Գրքեր

Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելեց Խոր Վիրապի վանք` ավարտելով այցը Հայաստան

Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապի պատմական վանքն էր:

Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Սրբազան Քահանայապետը պատվիրակությունների ուղեկցությամբ այցելեցին Խոր Վիրապ, ուր նրանց դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսներ և Վանորեից տեսչության ներքո սպասավորող հոգևորականներ:

Թափորով երկու Հովվապետերն առաջնորդվեցին դեպի Խոր Վիրապի վանքի շրջաբակը։ Վանքում երկու Հովվապետերը մուտք գործեցին Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռ, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Պապը գբից հանված կենսապարգև լույսով վառեցին իրենց մոմերը։

Այնուհետև Ս. Աստվածածին եկեղեցում նույն այդ լույսից վառվեց այցի առիթով Ֆրանցիսկոս Պապի կողմից Խոր Վիրապի վանքին ընծայված կանթեղը:

Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հայերեն և իտալերեն լեզուներով խաղաղության համար աղոթք հնչեցրեցին:

Այս ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի երգչախմբերի կողմից կատարվեց համաքրիստոնեական սուրբ և Հայ Եկեղեցու երկրորդ Լուսավորիչ Ս. Գրիգորին նվիրված «Լերինք ամենայն» հոգեպարար շարականը:

Արարողությունը եզրափակվեց միասնական Տերունական աղոթքով:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն ու Հռոմի Սրբազան Քահանայապետն առաջնորդվեցին դեպի բիբլիական Արարատ լեռը նայող բարձրահարթակ, որտեղից, ի նշան խաղաղության, հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ արձակվեցին երկու աղավնիներ:

Վանք այցելությունից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ հրաժեշտի պաշտոնական արարողություն, որից հետո Ֆրանցիսկոս Պապը, ավարտելով այցն առաջին քրիստոնյա երկիր, վերադարձավ Վատիկան:

26.06.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․