4 Հունիս, Եշ, Ե օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

«Հովհաննես Մկրտչի գլխատումը» պատկերագրումը

Հովհաննես Մկրտիչը հանդես է եկել Գալիլեայի կառավարիչ Հերովդես Ագրիպիասի անբարո վարքի քննադատությամբ: Վերջինս, ոտնահարելով հրեական օրենքն ու սովորությունները, իր եղբորից՝ Փիլիպպոսից, բռնությամբ խլել էր նրա կնոջը՝ Հերովդիային, և ամուսնացել նրա հետ: Հերովդեսը Հովհաննես Մկրտչին բանտ է նետել, սակայն, վախենալով նրա վայելած մեծ ժողովրդականությունից, չի համարձակվել մահապատժի ենթարկել: Հերովդեսի ծննդյան տոնի առթիվ Հերովդիայի դուստր Սալոմեն (որի անունն Ավետարաններում չի հիշատակվում) պարել է: Հերովդեսը այնքան է հավանել նրա պարը, որ բազմաթիվ հյուրերի ներկայությամբ խոստացել է Սալոմեին տալ այն, ինչ նա կցանկանա: Մոր թելադրանքով Սալոմեն խնդրել է Հովհաննես Մկրտչի գլուխը: Խնդրանքը կատարվել է, և Հովհաննես Մկրտչի գլուխը սկուտեղով մատուցվել է Սալոմեին, որն էլ այն տվել է մորը: Ավետարանական այս դրվագը (Մարկոս 6:14-29) իր արտացոլումն է գտել պատկերագրության մեջ: Ոսկանեան Աստվածաշնչի փորագրանկարներից մեկում Հովհաննես Մկրտչի գլխատումը հետևյալ կերպ է պատկերված. սյունազարդ դահլիճի ներսում՝ սեղանի կենտրոնում, նստած են Հերովդես արքան, խնջույքի մասնակիցները, երաժիշտները, և Սալոմեն՝ կանգնած, կարծես պարում է: Հետին հատվածում պատկերված է Հովհաննես Մկրտչի գլխատման պահը:

Ձեռագրերում ավետարանական ընթերցումների շարադրանքի համապատասխան հատվածների կողքին պատկերվում են նկարազարդումներ: Օրինակ՝ Հովհաննես Մկրտչի գլխատման շարադրանքի կողքին պատկերված է նրա հատված գլուխը՝ սկուտեղի վրա:

Կիլիկյան դպրոցի միջնադարյան մանրանկարիչ Սարգիս Պիծակը իր լուսանցանկարներից մեկում պատկերել է Հովհաննես Մկրտչի ողբերգական մահն ակնարկող հիերոգլիֆ-պատկերը, որ ներկայացնում է սկուտեղի վրա դրված Հովհաննեսի գլուխը՝ լուսապսակով: Հովհաննեսի մագաղաթյա դեմքը, ասես, գոգավոր ապակու մեջ ձևափոխված է, երկար ճակատը՝ կորված դեպի տեքստը, աչքերը, հոնքերը, քիթը՝ նշված է նուրբ ուրվագծով, մազերի տակից ճակատը և այտը՝ եզերված երկնագույն ստվերով, որը նրա դեմքին տալիս է փղոսկրյա երանգ: Գիսախռիվ մազերը և մորուքը, հիշեցնելով փշե պսակ, ուժեղացնում են տեքստում պատմվող ողբերգական անցքի տպավորությունը: Նրա գեսերը երկու կողմից ոլորուն իջնում են սկուտեղից էլ ներքև: Վարպետը նրա լուսապսակի վերևում նկարել է արմավազարդ, ապա այն ավելի ճոխ ձևով, ասես անտես գծով, շարունակում է սկուտեղի պատվանդանի տակից, իբրև միմյանցից անջատվող նոր արմավատերևներ, արանքից իջնող մի երկտերև վարսանդով: Դրա շնորհիվ պատկերը դարձել է սլացիկ, ողբերգականությունը՝ վսեմացել:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

27.04.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․