19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Իմ փորձը

 

 

 

 

 

 

ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր օգնել և աջակցել են մեզ այս նախաձեռնության սկզբից մինչ ավարտը: Շնորհակալություն ենք հայտնում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ Հայաստանին` շարունակական խորհրդատվության ու աջակցության համար:

Շնորհակալություն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային Կենտրոն»-ին` նախաձեռնության սկզբնական պահից մինչեւ վերջն ունեցած ակտիվ ներգրավվածության, պատրաստակամ ու շարունակական աջակցության համար:

Առանձնահատուկ ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հղել այն մարդկանց, ովքեր վստահեցին մեզ իրենց թանկարժեք փորձը` այդպիսով նպաստելով ՄԻԱՎ-ով մարդկանց նկատմամբ եղած խտրական կարծրատիպային պատկերացումների ու վերաբերմունքի փոփոխմանն ու վերացմանը:

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ասում են. «Եթե ուզում եք իմանալ, թե իրականում ինչպիսինն է մարդը, պետք է առնվազն մեկ անգամ «հանդիպեք» նրան»:

Անկախ նրանից, թե ինչ տեղեկություններ ունենք ու ինչ գիտենք մարդու մասին, երբեք չենք կարող համապատասխան ամբողջական պատկերացում կազմել, քանի որ, ըստ էության, չենք ճանաչում նրան, առավել ևս չգիտենք՝ ինչի միջով է ստիպված եղել անցնել նա իր կյանքի ընթացքում: Հաճախ մենք հակված ենք ենթադրություններ անել մարդկանց մասին՝ իրականում չիմանալով նրանց, կամ եզրակացություն ենք անում՝ հիմնվելով որևէ մի իրավիճակում նրանց վարքի վրա: Արդյունքում մենք մարդկանց մասին սխալ, թյուր կարծիք ենք ստեղծում, հետևաբար հիմնվելով մեր ստեղծած նախապաշարմունքների վրա՝ ոչ համարժեք վերաբերմունք ենք դրսևորում նրանց հանդեպ, որը նվազեցնում է նրանց անձն իրականում ճանաչելու հնարավորությունը: Սա նպաստում է խարանի և խտրականության դրսևորմանը: Այս կապակցությամբ Y-Peer (Հավասարակիցների ուսուցանողների ցանց) Հայաստան-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային կենտրոն»-ի հետ միասին 10-օրյա ակտիվության քարոզարշավի (10DOA) շրջանակներում որոշեցին ներկայացնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի պատմությունների էլեկտրոնային ամսագիր հատկապես այն մարդկանց համար, ովքեր կարծրատիպային ընկալում և վերաբերմունք ունեն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ Հայաստանի և «Սերունդների համերաշխություն» ՀԿ-ի աջակցությամբ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով որոշվեց այն նաև հրատարակել: Ենթադրում ենք, որ սա հնարավորություն կընձեռի՝ մտածելու սեփական համոզմունքների, թյուր ընկալումների մասին, փոխելու վերաբերմունքը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ, դարձնելու սեփական վերաբերմունքը առավել ճշգրիտ և համապատասխան:

Այս գիրքը նախատեսված է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց սոցիալական, բժշկական, հոգեբանական և այլ ծառայություններ մատուցող կառույցների, ինչպես նաև այն բոլոր մարդկանց համար, ովքեր անտարբեր չեն հասարակության տարաբնույթ խնդիրների ու կարծրատիպային մոտեցումների նկատմամբ: Այն նպատակ ունի հասանելի դարձնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մտորումներն ու պատկերացումները, զգացմունքներն ու ապրումները հանրության լայն շրջաններին:  

Ինչո՞ւ ես

Փոքր տարիքից միշտ եղել եմ օրինակելի մարդ թե՛ տանը, թե՛ շրջապատում: Դեռևս քույրական ֆակուլտետում սովորելիս տեղեկացված էի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ: Այդ տարիների գրականության մեջ նշված էր, որ դա անբուժելի հիվանդություն է և ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ ունեն 2 տարվա կյանք: Երբևէ չեմ պատկերացրել, որ այդ խնդիրը կարող է առնչություն ունենալ ինձ հետ, քանի որ եղել են կարծրատիպեր, որ այս հիվանդությունը վարքագծային հիվանդություն է: Սակայն, ավա՜ղ….

2000թ.-ին ամուսնացա, թողեցի ուսումս ու ամուսնուս հետ մեկնեցինք Ռուսաստանի Դաշնություն` աշխատելու: Տեղափոխվելուց 3 ամիս անց ամուսինս ընկավ հիվանդանոց, որտեղ չէին կարողանում հասկանալ անվերջ տենդի պատճառը: Ես այդ ժամանակ արդեն հղի էի, սակայն տարված էի ամուսնուս առողջական խնդիրներով: 2 ամիս հետո, մի քանի հիվանդանոցներ փոխելով, ի վերջո տեղափոխեցին Բոտկինի անվան հիվանդանոց: Սովորականից շուտ որոշեցի գնալ տեսակցության, և ամուսինս հիվանդասենյակում չէր: Որոշեցի սպասել միջանցքում: Ինչ-որ տեղից լսվում էր ամուսնուս ձայնը: Պարզվեց՝ նրա և իր բժշկի զայրացած ձայները բժիշկների սենյակից էին գալիս: Ես մոտեցա և հիշում եմ միայն, որ զայրացած բժիշկը հորդորում էր ամուսնուս, որ նա վերջապես հայտնի ինձ իր կարգավիճակի մասին, քանի որ ես երեխայի եմ սպասում ու իմ վարակված լինելը հավանական է: Ես չեմ հիշում, թե ինչպես եմ հեռացել հիվանդանոցից, ինչպես եմ մինչ ուշ գիշեր արտասվելով քայլել քաղաքով, ինչպես եմ հայտնվել անծանոթ թաղամասում: Ես նույնիսկ չէի կարողանում հիշել իմ հասցեն: Մի խոսքով ուշքի եմ եկել, երբ արդեն ուշ գիշեր էր և որոշ ժամանակ հետո նոր վերադարձել եմ տուն:

Ինչո՞ւ ես, ինչո՞ւ ինձ հետ: Չէ՞ որ ամուսինս իմ միակ տղամարդն էր, և ես՝ օրինակելի կին նրա համար: Երբեք չենք օգտագործել թմրամիջոցներ և նույնիսկ այդպիսի ծանոթներ չունեինք: Մի խոսքով, ամբողջ գիշեր տանջվեցի անպատասխան հարցերից: Ամենադժվարը նորից այցելության գնալն էր, քանի որ արդեն գիտեի՝ ինչի մասին ենք խոսելու: Անընդհատ մտածում էի մահվան և չծնված երեխայիս մասին: Չգիտեի՝ ինչպես վարվել: Մտածում էի ինքնասպանության մասին: Ի վերջո գնացի հիվանդանոց և որոշեցի միանգամից բժշկի հետ խոսել: Պարզվեց, որ ամուսինս իր վարակված լինելու մասին իմացել է 6 տարի առաջ, երբ մի ռուս կնոջից ծնվել է ՄԻԱՎ-ով վարակված իրենց երեխան, որոնց թողնելով բախտի քմահաճույքին` վերադարձել է Հայաստան: Բժիշկը խոսում էր իմ հետագա քայլերի մասին. քանի որ գտնվում էի հղիության 5-րդ ամսում, պետք է անհապաղ անցնեի որոշակի հետազոտություններ և լինեի իրենց հսկողության տակ: Ես չէի լսում, ինձ տանջում էր այն փաստը, որ ամուսինս դիտավորյալ է վարակել ինձ: Մտածում էի կյանքի արժեքների մասին՝ սիրո, ատելության, ստի, խաբեության, հավատարմության…..

