Գրքեր

Հրաժարում աշխարհից, աստվածպաշտություն կամ ձևապաշտություն

Հրաժարում աշխարհից

Ձեռնադրության ժամանակ սարկավագները կամ քահանաները խորանի վրա ծնկած, դեմքով դեպի ժողովուրդը, ձեռքերը ափերն ի դուրս վեր բարձրացնելով` հրաժարվում են աշխարհից և նվիրվում Աստծուն ծառայության: Աշխարհից հրաժարումը չի նշանակում, թե պետք է կապերը խզեն աշխարհի հետ: Հովհաննես առաքյալի «Մի՛ սիրեք աշխարհը, և ինչ որ աշխարհի մեջ կա» (Ա Հովհ. 2.15) հորդորի կողքին նրա Ավետարանում կա նաև հետևյալ հոգեպարար վկայությունը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց» (Հովհ. 3.15): Աշխարհում կան շատ գեղեցիկ իրողություններ, բնություն, արեգակի լույս ու ջերմություն և այլն, որոնք մենք պետք է վայելենք և ոչ թե մերժենք, իսկ աշխարհից հրաժարում նշանակում է հրաժարվել մեղքերից և աշխարհի մեղավոր ուրախություններից ու հաճույքներից: Հոգևորականների ձեռնադրություններն արարողության պերճախոս լեզվով քարոզ են նաև հավատացյալների համար` հուշելով, որ այդպիսին պետք է լինեն ոչ միայն հոգևորականները, այլև յուրաքանչյուր քրիստոնյա: Այսպիսով, աշխարհից հրաժարված, բայց միևնույն ժամանակ աշխարհը սիրելով` փորձենք մեր կյանքը ապրել Քրիստոսի պատվիրանների համաձայն, սիրենք ոչ միայն մեր բարեկամներին, որովհետև Քրիստոս ասում է, որ դրա համար վարձք չկա, քանզի ամենամեղավոր մարդիկ էլ կարողանում են դա անել (Մատթ. 5.44-46), այլ փորձենք սիրել նաև մեր թշնամիներին, որպեսզի նաև հոգևոր ներքին խաղաղություն հաստատենք մեր ներաշխարհում և այդ խաղաղությունը ձեռք բերելով` կարողանանք մեր կյանքում իրագործել Աստծո տված ամենամեծ պատվիրաններից մեկը, որն ասում է. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48):

Աստվածպաշտություն կամ ձևապաշտություն

Առաքյալների քարոզչությամբ հեթանոսները դարձի եկան, հրաժարվեցին իրենց արատավոր սովորություններից և նույնիսկ նահատակվեցին հանուն քրիստոնեության: Եթե նրանց` հեթանոսությունից նորադարձներին, համեմատենք այսօրվա շատ քրիստոնյաների հետ, մեծ տարբերություն կտեսնենք: Կարո՞ղ ենք արդյոք պատկերացնել, որ վաղ շրջանի քրիստոնյաները, ովքեր վախով, մահվան սպառնալիքի տակ աստվածպաշտության համար հավաքվում էին գետնափոր խորշերում, քարանձավներում` կատակոմբներում, աղոթավայր մտնելով` միայն մեկ կամ մի քանի մոմ վառեին ու դուրս շտապեին` մտածելով, թե մոմ վառելով ապրեցին իրենց քրիստոնեական կյանքը: Այն ժամանակ նախանձախնդիր էին հատկապես ողջախոհության համար: Միչդեռ երեք դար առաջ ապրած փիլիսոփաներից մեկն ասում է, որ կանացի ողջախոհությունը դա մասնավորապես միայն հոգատարություն է բարի անվան և հանգստության համար: Ակներև է, որ եթե հանգիստը և բարի անունը չխաթարվեր, ոմանք նաև այլ քայլերի պիտի դիմեին: Կամ կարո՞ղ ենք պատկերացնել այն ժամանակվա ողջախոհությանը նախանձախնդիր կին քրիստոնյաներին, որ հեռու լինեին աղոթքից, աստվածպաշտությունից և կամ քարանձավ-աղոթավայրում մի քանի րոպե աղոթելուց հետո շտապեին իրենց տները` հեռուստացույցով դիտելու ֆիլմեր, սերիալներ, կամ այն ժամանակներին հատուկ թատերական ներկայացումներ, որոնցում ցուցադրվող շատ տեսարաններ և կամ որոնց գաղափարն ընդհանրապես հակասում է ողջախոհության գաղափարին: Կամ պատկերացնենք, որ այն ժամանակի նորադարձ քրիստոնյաները Աստվածաշունչ ունենային, բայց այն օգտագործեին ոչ թե ընթերցանության, այլ ցուցադրության համար. դնեին գրքերով լի գրադարակի ցուցափեղկի դիմացը` երեսով դեպի դուրս, որպեսզի իր տուն եկողները տեսնեն, որ ինքը Աստվածաշունչ ունի: Եվ կամ Աստվածաշունչը գործածեին գեղագիտական նպատակների համար, այն դնեին գրադարակի առջևում, որովհետև ոսկե տառերով կամ վրան խաչով Աստվածաշունչը գեղեցիկ է նայվում գրքերով լի գրապահարանի ֆոնի վրա: Եվ կամ աստվածպաշտության հետ մեկտեղ նաև զբաղվեին աստղագուշակությամբ և աստղագուշական տեսություններին հետևելով, որոնք այսօր լայնորեն սփռվում են հեռուստացույցով և այլ միջոցներով: Զավեշտալի է այս ամենը պատկերացնելը այն ժամանակի քրիստոնյաների համար: Եվ մենք պետք է ձգտենք բարձր պահել մեր ժողովրդի պատիվը` իբրև աշխարհում առաջին քրիստոնյա ժողովուրդ, ամեն ջանք ներդնելով, որպեսզի հանկարծ մի օր մեր աստվածպաշտությունը երբեք չվերածվի ձևապաշտության:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

16.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․