Գրքեր

Հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով

Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր աշխատանքը սկսեց «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի բացմանը ‹‹Էջ Միածինն ի Հօրէ›› շարականի երգեցողության ներքո բերվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով, որն ընթերցեց Մայր Աթոռի Հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից:

Ստորև բերված է Հայրապետական կոնդակն ամբողջությամբ:

 

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ

ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

 

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

 

«Լուսովդ Քով Քրիստոս, ամենեքեան լուսաւորեցաք» (Ժամագիրք):

Սիրեցյալ ժողովուրդ հայոց ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս,

Այս տարի լրանում է Աստվածաշունչ մատյանի հայերեն տպագրության 350-րդ տարեդարձը` հայոց կյանքում Քրիստոսի լույսը առատացնելու մեծաշնորհ, աստվածօրհնյալ գործի պանծալի հոբելյանը:

Սուրբ Գիրքը հայախոս դարձավ 5-րդ դարում, երբ Սուրբ Սահակ Հայրապետը Աստուծո խոսքը հավատացյալ մեր ժողովրդին հասկանալի դարձնելու անհրաժեշտությամբ Սուրբ Մեսրոպ Մաշտոց երանաշնորհ Վարդապետին հանձնարարեց ձեռնամուխ լինելու հայոց գրերի ստեղծման բազմերախտ գործին: Գրերի գյուտից հետո դարեր շարունակ մեր վանքերում լուսամիտ գրիչները հազար-հազարներով ընդօրինակեցին Աստվածաշունչ մատյանը և նրա առանձին գրքերը: Աստուծո խոսքը պարունակող, Քրիստոսի

մասին պատմող մագաղաթը մեր ժողովրդի համար դարձավ ամենաթանկ հարստությունը բոլոր գանձերի մեջ: Աստվածաշնչի թարգմանությամբ ու տարածմամբ լուսավորվեց աշխարհը հայոց, պայծառացավ Քրիստոսի լոյսով, հավատքն ամրացավ, սերը բազմացավ, հույսն առատացավ, շնորհը լիացավ` բխեցնելով մեր ժողովրդի հոգու և մտքի հորդահոս արգասիքները:

Տպագրության գյուտից հետո, երբ Եվրոպայում սկսվեց տպագրվել մեծաքանակ գրականություն, դժվար էր հավատալ, որ ասպատակությունների ենթարկվող, հալածանքների ու նեղությունների մեջ գտնվող մեր ժողովուրդը կարճ ժամանակ անց ծաղկեցնելու է նաև հայերեն տպագրությունը: Աստուծո օրհնությամբ գրատպության գյուտից մի քանի տասնամյակ անց` 1512 թվականին, Հակոբ Մեղապարտի կողմից Վենետիկում լույս ընծայվեց հայալեզու առաջին գիրքը` «Ուրբաթագիրքը»` սկիզբ դնելով հայ տպագրության փառավոր ավանդներին: Գրքի, ուսման ու գիտության հանդեպ անսահման սեր ունեցող մեր ժողովուրդը ոչինչ չխնայեց, որպեսզի տպագրության ճանապարհով լուսավորությունը առավել տարածվի մեր երկրում: Հատկապես անհրաժեշտություն էր Սուրբ Գրքի տպագրությունը, որի նպատակով Յակոբ Դ Ջուղայեցի Կաթողիկոսի կողմից Եվրոպա առաքվեց Սուրբ Էջմիածնի միաբան Ոսկան Երևանցի վարդապետը: Լուսամիտ եկեղեցականը նյութական շատ ծանր պայմանների ու զրկանքների մեջ բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարեց, օգնություն գտնելու ակնկալիքով այցելեց եվրոպական տարբեր քաղաքներ ու հայաշատ բնակավայրեր և անխոնջ ջանքերով 1666 թվականին Ամստերդամում հրատարակեց հայերեն առաջին Աստվածաշունչը:

Սուրբ Գրքի տպագրությունը նշանակալի հանգրվան եղավ մեր ժողովրդի ու Եկեղեցու պատմության մեջ: Հաջորդող տասնամյակներին և հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տպարանի հաստատումից հետո բազմապատկվեց հայալեզու գրականությունը, հարստացավ հոգևոր և գիտական բազմաթիվ արժեքավոր աշխատություններով:

Սուրբ Գրքի տպագրության հոբելյանը այսօր առիթ է հավատավոր հայորդյաց համար` երախտագիտությամբ խոնարհվելու հայ գրի բոլոր նվիրյալ մշակների պայծառ հիշատակի, նրանց անմահ գործի առջև:

Մեր հորդորն ենք բերում թեմական և համայնքային մեր կառույցներին, կրթական ու գիտական հաստատություններին` պատշաճ միջոցառումներով ու տոնախմբություններով նշանավորելու Աստվածաշունչ մատյանի տպագրության արժանահիշատակ հոբելյանը: Մաղթում ենք, որ մեր պատմության այս կարևոր իրադարձության հիշատակությունն առավել զորացնի աշխարհասփյուռ Մեր զավակներին` ամուր պահելու նախնյաց հավատքը և հավատարմությունը ազգային ավանդներին, որպեսզի Քրիստոսի լույսը շարունակի սիրով, նվիրումով ու երկնային շնորհներով լցնել մեր կյանքը:

Մեր աղոթքն է, որ Քրիստոս մեր Տերը Իր օրհնության ու շնորհաց լույսը հանապազ սփռի հայոց աշխարհում, հանուր հայ կյանքում և ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի հայրենի մեր երկիրը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և աշխարհասփյուռ ազգս հայոց այսօր և հավիտյան. Ամեն:

«Ամենայն գիրք աստուածաշունչք եւ օգտակարք ի վարդապետութիւն են` եւ ի յանդիմանութիւն, եւ յուղղութիւն, եւ ի խրատ արդարութեան. զի կատարեալ իցէ մարդն Աստուծոյ, յամենայն գործս բարութեան հաստատեալ» (Բ Տիմ. Գ 16-17):

 

 

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուաւ Կոնդակս ի 28 Յուլիսի

յամի Տեառն 2016 և ի թուին հայոց ՌՆԿԵ

ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի

ընդ համարաւ 963

06.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․