Դուրս եկա բժշկի սենյակից այլայլված դեմքով, և ամուսինս հասկացավ, որ արդեն պետք չէ ստել ու թաքցնել: Ես նրան միայն մի հարց ուղղեցի՝ ի՞նչ էի արել նրան, որ նա այդպես վարվեց ինձ հետ, ինչո՞ւ ինձ խաբեց: Միգուցե նախապես իմանալով իր կարգավիճակի մասին` ես հասկանայի, ընդունեի… Մենք ամեն դեպքում կամուսնանայինք, բժիշկների հսկողության տակ լինելով՝ կունենայինք առողջ երեխա, միգուցե իմ վարակման փաստն էլ չէր լինի: Նա ոչինչ չասաց:

Ես սկսեցի առաջվա պես խնամել նրան` կատարելով իմ ամուսնական պարտքը, սակայն երբեք չներեցի նրան: Նա մահացավ 2 ամիս անց: Ես մնացի լրիվ միայնակ` 7 ամսական հղի վիճակում: Փառք աստծո, որ չլինելով Ռուսաստանի քաղաքացի, ինձ վերցրեցին հաշվառման և տվեցին հակառետրովիրուսային դեղամիջոցներ` երեխայի վարակման վտանգը հասցնելով 1%-ի: Սեպտեմբեր ամսին ծնվեց իմ երեխան, որին դեռ մեկ շաբաթ տվեցին հակառետրովիրուսային օշարակ: Երբ բժիշկները հավատացնում էին, որ երեխան վարակված չէ, ես մտածում էի, որ նրանք ստում են, որպեսզի ես ինքնասպանություն չգործեմ:

Որոշ ժամանակ անց ինձ մոտ եկան ծնողներս` մեր մասին հոգ տանելու համար: Նրանք ոչինչ չգիտեին, և մայրիկիս զայրացնում էր այն, որ կրծքով կերակրելու փոխարեն՝ ես դիմում եմ արհեստական սննդի: Եթե ամբողջ կյանքում ատել եմ սուտ խոսելը, ապա այժմ ես խաբում էի ամեն չնչին հարցի համար: Մտածում էի, որ միևնույն է, ինձ քիչ ժամանակ է մնում ապրելու և կարիք չկա ծնողներիս տանջել իմ խնդիրներով: Ամեն նոր օրը ինձ համար վերջինն էր: Ես Աստծուց շնորհակալ եմ, որ ներկա էի իմ բալիկի առաջին քայլերի ժամանակ և երբ առաջին անգամ նա սկսեց բառեր թոթովել: Ես չունեի երազանքներ, շատ վիրավորված էի բախտից, որին արժանի չէի: Ամեն առավոտ մտքիս մեջ կռվում էի մահացած ամուսնուս հետ, ուզում էի արդարացնել նրա կատարած քայլը:

2006 թվականն էր, իսկ ես դեռևս ապրում էի: Այդ ամբողջ ժամանակ ես ստանում էի հակառետրովիրուսային դեղամիջոցներ, որոնք մինչ կյանքիս վերջ պիտի ընդունեի: Ես որոշեցի վերադառնալ Հայաստան, որտեղ էլ սկսեցի այցելել հոգեբանի: Մեր հանդիպումների և զրույցների արդյունքում կարողացա ներել ամուսնուս, որպեսզի ինքս կարողանամ հանգիստ ապրել:

ՄԻԱՎ կարգավիճակը ինձ սովորեցրեց ապրել և ուրախանալ յուրաքանչյուր օրով, արժևորել կյանքը նորովի, կարողանալ ներել և շնորհակալ լինել Աստծուն ամեն ինչի համար:

Այսօր արդեն 12 տարի է, որ ապրում եմ ՄԻԱՎ-ով, ավելի տեղեկացված եմ, ինքս օգնում եմ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց՝ հաղթահարելու առաջացած դժվարությունները: Հասկացա, որ ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն անտեղյակությունից: Դա կարող է պատահել ցանկացած մարդու հետ` անկախ նրա ապրելակերպից և վարքագծից:

Այն մարդկանց, ովքեր նոր են իմանում իրենց կարգավիճակի մասին, խորհուրդ կտամ չհուսահատվել, վերանայել իրենց կյանքը, ապրել լիարժեք կյանքով, օգտվել այն հնարավորությունից, որն այսօր տրվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց լիարժեք կյանքով ապրելու, աշխատելու, ընտանիք կազմելու և առողջ երեխաներ ունենալու համար: Իսկ հասարակությանը կխնդրեի ավելի ուշադիր լինել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ: Այսօր ոչ ոք ապահովագրված չէ այս հիվանդությունից: Լինելով ավելի կարեկից՝ ավելորդ անգամ խոչընդոտներ մի առաջացրեք նրանց համար:

35 տարեկան

Փրկություն, որին չէի սպասում

Ես թմրամոլ էի… շատ մեծ չափաբաժին էի օգտագործում:

Հիվանդությանս մասին իմացել եմ 2007 թվականին: Մինչ այդ ՄԻԱՎ-ի մասին շատ սխալ պատկերացում ունեի, կարծում էի, որ նույնիսկ հեռախոսազանգով կարող եմ վարակվել:

Մի առավոտ արթնացա, ոտքս ուռած էր, չէի կարողանում գետնին դնել: Գնացի ստուգվելու և իմացա… Մտածեցի՝ գնում եմ այն աշխարհ, կարծում էի՝ դա կյանքիս վերջն է, հիմա պիտի փտեմ, մսերս թափվեն, քայքայվեմ, ուզում էի կյանքիս վերջ տալ ու այդ պատճառով սկսեցի ավելի մեծ չափաբաժիններով ներարկվել, որ շուտ մեռնեմ:

2009թ. ձերբակալվեցի, և կալանավայրում ինձ այցելեց բժիշկս ու բացատրեց, որ կյանքը շարունակվում է…: Այնտեղ ես հրաժարվեցի բոլոր կախվածություններիցս:

