Գրքեր

Ինչ ցանես, այն էլ կհնձես

Հեռավոր անցյալում մի իմաստուն կայսր էր կառավարում իր երկիրը: Երբ նա արդեն շատ ծեր էր՝ որոշեց հայտնել, թե ով է լինելու իր ժառանգորդը: Բոլորը կարծում էին, թե դա նրա զավակներից կամ ազգականներից մեկը կլինի, բայց կայսրն այլ բան էր մտածել:

Նա հրամայեց իր երկրում ապրող բոլոր երիտասարդներին իր պալատ կանչել և նրանց հետևյալն ասաց. «Ես պետք է երկրի հաջորդ ղեկավարին նշանակեմ և որոշեցի, որ նրան կընտրեմ ձեզնից որևէ մեկին»: Մինչ բոլորն ապշած միմյանց էին նայում, ծեր տիրակալը շարունակեց. «Ձեզնից յուրաքանչյուրին մեկական սերմ կտամ: Դուք այն կցանեք, կխնամեք ողջ տարին և պալատ կվերադառնաք աճեցրած բույսով: Իմ հետնորդը կլինի նա, ում բույսն ամենալավը կլինի»:

Պատանիներից մեկը, որ նույնպես սերմ էր ստացել, տուն վերադարձավ ու մորը պատմեց կայսեր հանձնարարութան մասին: Մայրն օգնեց նրան ցանել սերմը և պատանին ամեն օր խնամում էր այն և ստուգում, թե չի ծլել արդյոք: Ժամանակն անցնում էր և նրա ընկերներն ամեն անգամ հանդիպելիս պատմում էին, թե իրենց բույսերն արդեն որքան են աճել, իսկ նրա ծաղկամանում դեռ ոչինչ չէր երևում: Երիտասարդն իրեն ոչնչություն էր զգում և ինքն իրեն էր մեղադրում, որ փչացրել է այդքան թանկարժեք բույսը:

Եվ ահա լրացավ կայսեր տված ժամանակը: Նշանակված օրը բոլոր պատանիներն իրենց աճեցրած բույսերով պալատ եկան: Իսկ այն պատանին չէր ուզում այնտեղ գնալ, սակայն մայրն ասաց, որ պետք է ազնիվ լինել և կարողանալ ընդունել պարտությունը: Ուստի նա էլ պալատ գնաց իր դատարկ ծաղկամանով:

Երբ կայսրը տեսավ բույսերի առատությունը՝ ասաց. «Բոլորդ էլ գովեստի արժանի եք, հրաշալի բույսեր եք աճեցրել»:

Այդ ողջ ընթացքում այն պատանին փորձում էր թաքնվել մյուսների ետևում, սակայն կայսրը նկատեց նրա դատարկ ծաղկամանը և առաջ կանչեց նրան: Բոլորը սկսեցին ծիծաղել՝ տեսնելով, որ նրա ծաղկամանում հողից բացի ոչինչ չկա: Իսկ տիրակալը հանկարծ հայտարարեց. «Ահա՛ իմ հետնորդը: Բոլորդ էլ ինձնից սերմեր ստացաք, որոնց արդյունքով մեկ տարի անց պիտի պալատ ներկայանայիք, սակայն ձեզնից ոչ ոք չգիտեր, որ այդ սերմերը չէին կարող աճել, քանի որ նախօրոք եփվել էին: Բայց այս պատանուց բացի բոլորդ աճեցրած բույսեր բերեցիք: Դուք իմ տվածները ուրիշ սերմերով եք փոխարինել: Եվ նա միակն է, ում ազնվությանը ես չեմ կասկածում, այդ պատճառով էլ ինձնից հետո նա կդառնա ձեր կայսրը»:

 

Միշտ պիտի հիշենք, որ ապագայում ստանալիք արդյունքները մեր այսօրվա գործողությունների հետևանքն են:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

20.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․