Գրքեր

Հրեշտակը խորանում

Մարդիկ ուզում են, որ քահանաները սուրբ լինեն: Նրանց այդպես է թվում: Իրականում իսկական սրբությունը ոչ միայն ջերմացնում է, այլ նաև ժամանակ առ ժամանակ՝ այրում: Կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Աստված հաճեր ոչ թե մարդկանց շուրջառ հագցնել ու խորանում դնել, այլ հրեշտակներին: Եկեղեցին, որտեղ, ասենք՝ Միքայել հրեշտակապետը կծառայեր, բարեպաշտ հավատացյալներով լի լինելու փոխարեն դատարկ կլիներ: Բոլորովին դատարկ: Բավական է միայն հրե թևերով երկնաբնակն իր բոցավառ դեմքով մեկ անգամ շրջվեր մարդկանց կողմն ու ասեր. «Խաղաղություն ամենեցուն», ինչպես, մի քանի առավել տպավորվող հավատացյալներ ուշաթափ վայր կընկնեին, իսկ մյուսները գնդակի պես դուրս կթռչեին եկեղեցուց՝ սրբազան սոսկումով պատված:

Մարդիկ վայր են ընկնում հրեշտակներին տեսնելիս: Դանիելի ծնկները ծալվեցին և սիրտը նվաղեց, երբ երկնային բանբերը խոսում էր նրա հետ: Յուղաբեր կանայք «զարհուրեցին» և «իրենց երեսը գետին խոնարհեցրին»՝ Քրիստոսի գերեզմանում հրեշտակներին տեսնելով: Չեմ կարծում, որ սովորական մարդկանց ռեակցիան այլ կլիներ այդ դեպքերում: Ակնհայտ սրբությունը Ձմեռ Պապի բարությունը չէ՝ նվերները պարկից հանելով, այլ հարդի սարսափելի հանդիպումը կրակի հետ: Այդ պատճառով էլ մարդիկ կասեին. «Այլևս չեմ գնա հրեշտակապետի պատարագին»: Սարսափելի ցավոտ է: Ավելի լավ է Տեր Ստեփանոսի (Պետրոսի, Նիկողայոսի և այլն) մոտ գնամ: Նա մեզ պես մարդ է: Վարժվել ենք նրան:

Օրհնություններից ու աղոթքներից պակաս ահարկու չէին լինի նաև քարոզներն այն էակների, որոնք մեղավոր չեն և կապված չեն մարմնական անթիվ տկարություններով: Հրեշտակը հանդուրժող չէ: Նա գիտի միայն Աստծո կամքը, և այն կատարելիս չի տատանվում: Տերն ասաց եգիպտացիների առաջնեկներին ոչնչացնել, կոչնչացնի: Ասաց սրով անցնել ասորեստանցիների զորքի միջով, կանցնի: Նրա միտքը ճոճանակի պես չի տատանվի, և դա նույնպես սարսափելի է խղճուկ մեղավորի ճեղքված գիտակցության համար, ում մտքերը սովորականի պես ճոճվում են՝ քամուց օրորվող եղեգի պես: Այնպես որ մեծագույն բարիք է, որ մեր եկեղեցիներում մարդիկ են կանգնած Աստծո սեղանի մոտ, որոնք սովորական դպրոցներում են սովորել, ամուսնացած են, հոգսերով տարված, մի խոսքով՝ սրբապատկեր չեն:

Եթե նույնիսկ ուշադրությունը հրեշտակներից շեղենք և ցանկանանք որևէ սրբի տեսնել մեր եկեղեցում (պառավն ուզում էր, չէ՞, որ Ոսկե ձկնիկն իր հանձնակատարը դառնար), ապա իրավիճակը շատ չի փոխվի: Կամ ընդհանրապես չի փոխվի: Մեզ թվում է (ի՜նչ բառ է՝ թվում է), որ սրբերը մեր անվերջանալի խնդրանքների փութաջան կատարողներն են: Հենց այդ տեսանկյունից ենք հաճախ նրանց դիտարկում: Բայց սրբերը որպես սպասավորներ չեն վարձվել: Իսկ եթե նույնիսկ վարձվել են, ապա նրանց հնարավորություններն ու ունակությունները շատ ավելի դուրս են մեր

սովորական սպառողական պատկերացումների շրջանակից: Նիկողայոս Սքանչելագործն, ահա, պարզվում է, կարող էր կռվել: Կարող էր ապտակներ հասցնել ավետարանական ճշմարտությունները համառորեն պարսավողներին: Սուրբ Սպիրիդոն Տրիմիթունտոսացին ոչ միայն բժշկում ու բարեգործություն էր անում, այլ, օրինակ՝ կարող էր համրությամբ պատժել ոմն սարկավագի, ով չափազանց պարծենում էր իր գեղեցիկ ձայնով: Եթե այնպես պատահեր, որ այդ սրբերը գլխավորեին մեր համայնքները, ապա ոչ միայն թողություն տալու, այլ նաև հնազանդեցնելու նրանց ունակությունը մեր գիտակցության համար ցնցող ինչ-որ փաստ կլիներ, որին մենք պատրաստ չենք: Ամենևին պատրաստ չենք: ԳԱՂՏՆԻ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՐԿԱՑՈՒՄ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ, ՉԷ ՈՐ ԴՐԱՆՔ ԷԼ ԵՆ ՍՐԲՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԸ, ԱՅԼ ՈՉ ՄԻԱՅՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՔՆՔՈՒՇ ՀՐԱՇՔՆԵՐԸ: Ամեն դեպքում Տեր Ստեփանոսի (Գրիգորի, Անդրեասի և այլն) մոտ գնալն ավելի հեշտ է, հարմար: Թևեր չկան, հայացքը սովորական է, հրե չէ, իմ մասին գիտի միայն այն, ինչ ես ինքս կասեմ և առայժմ Աստված նրան թույլ չի տվել կարդալ խղճմտանքի գրքերը: Ահա այս ողջ տկարությունն էլ հենց հատուկ ողորմություն է: Եվ արժե վերագնահատել քահանաների հանդեպ ունեցած պահանջները: Այս ու այն պետք է անեն, պարտավոր են այսպիսին ու այնպիսին լինել: Դա անհեթեթություն է, հպարտ անհեթեթություն: Եթե այնպես պատահի, որ մեր քահանաների մեծ մասը սրբեր դառնան, ակնհայտ ու անկասկած սրբեր, ապա մեր եկեղեցիները կարող են տարօրինակ կերպով դատարկվել: Բազմաթիվ մեղավորների համար ուղղակի սարսափելի կլինի իրենց հյուծված ու բորոտ հոգիները եկեղեցի բերել, եթե իրենց մասին ամեն ինչ լավ հայտնի է:

Այնպես որ, երբ քահանայի տեսնես, ով այնքան էլ նման չէ պահքերից ու ճգնությունից հյուծված ճգնավորի, մի՛ շտապիր նրան դատել: Նա այդ քեզ՝ ծույլիդ ու քեզ նմանների համար է ծառայում Աստծուն: Որպեսզի տկարը տկարին կարեկցի: Որպեսզի անդամալույծն իրեն անդամալույծից չբարձրացնի: Եվ հոգևորականության մյուս բոլոր հատկությունների և որակների մասին կարելի է խոնարհաբար դատել համանմանությամբ:

 

Անդրեյ ավագ քհն. Տկաչով

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

17.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․