Աստված ինձ երկրորդ կյանք է տվել: Հիմա ես ամեն ինչի նայում եմ բարի աչքերով: Երբ կարողանում եմ, օգնում եմ մարդկանց, երբ չեմ կարողանում, գոնե չեմ վնասում նրանց: Իսկ առաջ ես ապրում էի թմրամոլի կյանքով. «Որտեղի՞ց դեղ ճարեմ, փող ճարեմ»: Ոչ մեկի մասին չէի մտածում: Հիմա ես շատ մարդկանց եմ օգնում: ՄԻԱՎ-ն ինձ մարդ դարձրեց, կարողացա մարդու աչքերով նայել աշխարհին: Երևի առանց ՄԻԱՎ-ի ես վաղուց ճաղերի ետևում փտեի կամ այն աշխարհում լինեի: Այն ինձնից ոչինչ չի խլել: Ես հեպատիտ C-ից ավելի եմ վախենում, քան ՄԻԱՎ-ից: Դեղերս նորմալ խմում եմ, ամեն ինչ կարգին է: Ես զրկանքի համախտանիշից` «լոմկա»-ից, ավելի շատ եմ տառապել, քան ՄԻԱՎ-ից: Բայց հիմա այն հաղթահարել եմ: Սկզբում օրգանիզմս դեղերը չէր ընդունում, ստիպված էին երկու անգամ փոխել դեղերը: Խորհուրդ կտայի ոչ մի բանից չվախենալ: Եթե մարդը իր սխալն ընդունում է, ուրեմն շատ ուժեղ է և կարող է ամեն ինչ հաղթահարել, ուրեմն կփրկվի: Ինձ փրկեցին Աստված, բժիշկները, լավ մարդիկ: Առողջությունս չեմ կարող ետ բերել, իսկ ինչ փոխելու էր, արդեն փոխել եմ: Ես լավ սպորտսմեն եմ եղել, շատ փոքր տարիքում դարձել եմ սպորտի վարպետ և մարզիչ: Այդ ամենը կորցրեցի թմրանյութերի պատճառով: Հետո լավ մարդկանց միջոցով վերականգնվեցի: Հիմա մենք` հիվանդներս ավելի շատ ենք բժիշկների ուշադրությանն ու հոգատարությանն արժանանում, քան մյուսները: Կալանավայրում դարձա հավատացյալ ու Աստծու շնորհիվ հաղթահարեցի կախվածություններս: Ես 20 տոկոսանոց մարդ էի, հիմա ես 220 տոկոսանոց մարդ եմ, բոլորից էլ առողջ եմ, բոլորից էլ լավ եմ ինձ զգում:

ՄԻԱՎ-ով նոր վարակվածներին կասեմ, որ չվախենան ոչ մի բանից, լսեն բժիշկներին, եթե անհասկանալի բաներ կան, խորհրդակցեն ոլորտի մասնագետների հետ ու, ամենակարևորը, հավատան Աստծուն: Ամեն ինչ լավ կլինի:

Առողջներին կասեմ. «Զգո՛ւյշ եղեք ու ՄԻԱՎ-ի աչքերով մի՛ նայեք մեզ: Նախքան երեխա ունենալը հետազոտվե՛ք հանուն ձեր երեխաների առողջության»:

49 տարեկան

 

Դժվարություններն էլ վերջ ունեն

Բոլորի նման ես էլ էի համոզված, որ դա ինձ հետ չի պատահի: Ապրում էի անհոգ, առողջ ու մանրամասն չէի հետաքրքրվում ՄԻԱՎ-ով:

Ես ՄԻԱՎ-ին առնչվող շատ ցավալի ու դառը հիշողություն ունեի, քանի որ դրա պատճառով երիտասարդ տարիքում մահացավ տեգրս:

Ամուսնուս մոտ հայտնաբերվելուց հետո, երբ ՄԻԱՎ-ի վերաբերյալ ամեն ինչ ավելի խորն էի ուսումնասիրում, հասկացա, որ վարակման հնարավորությունը մեծ է, քանի որ շատերի նման ես էլ անզգույշ վերաբերմունք ունեի սեփական առողջությանս նկատմամբ: Զգացողություն ունեի, որ դեռ շատ բաներ չեմ արել երեխաներիս համար, քանզի մտածում էի, որ դա վերջն է: ՄԻԱՎ կարգավիճակիս մասին իմանալու պահից սկսեցի այլ կերպ նայել ամեն ինչին, վերանայեցի արածներս, մտածեցի հետագա անելիքներիս մասին, քանի որ դեռ հակառետրովիրուսային բուժումն անհասանելի էր, և շատ մահվան դեպքերի էինք ականատես լինում: Մոտալուտ մահվան մասին մտածմունքը հանգիստ չէր տալիս: Կյանքիս իմաստը փոխվեց, աշխատում էի շատերին հետ պահել նման իրավիճակում հայտնվելու վտանգից: Փոփոխությունները կայանում էին անընդհատ ստուգումներով և բուժումներով՝ սկզբում Արմենիկում, հետո հակառետրովիրուսային դեղորայք, որոնք տարբեր դժվարություններով էի ընդունում:

ՄԻԱՎ-ն ինձ տվեց առողջությունս գնահատելու և սեփական կյանքիս լրջորեն վերաբերվելու այն մեծ ուժը, որն ինձ հնարավորություն է տալիս ավելի հետաքրքիր ապրել յուրաքանչյուր օրս: Սակայն այն ինձնից խլեց առողջությունս և այն հարազատներին ու ընկերներին, որոնք ինձ մենակ թողեցին: Նրանք իսկական հարազատներ ու ընկերներ չէին:

Դժվարությունը շատերի կողմից դրսևորվող խարանն ու խտրականությունն էր: Աշխատում էի ուշադրություն չդարձնել, ինչպես ասում են՝ թեթև էի նայում ամեն մի դժվարության:

Այժմ աշխատում եմ շատերին բերել այն գիտակցության, որ չվախենան իմ կարգավիճակում հայտնված մարդկանցից: Ինձ օգնում են այն գիտելիքները, որոնք ձեռք եմ բերում ՄԻԱՎ-ին առնչվող մարդկանց հետ շփվելիս: Ինձ օգնել և օգնում բժիշկներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային կենտրոն»-ը, շատ են օգնում նաև մեր կարգավիճակում հայտնված բազմաթիվ այլ մարդիկ:

Կցանկանայի ուղղել արածս սխալները, որոնցից շատերը հնարավոր չէ, ցավոք:

Իմ կյանքի կարևոր ձեռքբերումները երեխաներս ու թոռնիկներս են և սրտացավ ու գիտակից ընկերներս:

Իրենց ախտորոշման մասին նոր իմացած մարդկանց կմաղթեմ, որ չչարանան, չփնտրեն մեղավորներ, ավելի ուշադիր վերաբերվեն սեփական կյանքին և առողջությանը, ամեն օրն ապրեն թեթև ու աչք փակեն դժվարությունների վրա. դրանք էլ վերջ ունեն:

ՄԻԱՎ չունեցողներին կասեմ, որ հեռու մնան այն ամենից, ինչը նպաստում է որևէ հիվանդության ձեռքբերմանը, հատկապես ՄԻԱՎ-ի, և որ բացասաբար չվերաբերվեն ՄԻԱՎ դրականներին:

52 տարեկան  

 

Ինչպես սովորական մարդիկ

Ես, մինչև ՄԻԱՎ ախտորոշման մասին իմանալը, ապրում էի նորմալ, ինչպես սովորական մարդիկ: Նոր էի ամուսնալուծվել, կարելի է ասել՝ փրկվել:

Նախկին ամուսին կոչվածը թմրամոլ էր, նրանից էլ «նվեր» էր մնացել ՄԻԱՎ-ը: Նա վաղուց գիտեր իր կարգավիճակի մասին, իսկ ես դա իմացա միայն ամուսնալուծվելուց հետո, երբ ծայրահեղ վատ վիճակում ինձ տեղափոխեցին հիվանդանոց: Բժշկական հետազոտություններից պարզվեց, որ ՄԻԱՎ ունեմ: Մինչ ախտորոշումն իմանալը մտածում էի, որ այդ հիվանդությամբ վարակվում են միայն թմրամոլներն ու մարմնավաճառները: Նման մարդկանց նկատմամբ վերաբերմունքս շատ խիստ էր: Սկզբնական շրջանում չէի կարողանում համակերպվել կարգավիճակիս հետ, պատրաստ էի նույնիսկ ինքնասպանության: Կարծես աշխարհը փուլ էր եկել գլխիս: Կյանքս փոխվեց 180o-ով, կարծես ամեն ինչ իմ դեմ էր ուղղված: Կարգավիճակիս բացահայտումը շատ ծանր էր նաև ծնողներիս համար: Դա նրանց հոգեկան հարված հասցրեց: Ես շատ ընկճված էի և երկար ժամանակ չէի կարողանում համակերպվել կարգավիճակիս հետ:

