևէ եղանակով: Քեզ սիրող, հոգատար, ընդունող հոր բացակայությունը կյանքում անդառնալի կորուստ է: Սրտով զգում ենք, որ դա ընդմիշտ է: Որ մեկ այլ, ավելի «ճիշտ» հայր չենք ունենա: Իսկ ուղեղով վախենում ենք ընդունել այդ միտքը և հոգում մշտապես իռացիոնալ հույս ենք փայփայում, որ հայրը վերջ ի վերջո լավը կդառնա, կսկսի նկատել մեր ցավն ու ուրախությունը, կսկսի սիրել մեզ և մենք վերջապես կստանանք այն, ինչի կարիքն այնքան զգացել ենք մանկությունից ի վեր: Եվ իրականություն ենք վերադառնում հենց այն գիտակցությունից, որ նման ոչ մի բան արդեն չի լինի: Որ հայրն այնպիսին է, ինչպիսին նրան գիտենք: Եվ նրա հետ հարաբերությունները պետք է կառուցել՝ հիմնվելով ոչ թե մեր մանկական միամիտ հույսերի վրա, այլ փաստերի, որքան էլ որ դրանք տխուր լինեն: Եվ միայն այդ իրականությունը ընդունելով ու մեր կորուստը սգալ-վերջացնելով՝ կարող ենք կառուցել իրական, այլ ոչ թե հորինված հարաբերություններ մեր իսկական, այլ ոչ թե մտացածին հոր հետ: Եվ հնարավոր է, որ նույնիսկ սիրենք նրան, ինչպիսին էլ նա լինի: Որովհետև մեկ ուրիշին կարելի է իսկապես սիրել միայն այնպիսին, ինչպիսին նա կա, այլ ոչ թե նրա մասին սեփական ֆանտազիաները:

Իսկ ի՞նչ անել, եթե մեր կյանքում ընդհանրապես հայր չի եղել: Այստեղ նույնպես ելք կա հավատացյալ մարդու համար: Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված որդեգրեց մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով: Եվ բոլոր նրանք, ովքեր սուրբ Մկրտությամբ հոգևոր առմամբ միավորվել են Աստծու Որդուն, նույնպես դառնում են Աստծու զավակները: Որովհետև որքան մոտենանք Քրիստոսին, այնքան մեզ համար ավելի կբացահայտվի Նրա Հոր սերն ու հոգատարությունը: Թեկուզ մենք այդ սերը չենք ստացել մեր մարմնական հորից, սակայն Երկնավոր Հայրը երբեք չի լքել մեզ և չի հրաժարվել մեզնից: Ուղղակի ոչ միշտ է, որ կարողանում ենք տեսնել Նրա բարի մասնակցությունը մեր կյանքին, որովհետև ընդդիմանում ենք Նրա կամքին: Իսկ այդ կամքը առավել լիարժեք արտահայտված է Կտակարանի պատվիրաններում: Եվ կյանքում այդ պատվիրանների արմատավորմանը զուգընթաց, մարդն իր համար ավելի ու ավելի է բացահայտում Աստծու այն բարձրագույն հայրությունը, որի համեմատությամբ մարմնավոր հայրությունը թույլ նմանակում է թվում:

Աստծու Որդին, մարդանալով, աշխարհի բոլոր որբերին հնարավորություն ընձեռեց՝ Երկնային Հոր որդիներն ու դուստրերը դառնալու՝ կորցրածի փոխարեն անհամեմատ ավելին ստանալով:

Որովհետև երկրային հայրությունն ընդամենը երկնայինի պատկերն է: Եվ նույնիսկ այնտեղ, որտեղ երեխան դրանից զուրկ է եղել, միշտ հնարավորություն ունի իր սրտից ներս թողնելու Նրա հայրական սիրո հոսանքը, Ով երբեք չի դադարել մեզ սիրելուց և Ով միշտ մեզնից յուրաքանչյուրից հեռու չէ՝ քանի որ նրանով ապրում ենք և շարժվում ենք և կանք (Գործք 17:27-28):

Հայրական սիրո հանդեպ այդ կարոտը մարդու հոգում հյուսված է երկու ճյուղերով՝ ձգտում առ հայր և ձգտում առ Աստված: Եվ այնտեղ, ուր պարզվում է, որ ճյուղերից մեկն ամբողջովին չորացած է, երկրորդը միշտ կենդանի է՝ կենարար հյութով և ուժերով լի: Եթե նրա սիրով տոգորվել, ապա մյուս ճյուղը նույնպես կարող է կենդանություն առնել: Եվ հարազատ հոր հետ հարաբերությունները կսկսեն զարմանալի կերպով կարգավորվել, եթե նույնիսկ երբևէ նրան չես տեսել կյանքում: Որովհետև Աստծու համար ամեն ինչ հնարավոր է:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

26.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․