Այս կարգավիճակում ինձ շատ օգնեցին հասարակական կազմակերպությունները: Դրանցից մեկի շնորհիվ այժմ ես ունեմ աշխատանք և կարողանում եմ հաղթահարել կյանքիս դժվարությունները: Ես արդեն վերադառնում եմ սովորական, առօրյա կյանքին և հաստատուն քայլերով առաջ եմ գնում: Իմ կողքին են նաև ծնողներս, որոնք ամեն հարցում աջակցում և օգնում են ինձ:

Ես շատ եմ ցանկանում, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը փոխվի, չլինի խտրականություն: Դա շատ կօգնի այդ մարդկանց՝ հաղթահարելու իրենց հիվանդությունը:

Նախքան կարգավիճակիս մասին իմանալը՝ իմ կյանքի կարևոր ձեռքբերումներից է որդիս, ով իմ կյանքի իմաստն է: Կարգավիճակիս բացահայտումից հետ ամենանշանակալի ձեռքբերումն իմ աշխատանքն է, որի շնորհիվ ինձ ավելի վստահ եմ զգում:

Շնորհակալ եմ Աստծուն, որ ես շուտ իմացա իմ կարգավիճակի մասին և այժմ իմ հարազատների կողքին եմ:

31 տարեկան  

 

Իմ փոքրիկ փրկիչը

Ես՝ մինչ իմ կարգավիճակն իմանալը ապրում էի շատ անհոգ ու երջանիկ: Ճիշտ է՝ ընտանիքումս եղել են շատ ուրիշ խնդիրներ, որոնց աշխատել եմ ճիշտ լուծումներ տալ, բայց երբեք չեմ պատկերացրել, որ ես երբևիցե կվարակվեմ ՄԻԱՎ-ով, քանի որ ես ապրում էի նորմալ, առողջ կյանքով՝ հավատարիմ լինելով իմ ամսուսնուն, լինելով լավ և հոգատար մայր, մի խոսքով երբեք չշփվելով դրսի ահավոր կյանքի հետ:

Առաջին նախադասությունը, որ ես արտասանել եմ իմ կարգավիճակն իմանալուց հետո, եղել է հետևյալը. «Չի՛ կարող պատահել, որ այս դաստիարակության, այս վարքի ու բարոյականության տեր մարդուն նման բան պատահի. հենց ի՞նձ հետ և արդյո՞ք ինձ մնացել են ապրելու տարիներ և որքա՞ն… կհասցնե՞մ տեսնել, թե ինչպես է մեծանում իմ փոքրիկ դստրիկը»: Միշտ կարծել եմ, որ այս հիվանդությունով, այսինքն այս ամոթալի վիրուսով վարակվում են միայն անբարոյական կանայք, որ նրանք լինում են վերքերով, հյուծված, գունատ և նվազ: Այժմ արդեն գիտեմ, որ վարակման 5-7 տարվա ընթացքում արտաքին տեսքից երբեք ոչինչ չի նկատվում: Բայց այդ ժամանակ կարծում էի՝ այդ ամենն սպառնում է ինձ:

Բարեբախտաբար կողքիս գտնվում էին իմ շատ մոտ հարազատները և ինձ ուժ տվեցին ապրելու և պայքարելու այդ դառը իրականության հետ: Երբ վիճակս վատացավ՝ ինձ արդեն օդի և ջրի պես հարկավոր եղան հակառետրովիրուսային դեղահաբեր, քանի որ այսօրվա դրությամբ ՄԻԱՎ-ով ապրող մարդու կյանքի համար միակ միջոցը դրանք են, եւ ես ստիպված էի խմել: Շատ տհաճությամբ էի խմում դեղահաբերը: Այդ ժամանակ դուստրս արդեն 10 տարեկան էր և նա մի գեղեցիկ օր՝ տեսնելով իմ տանջանքները, դեղահաբերը ձեռքին մոտեցավ ինձ ասելով.

- Մամ ջան, ես քեզ ուղղակի խնդրում եմ, որ ժամանակին և հաճույքով խմես այս դեղահաբերը, քանի որ նրանք են քո միակ փրկությունը, քանի որ ապրելու համար նրանք քեզ են պետք, իսկ ինձ դու ես պետք, որ կողքիս լինես երկար տարիներ:

Այդ բառերից հետո ես սկսեցի ուրիշ կերպ նայել կյանքին, սկսեցի լինել մի փոքր էգոիստ իմ անձի նկատմամբ: Հասկացա, որ պետք չէ անվերապահորեն սիրել մեկին, որ առաջնահերթ պիտի սիրես ինքդ քեզ, հետո դիմացինիդ… Պետք է ապրել ուրախ և զվարթ, չկենտրոնանալ հիվանդության վրա, բայց լինել հետևողական առողջական վիճակի նկատմամբ: Ես իմ դառը փորձով ուզում եմ կիսվել իրենց կարգավիճակի մասին նոր իմացող մարդկանց հետ. «Պետք չէ հուսահատվել, ապրեք լիարժեք կյանքով»: Իսկ այն մարդկանց, ովքեր չունեն ՄԻԱՎ, կասեմ, որ շատ երջանիկ են, ես շատ ուրախ եմ նրանց համար, մաղթում եմ նրանց, որ կյանքում դեղահաբերից կախված չլինեն, ինչպես մենք, և ապրեն կյանքի բնականուն հունով, որ անընդհատ շարված չլինեն դեղահաբերի ժամերը… Եղեք առողջ ու երջանիկ, ապրեք երկար-երկար տարիներ:

35 տարեկան  

 

Ստիպված եմ խաբել

Ես ապրում էի թեթև կյանքով, հաճույքներով, թմրանյութ էի օգտագործում: Ինչ-որ ժամանակ ինձ մոտ սկսվեց թուլություն, շատ վատ ինքնազգացողություն, հաճախ էի հիվանդանում: 1996թ. ընկերուհուս հետ որոշեցինք գնալ հետազոտման և այնտեղ իմացա իմ կարգավիճակի մասին: Գաղափար չունեի՝ ինչպիսինն է այս հիվանդությունը, որոշ բաներ գիտեի, բայց միայն հիվանդանալուց հետո մանրամասնորեն իմացա դրա մասին: Այդ պատճառով իմանալու պահին այդքան վատ չզգացի: Ընկերուհիս ավելի մանրամասն բացատրեց, թե ինչ է ՄԻԱՎ-ը: Շատ վատ զգացի այն ժամանակ, երբ բժիշկը 3 տարվա կյանք տվեց: Ապրում էի, որ վայելեի այն, ինչ մնացել էր: Կյանքիս բոլոր հետաքրքիր պլանները փոխվեցին, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Կյանքը կորցրեց իր իմաստը: 3 տարի սպասում էի՝ երբ պիտի մեռնեմ, ահավոր տանջվում էի: 3 տարի անց ես նորից գնացի բժշկի՝ հասկանալու՝ երբ եմ մեռնելու: Այս բժիշկն ասաց. «Գնա՛ և ապրի՛ր»: Երբ վերադարձա Հայաստան, հարազատներիցս և մտերիմներիցս փորձում էի պարզել՝ ինչ աջակցող կազմակերպություններ կան: Սակայն աշխատում էի զգույշ լինել, որ նրանք գլխի չընկնեն իմ կարգավիճակի մասին: Մայրս գիտի, որ ես հեպատիտ ունեմ: Տատիկիս հետ էլ եմ մտերիմ, նրան էլ եմ ասել, որ անբուժելի հիվանդություն ունեմ, սակայն չգիտեմ՝ հայերեն ինչպես է կոչվում: Իմ կարծիքով արտագնա աշխատողների 10-ից 8-ի մոտ առկա է ՄԻԱՎ, ուղղակի նրանք տեղյակ չեն, որ հիվանդ են:

…Անտանելի փոփոխություններ էին դրանք: Հիմա, իհարկե, ես այդպես չեմ մտածում, բայց այդ պահին այդ ամենն անտանելի էր: Ապագայի վերաբերյալ բոլոր նպատակներս, որոնք կապված էին աշխատանքի, ընտանիքի, երեխաների հետ, վերացան: ՄԻԱՎ-ի պատճառով կորցրեցի աշխատանքս, մասնագիտությունս, ճանապարհորդելու երազանքս, երիտասարդական ավյունս: Միանգամից ամեն ինչ փոխվեց: Բայց այսօր խնդիր չկա, ամեն ինչ հաղթահարել եմ: Կրկին կարողանում եմ ուրախանալ կյանքով: ՄԻԱՎ-ն ինձ ոչինչ չի տվել, միակ լավ բանն այն է, որ կան կազմակերպություններ, որոնք հնարավորություն են տալիս մեզ պես մարդկանց՝ գալ, շփվել միմյանց հետ, կտրվել առօրյա հոգսերից և մտահոգություններից: Թե՛ գործի և թե՛ կյանքի բերումով դժվարություններ շատ եմ ունեցել, որոնցից որոշները մինչև հիմա էլ ունեմ: Անցյալում դժվարությունները հաղթահարում էի ընկերուհուս հետ: Գտնվելով արտերկրում՝ որակյալ թերապիա եմ անցել, հաճախել եմ հոգեբանների մոտ: Այսօր ինձ օգնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են ՄԻԱՎ-ով մարդկանց հետ: Այնտեղ ես կարող եմ անկեղծ շփվել՝ կարիք չունենալով թաքցնելու իմ կարգավիճակը, իսկ ուրիշներին՝ նույնիսկ շատ մոտ հարազատների, ստիպված եմ խաբել:

Շատ կցանկանայի առողջությունս վերականգնել, բայց դա անհնար է: Իմ դրության մեջ երկու բան էի ցավալի համարում՝ այն, որ չեմ կարող աշխատել մասնագիտությամբ և որ չեմ կարողանա ընտանիք ստեղծել: Ինձ համար այսօր ՄԻԱՎ-ը սովորական հիվանդություն է, միայն աշխատանքի խնդիրն է բարդ. ես խոհարար եմ, և իմ կարգավիճակով մարդկանց արգելված է աշխատել այդ ոլորտում: Սակայն այստեղ իմացա, որ հնարավոր է ամուսնանալ և նույնիսկ առողջ երեխա ունենալ, իսկ մասնագիտությունն էլ կարելի է փոխել:

Եղել են դեպքեր, որ իրենց կարգավիճակի մասին նոր իմացող մարդկանց բացատրել եմ, որ վախենալու ոչինչ չկա, որ գիտությունը, բժշկությունը գնալով զարգանում են, և եթե մարդիկ հետևողական խմեն իրենց դեղերը, տարիներով կապրեն: Կարծում եմ՝ հիմա սրանից ավելի վատ հիվանդություններ էլ կան:

Առողջներին կմաղթեմ՝ Աստված տա, որ նրանք երբեք չհիվանդան, բայց ոչ ոք չի կարող իրեն վերջնականապես ապահովագրված համարել:

39 տարեկան  

 

Ես պետք է լինեմ լավատես

Մինչ ախտորոշումն իմանալը քաոսային վիճակ էր: Ամուսինս մեկ տարուց ավել հիվանդ էր: Բժիշկներ, տարբեր դեղամիջոցներ, երկար բուժումներ, ոչինչ չէր օգնում: Անհույս վիճակ, հիասթափություն:

Նախքան ախտորոշումն իմանալը ՄԻԱՎ-ի մասին մտածում էի, որ անբուժելի հիվանդություն է, սարսափելի վիրուս, որ խլում է մարդու կյանքը և չունի բուժում: Ախտորոշումն իմացա ամուսնուցս: Անսպասելի հարված էր. երբեք չէի սպասում ու պատրաստ չէի ընկալել: Շատ լարված վիճակում էի: Մեկ ակնթարթում կյանքս նորից վերապրեցի՝ ամուսնական կյանքի դժվար ճանապարհ, վիրավորանքներ, մեղադրանքներ, վեճեր… հիվանդություն, որի անունն է ՄԻԱՎ: Ամուսինս հիվանդ է, ես՝ նույնպես: Ճակատագիրը նորից ու նորից հարվածեց ինձ, այս անգամ 21-րդ դարի անբուժելի հիվանդությամբ: Ատելություն զգացի ողջ մարդկության նկատմամբ: Սիրտս փշրվեց, կյանքս կանգ առավ, անբացատրելի ատելություն ու չարություն զգացի այն մարդկանց հանդեպ, ովքեր վիրուսի տարածման պատճառ էին դարձել: Ամեն ինչ փշրված էր: Ախտորոշումն իմանալուց հետո ունեցա անձնական դժվարություններ, հոգեպես ընկճվեցի, կորցրեցի ապրելու ցանկությունս:

Բայց կյանքս շարունակվեց… Կարծես ամեն ինչ իր տեղն ընկավ: ՄԻԱՎ-ը տվեց բոլոր հարցերի պատասխանները, լուծեց բոլոր անլուծելի խնդիրները, որոնց առջև կանգնեցրել էր կյանքը: Կյանքումս մեծ փոփոխություններ տեղի չունեցան: Միայն հանուն զավակներիս ապրելու ու պայքարելու մեծ ցանկություն առաջացավ:

ՄԻԱՎ ախտորոշումը խլեց առողջությունս. կարծես դարձել եմ հաշմանդամ: Բայց մխիթարողն այն է, որ ՄԻԱՎ-ը տվեց նոր ընկերներ, նոր միջավայր: Շրջապատվեցի նոր մարդկանցով, որոնք ինձ կարող են հասկանալ, աջակցել, օգնել: Նախկինում դժվարությունները հաղթահարել ենք ամուսնուս հետ միասին հանուն մեր որդիների՝ մտածելով նրանց կյանքի ու ապագայի մասին: Այժմ դժվարություններս հաղթահարում եմ նաև հարազատ քույրերիս ու նոր ընկերներիս օգնությամբ: Ինձ շատ օգնեց ՄԻԱՎ-ով մարդկանց սոցիալական ծառայություններ մատուցող կենտրոնի ողջ անձնակազմը, այնտեղ այցելող ՄԻԱՎ դրական ախտորոշմամբ մյուս մարդիկ, որ դարձել են հարազատ բարեկամներ և հուսով եմ, որ մինչև կյանքիս վերջը կլինեն կողքիս: Նրանց բոլորի շնորհիվ հասկացա, որ ես մենակ չեմ, չպետք է հուսահատվել, ես պետք է լինեմ լավատես, չհաձնվեմ, պայքարեմ ու հաղթեմ բոլոր դժվարությունները: Նաև հասկացա, որ արհամարհված չեմ հասարակության կողմից: Կան կազմակերպություններ, որոնք իմ կողքին են, ինձ շրջապատում են հոգատար ու բարի մարդիկ: Այնտեղ ես ստանում եմ հոգևոր սնունդ, որ այս պահին ամենակարևորն է ինձ համար և որը ապրելու մեծ ուժ է տալիս ինձ, որպեսզի նորից պայքարեմ աշխարհիկ կյանքի մեղքերի ու դժվարությունների դեմ:

Կյանքումս ոչինչ չէի փոխի, բայց եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, ապա կփոխեի կամակոր ու գոռոզ բնավորությանս պատճառով արածս սխալները, կլսեի ծնողներիս:

Մինչև ախտորոշումը՝ կյանքիս ամենակարևոր ձեռքբերումներն են՝ տունս, ընտանիքս, որդիներս:

Ախտորոշումից հետո ձեռք եմ բերել նոր կյանք, լավ ընկերներ, ամենակարևորը՝ աղոթում եմ, որ չէի անում քսան տարի շարունակ, լսում եմ Աստծո խոսքը, որն ինձ ապրելու շատ ուժ է տալիս, սովորեցնում է լինել բարի ու ներողամիտ: Ձեռք եմ բերել մեծ սեր սրտիս մեջ, որն ինձ օգնում է սիրել կյանքը, սիրել դիմացինիս, սիրել ամեն ինչ, սիրել բոլորին: Ես չեմ ատում մարդկանց, ես աղոթում եմ նրանց համար:

Իրենց ախտորոշման մասին նոր իմացողներին կասեի. «Ապրե՛ք կրկնակի ուրախ ու երջանիկ, արհամարհեք հիվանդությունը, այլ ոչ թե Ձեզ ու Ձեր կյանքը: Դուք արհամարհված, մենակ ու լքված չեք, մենք բոլորս միասին ենք, հզոր ու անպարտելի: Երբեք չպետք է հուսահատվել: Աստված մեր կողքին է, Աստված մեզ հետ է»:

Ովքեր չունեն ՄԻԱՎ, ցանկանում եմ, որ միշտ լինեն առողջ, ՄԻԱՎ-ի մասին տեղեկացված ու ապահով:

38 տարեկան

 

Պարտավոր եմ լինել

…Կյանքս խափանված ժամացույցի պես կանգ է առել, միայն անդադար լսվում է նույն տեղում կանգնած սլաքի թխկթխկոցը:

Ընտանիքում լինելով միակ աղջիկը՝ ապրել եմ արքայադստեր կյանքով: Քսան տարիս դեռ չբոլորած` ամուսնացա. «ամուսնուս» հետ ծանոթացել եմ արյունակից-հարազատիս միջնորդությամբ: Անկեղծ ասած՝ ամուսնության մասին իմ պատկերացումները բոլորովին այլ էին, դրանք եթերային էին, դրախտային ու… կատարյալ: Ես, լինելով դյուրահավատ, չէի հասկանում՝ ինչ է կատարվում շուրջս, սիրուց շլացած՝ աչքիս ամեն ինչ վարդագույն էր: Հենց առաջին իսկ տարում, ինձ թողնելով հղի վիճակում, «ամուսինս» գնաց արտագնա աշխատանքի, թեպետ դրա կարիքն ամենևին էլ չկար: Երեխան ծնվեց, իսկ նա վերադարձավ միայն հինգ ամիս անց: Երկու ամիս մնալուց հետո նորից վերադարձավ Ռուսաստանի Դաշնություն, և դա դարձավ իմ կյանքի յուրօրինակ ու տարօրինակ ռիթմը: Չորս տարի անց երկրորդ բալիկովս հղիացա, և ամեն ինչ սկսվեց այդտեղից: Ծանր հղիություն, միայնություն…

…Եվ այդ ժամանակ ինձ է զանգահարում մի ռուս կին, ներկայանում է որպես «ամուսնուս» կին և զգուշացնում է, որ չանհանգստացնեմ իրենց, քանի որ իրենք շատ երջանիկ են: Թերևս մարդկային ամենաճոխ լեզուն ու խոսքերն անկարող լինեին նկարագրել այն տառապանքները, այն անզորությունը, որ ես զգում էի: Ապա ծնվեց տղաս, քառասուն օր հետո երեխայիս մոտ ի հայտ եկան անհասկանալի երևույթներ: Միայնակ, երեխայիս վերցրած, վազում էի մի հիվանդանոցից մյուսը: Իսկ նա այդ ամբողջ ընթացքում գոնե մեկ անգամ չզանգահարեց՝ իմանալու երեխայի որպիսությունը: Բժիշկները հուսադրող ոչինչ չէին ասում: Ես չգիտեի ինչ անել, ում պատմել իմ ցավը, իմ տառապանքը: Ծնողներիս ուզում էի հեռու պահել իմ տառապանքներից, իսկ նրա ծնողների հետ չէի կարող խոսել:

Անցավ մեկ տարի: Կյանքի գնով պայքարեցի երեխայիս համար, գնալով ապաքինվեց, ապա որոշեցինք մեկնել «ամուսնուս» մոտ: Մեկնեցինք…

Անտարբերություն, օտարություն, սառնություն, տագնապներով լի գիշերներ: Ես սկսեցի հյուծվել ու իմ գնալուց մեկ տարի անց դարձա անկողնային հիվանդ՝ միայնակ ու անօգնական: Հիմա հիշում եմ երեխաներիս լացն ու իմ անզորությունը: Արյան հետազոտության գնացի, պատասխանը սահմռկեցուցիչ էր ու մահացու: Կյանքս երակներումս կանգ առավ. պարզվեց, որ ես և երկրորդ բալիկս վարակված ենք ՄԻԱՎ-ով:

Չեմ կարողանում գրել. յուրաքանչյուր բառ ողողվում է արցունքներով: Չեմ կարող նկարագրել այն ամենն, ինչի միջով ստիպված էինք անցնել ես և երեխաներս:

Անտեղյակ լինելով այն մասին, թե ինչ է ՄԻԱՎ-ը՝ ես նույնիսկ փորձեցի կյանքիս վերջ դնել, սակայն չկարողացա, քանի որ ինձ էին նայում երեխաներիս աղերսող և կարեկցանք հայցող աչքերը… Ես հասկացա, որ պարտավոր եմ լինել նրանց կողքին, քանի որ նրանց աշխարհը սկսվում և վերջանում է միայն ինձնով:

Ռուսաստանում ինձ չբուժեցին, քանի որ ես նրանց քաղաքացին չէի: «Ամուսինս» ինձ հանձնեց ծնողներիս ու մեկնեց ՌԴ:

Անցել են ամիսներ, թերևս դարձել եմ անզգա, համակերպվել եմ այն իրողությանը, որում հայտնվել եմ: Ունեմ աննման ծնողներ, ապրում եմ նրանց հետ, ինչպես նաև եղբորս ընտանիքի հետ, բայց հիվանդությանս մասին գիտեն իմ ծնողները, «ամուսնուս» ծնողները և ամուսնությանս միջնորդած հարազատը: Վերջիններս բացահայտ խուսափեցին ինձնից, նրանք ինձ երեխաներիս հետ տանից դուրս հանեցին, «որպեսզի ես վարակը չտարածեմ»: Միայն ծնողներս ինձ ընդունեցին, հոգեպես աջակցեցին ու աջակցում են մինչ այս պահ: Ես խոնարհվում եմ նրանց առաջ:

Ապագաս առհասարակ այս պահին չեմ տեսնում, այն նման է աշնան՝ միայն մշուշ է, թախիծ ու տխրություն:

Խորհուրդս ու կոչս տղամարդկանց. «Մի՛ կործանեք ձեր կողակցին, ում ընտրել եք կյանքի ընկեր»:

Շատ կցանկանայի, որ յուրաքանչյուր անձ ապահովագրեր իր առողջությունը, իրազեկ լիներ ՄԻԱՎ-ին, և, ամենակարևորը, երբ իմանար կողքինի ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին, չխորշեր նրանից, այլ վերաբերվեր այնպես, ինչպես առողջ մարդուն է վերաբերվում: Նաև շատ կցանկանայի, որ աշխատանքի համար որևէ տեղ դիմելիս հարկ չլիներ նշել ՄԻԱՎ-ի մասին:

Մինչ հիվանդությունս իմ ձեռքբերումներն եմ համարում որդիներիս: Ախտորոշումից հետո ձեռքբերումս է իմ և Աստծո անքակտելի կապը, որ մինչ հիվանդությունս, ցավոք, չկար: Հիմա եմ հասկանում, թե որքան հեռու եմ եղել Աստծուց, Եկեղեցուց: Շնորհակալ եմ Տեր Աստված, որ կաս իմ մեջ, որ ինձ մենակ չես թողել և միշտ ինձ հետ ես:

30 տարեկան  

 

Հիշել ՄԻԱՎ-ի մասին, կամ մոռանալ՝ Ձեր ընտությունն է

Աշխատում էի ռեստորանում, շփվում էի հայտնի մարդկանց հետ, մեծ շրջապատ ունեի, ընկերներ, ընկերուհիներ: Խաբվեցի գեղեցկությանը, որոշ ժամանակ անց ամուսնացանք, հետո կինս հղիացավ, գնաց հետազոտման ու պարզվեց…: Բժիշկն ասաց. «Արյան մեջ մի բան կա, դուք այլևս չեք կարող գալ այստեղ, ձեզ համար առանձին տեղ կա, գնացեք այնտեղ»: Նշանակություն չունի, թե մարդ ինչ կրթություն է ստացել, կարևորը մարդկայնությունն է, որ որոշ բժիշկներ չունեն: Երբ գնացինք «մեր նմանների համար նախատեսված կենտրոն», այնտեղ ասացին, որ ես էլ պիտի հետազոտվեմ: Պատասխանները մի քանի օրից պիտի ասեին: Այդ մի քանի օրվա ընթացքում մենք առավոտից երեկո խմում էինք, որ ուղեղներս բթացնեինք: Այդ ժամանակ բացարձակ պատկերացում չունեի՝ ինչ հիվանդություն է սա, միայն լսել էի, որ մահացու է: Երբ իմացանք, որ պատասխանը դրական է, կինս ավելի շատ տխրել էր ինձ համար, որովհետև մեղքի զգացում ուներ: Բժիշկները շատ արհամարհանքով էին մեզ վերաբերվում, նույնիսկ չբացատրեցին՝ ինչ հիվանդություն է սա, ինչպես է ընթանում, մեզ չտրամադրեցին ո՛չ հոգեբանական աջակցություն, ո՛չ դեղորայք: Շոկային վիճակում գնացինք տուն, ապրել չէինք ուզում: Նրանք մեր հանդեպ անտարբերություն դրսևորեցին, և մենք էլ շարունակեցինք նախկին կենսակերպով ապրել՝ անտեսելով մեր հիվանդությունը: Ծննդաբերությունից հետո երեխայիս դեղորայք տվեցին, որի շնորհիվ նա առողջ մնաց: Կյանքս չփոխվեց, որովհետև մի լրագրում կարդացի. «Հիշել ՄԻԱՎ-ի մասին կամ մոռանալ՝ Ձեր ընտությունն է»: Ես էլ որոշեցի մոռանալ, որի համար հիմա շատ-շատ եմ զղջում: Այն ժամանակ ես պարզապես վախենում էի իրականությունից և փախչում էի նրանից, որն էլ բերեց առողջական վիճակիս կտրուկ վատացման: Եթե իմանայի, որ հակառետրովիրուսային բուժում եմ ստանալու, որով կկարողանամ կանխել երկրորդ հիվանդությունս՝ թոքախտը, ես ամեն ինչ կանեի, որ խուսափեի այս վիճակից: Բայց, քանի որ ոչ մի բժիշկ այն ժամանակ ինձ չառաջարկեց դեղ խմել, ես հայտնվեցի շատ ծանր վիճակում: Կարևոր չէ՝ որ երկրի քաղաքացի ես և որտեղ ես գտնվում, ինչպես ասում են բոլոր երկրների նախագահները, ամենակարևորը և ամենաթանկը մարդու կյանքն է, որին սակայն ոչ բոլոր բժիշկներն են լրջորեն վերաբերվում:

Կնոջիցս հեռացա՝ ինձ հետ վերցնելով երեխայիս և … ՄԻԱՎ-ը:

ՄԻԱՎ-ն ինձնից խլեց աշխատանքս, շփումներս, շրջապատս, սիրած էակիս՝ նոր ըներուհուս, որից ստիպված էի հրաժարվել, քանի որ չուզեցի, որ մեկ այլ կյանք էլ խորտակվեր ՄԻԱՎ-ի օվկիանոսում: Մյուս կողմից, այն ինձ ստիպեց սկսել նոր կյանք՝ նոր ու առողջ կենսակերպով, դադարեցնել խմելը, ծխելը: Եթե առաջ բարի էի, հիմա քսան անգամ ավելի բարի եմ: Մահացու հիվանդություն ունեցողի հայացքները կյանքի նկատմամբ փոխվում են: Երբ մարդ կենսունակ ու առողջ է, կյանքով լեցուն է, նա չի գնահատում կյանքը: Սկսում է գնահատել, երբ Աստված ասում է. «Ամեն պահի կարող ես մեռնել»: Պետք է խուսափել ամեն տեսակ գայթակղիչ հաճույքներից, հավատարիմ լինել կողակցին, ինչը կարող է ապահովել երջանիկ ընտանեկան կյանք:

Հիվանդության պատճառով բախվեցի նոր ընտանիք ստեղծելու, աշխատանք գտնելու դժվարությունների, դրան ավելացան առօրյա կենսական դժվարությունները, որոնք կապված էին սննդակարգին հետևելու, դեղեր խմելու անհրաժեշտության հետ: Կես մարդ ես դառնում:

Դժվարություններս հաղթահարեցի լավ մարդկանց միջոցով՝ մնալով առանց ՌԴ-ի քաղաքացիության և շատ ծանր առողջական վիճակում… Այդքան հարուստ երկիրը չկարողացավ ինձ օգնել, իսկ Հայաստանն ընդունեց ինձ, քաղաքացիություն տվեց և օգնեց հաղթահարել հիվանդություններս: Սկզբում շատ դժվար էր ինձ համար, մշտապես գտնվում էի սթրեսային վիճակում, բայց քանի որ ինձ սկսեցին շրջապատել նոր ընկերներ, որոնք գիտեին իմ կարգավիճակի մասին, հասկանում և կարեկցում էին ինձ, իմ վիճակն աստիճանաբար բարելավվեց: Հիմա համապատասխան կենտրոն եմ հաճախում, որտեղ բոլորն իմ կարգավիճում են, այնտեղ բոլորս հավասար ենք, հասկանում ու աջակցում ենք իրար: Լավ է, որ կա նման կենտրոն, որ ապահովում է շփումը, օգնում է ցրվել, նաև նոր բաներ իմանալ, զբաղմունք է ապահովում, որոնցից մարդու հոգին հանգստանում է: Այլ երկրներում էլ ընկերներ ունեմ, որոնք շատ են օգնում ու գիտեն, որ հիվանդ եմ, բայց տեղյակ չեն՝ ինչ հիվանդությամբ:

Եթե անցյալս փոխելու հնարավորություն ունենայի, հաստատ նախկին կենսակերպով չէի ապրի, ավելի մեծ պատասխանատվությամբ կընտրեի կողակցիս: Կյանքում հաճույքների բազում գայթակղություններ են լինում, և մարդը թուլություն ունի դրանց նկատմամբ: Պետք է ուժեղ ու զսպված լինել ու չտրվել դրանց:

Հիմա ես որդուս կողքին եմ, նրա հետ ժամանակ եմ անցկացնում, գնահատում եմ նոր կյանքս ու ծնողներիս:

Իրենց կարգավիճակի մասին նոր իմացող մարդկանց կասեմ. «Մի՛ տրվեք խուճապին, պահպանե՛ք ինքնատիրապետումը, կտրուկ փոխե՛ք ձեր կենսակերպը, հաշտվե՛ք և ընդունե՛ք այդ հիվանդությունը, ուսումնասիրե՛ք այն, որ երկարացնեք ձեր կյանք»:

Առողջներին խորհուրդ կտամ, որ պահպանեն կողակցի նկատմամբ հավատարմությունը՝ ոչ միայն նրան հոգեբանական վնաս չպատճառելու, այլև սեփական անվտանգության համար:

36 տարեկան

 

Հաճույքից այն կողմ

Ապրում էի բուռն և ակտիվ կյանքով, անհոգ ու անհետևողական իմ առողջության նկատմամբ: Նախքան ախտորոշումը ՄԻԱՎ-ի մասին մտածում էի, որ դա հեքիաթ է, այդպիսի հիվանդություն չկա, կարծում էի՝ միայն հարուստների հիվանդություն է և ինձ չի վերաբերում: Բազմաթիվ առողջական խնդիրներից հետո իմացա, որ ունեմ նաև ՄԻԱՎ: «Բարեհամբույր» բժշկուհին նույնքան բարեհամբույր տոնով ասաց. «Շնորհավորում եմ, Դուք ունեք ՄԻԱՎ»: Սառը քրտինք, աչքերիս առջև մթնեց, ու ամբողջ կյանքս ֆիլմի պես անցավ աչքերիս առջևով: Մտածեցի՝ վերջ: Մի քանի ակնթարթ կամ ժամ հետո սթափվեցի, հիշեցի ՄԻԱՎ-ի վերաբերյալ իմ նախկին կարծրատիպերը՝ «դա հեքիաթ է, այդպիսի հիվանդություն չկա, ինձ չի վերաբերում»: Երեք անգամ հետազոտվեցի, քանի որ չէի հավատում, որ դա ինձ հետ է պատահել: Երեք անգամն էլ պատասխանը դրական էր: Հայտնվեցի անելանելի դրության մեջ: Քանի որ առողջական վիճակս շատ ծանր էր, տարածության մեջ ինքնուրույն տեղաշարժվել չէի կարողանում, մնացել էի չորս պատի մեջ: Մութ ու անելանելի էր: Կամաց-կամաց սկսեցի հասկանալ կյանքի իրական արժեքը: Բայց ընթացքում աստիճանաբար մարդկանց նկատմամբ մեջս չարություն սկսեց արթնանալ, որովհետև մտածում էի, որ եթե իմանան՝ ես ունեմ ՄԻԱՎ, ինձ կսկսեն այլ աչքերով նայել: Մտածում էի՝ աշխարհում միակ ՄԻԱՎ ունեցող մարդն եմ, ինձ թվում էր՝ ճակատիս գրված էր, որ ես ՄԻԱՎ-ի վարակակիր եմ: Առաջինը ասացի մորս, որովհետև վախենում էի կորցնել ընտանիքս, վախենում էի այն մտքից, որ կնոջս ու նրա միջոցով նաև երեխայիս կարող է վարակած լինեի: Եվ այդ մտավախությունն օրեցօր ավելի էր քայքայում ինձ, քան այն միտքը, որ ես հիվանդ եմ: Շնորհիվ բժշկիս ճիշտ ուղղորդման՝ հասկացա, որ կնոջս վարակվելու հավանականությունը շատ փոքր էր: Կնոջս հետազոտումից պարզվեց, որ նա չունի ՄԻԱՎ, ինչն ինձ կյանքի համար պայքարելու նոր ուժ տվեց: Սկսեցի վերականգնվել և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, հաղթահարեցի ՄԻԱՎ-ի հետ զուգորդվող հիվանդություններ, ինչը, թեև դժվար էր, բայց հաջողվեց: Այդ ժամանակ հասկացա, թե կորցնելն ինչքան հեշտ է, և փոխարենը՝ հետ բերելը որքան դժվար: Ընտանիքիս կողքին լինելու ցանկությունս այնքան մեծ էր, որ ինձ հաջողվեց հաղթահարել վերականգնման համար գրեթե անհնար համարվող առողջական վիճակս: Մայրս ինձ շատ էր օգնում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար նածատեսված ՀԿ-ների հավասարը՝ հավասարին խորհրդատուները, հոգեբաններն ու հոգևորականը շատ օգնեցին, որ վերանայեմ կյանքիս նկատմամբ հայացքներս: Ինձանից երկու տարի պահանջվեց, որ բավականաչափ համարձակություն հավաքեմ ու կարողանամ կնոջս ասել իմ կարգավիճակի մասին: Դրանից հետո կազդուրման գործընթացներն ավելի արագ եղան: Այնքան էի վերականգնվել, որ ինձ ի վիճակի էի զգում օգնելու իմ դրության մեջ հայտնվածներին: Սա իմ գլխավոր ձեռքբերումներից է, նաև այն, որ աշխարհընկալումս փոխվեց: Ես հիմա երկրորդ կյանքս եմ ապրում, վերածնվել եմ, իսկ դրանից մեծ ձեռքբերում չկա: Կորցրեցի վայելքներով լի, առողջ, բայց անբարո կյանքս, փոխարենը ձեռք բերեցի ՄԻԱՎ, որն այդ վայելքների վճարն էր, նաև իմաստություն և մարդկանց օգնելու կարողություն: Կցանկանայի ազատվել վիրուսից, իսկ մնացած ամեն ինչ հրաշալի է:

Իրենց ՄԻԱՎ-ի մասին նոր տեղեկացած մարդկանց կասեի, որ չկարծեն՝ դա իրենց կյանքի վերջն է. դա կյանքը վերաիմաստավորելու ու ճիշտ ապրելակերպ ձեռք բերելու հնարավորություն է: Օգտվե՛ք դրանից: ՄԻԱՎ չունեցողներին կասեմ, որ ոչ ոք ապահովագրված չէ որևէ տեսակի հիվանդությունից, շատ դեպքերում անհնարին ու մեզանից շատ հեռու ու հեքիաթային թվացող բաներն էլ են իրականություն դառնում: Այս կայնքում ամեն ինչի համար պետք է վճարել: Հաճույքներով լի կյանքիս համար ստիպված էի վճարել առողջությամբ:

23 տարեկան

 

Նյութերը պատրաստեցին՝ Սամվել Մխիթարյանը և Սոնա Գրիգորյանը

 

21.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․