Գրքեր

Ինչ ձեռքբերումներ ունեն այսօր մարդիկ

Կրթվածությունը լավ բան է, բայց որպեսզի այն օգուտ բերի, անհրաժեշտ է հոգին էլ «կրթել»: Այլապես կրթվածությունն աղետով կավարտվի: «Չարիքը,- ասել է սուրբ Կոսմա Էթոլոսացին,- կրթված մարդկանցից է գալու»*: Չնայած, որ գիտությունը բավականին առաջընթաց է ապրել ու այդքան հաջողությունների է հասել, մարդիկ, փորձելով աշխարհին օգնել, իրենք էլ չհասկանալով՝ կործանում են այն: Աստված մարդուն թույլ է տվել ամեն ինչ ըստ իր գիտակցության անել, բայց Աստծուն չլսելով՝ մարդ կործանում է իրեն: Մարդ իրեն կործանում է իր իսկ ստեղծածով:

Իրենց քաղաքակրթությամբ ինչի՞ հասան քսաներորդ դարի մարդիկ: Նրանք խելագարության հասցրեցին աշխարհը, աղտոտեցին մթնոլորտը, ամեն ինչ փչացրեցին: Եթե անիվը սռնուց դուրս գա, ապա կշարունակի աննպատակ պտտվել: Այդպես էլ մարդիկ են տառապում՝ աստվածային ներդաշնակության առանցքից դուրս գալով: Հնում մարդիկ պատերազմից էին տառապում, հիմա՝ քաղաքակրթությունից: Այն ժամանակ մարդիկ պատերազմի պատճառով քաղաքներից գյուղ էին տեղափոխվում ու գոնե մի փոքրիկ բանջարանոց ունենալով՝ ապրում էին: Իսկ այժմ մարդիկ քաղաքակրթության սաստիկ ճնշման պատճառով են հեռանալու քաղաքներից: Այն ժամանակ պատերազմը մարդկանց մահ էր բերում, իսկ քաղաքակրթությունն այժմ ՝ հիվանդություններ:

- Հա՛յր, իսկ քաղցկեղն ինչո՞ւ է այդքան տարածվել:

- Կարծում ես Չեռնոբիլն ու դրա նման այլ երևույթներն առանց հետք թողնելո՞ւ են անցել: Ամեն ինչ այդտեղից է գալիս է: Ահա՛ քեզ մարդիկ, այդ ամենը նրանց պտուղներն են… Ժողովուրդը սարսափելի կերպով այլանդակվել է: Ո՞ր դարաշրջանում այսքան հիվանդներ կային: Հնում մարդիկ այսպիսին չէին: Իսկ այժմ ինձ ուղարկված նամակներից որն էլ բացեմ, անպայման կամ քաղցկեղ է լինելու, կամ հոգեկան հիվանդություն, կամ կաթված կամ էլ քայքայված ընտանիք: Նախկինում քաղցկեղը հազվադեպ պատահող հիվանդություն էր, քանի որ կյանքն արհեստական չէր: Հիմա Աստծո թույլ տվածների մասին չեմ խոսում: Մարդը բնական սնունդ էր ընդունում ու գերազանց առողջություն ուներ: Ամեն ինչ մաքուր էր՝ մրգերը, սոխը, լոլիկը: Իսկ հիմա նույնիսկ բնական սնունդն է մարդուն խեղում: Միայն միրգ ու բանջարեղեն ուտողներն ավելի շատ են վնասվում, քանի որ ամեն ինչ աղտոտված է: Եթե նախկինում էլ այդպես լիներ, ապա ես երիտասարդ տարիքում կմահանայի, որովհետև վանքում բանջարանոցի տվածն էի ուտում՝ սոխ, հազար, կաղամբ և այլն ու ինձ հրաշալի էի զգում: Իսկ այժմ պարարտացնում են, սրսկում… Ինչերո՜վ են սնվում հիմա մարդիկ… Հոգեկան անհանգստությունը, սննդային փոխարկիչները մարդուն հիվանդացնում են: Մարդիկ իրենք իրենց անպիտան են դարձնում, երբ գիտությունն առանց կշռադատելու են օգտագործում:

- Հա՛յր, իսկ նախկինում մարդիկ ինչո՞ւ էին ավելի դիմացկուն ճգնավորության մեջ ու ավելի առողջ, քան մենք: Նշանակություն ունե՞ր, թե ինչ էին ուտում:

- Այո՛, քանի որ այն ժամանակ սննդամթերքը մաքուր էր: Կարծում եմ առանց բացատրությունների էլ է ակնհայտ: Մարդիկ հասած պտուղներով էին սնվում: Իսկ հիմա խակ մրգերն ու բանջարեղենը քաղում ու սառնարանն են դնում, որպեսզի շուտ չփչանան: Կանաչ, խակ պտուղները քաղում են ծառից ու արկղերի մեջ դասավորում, որ հասունանան: Առաջ հասունացած պտուղն ընկնում էր ծառից կամ էլ ձեռք չտված՝ արդեն պոկվում էր ճյուղից: Երեխաները հաց ու կարագ էին ուտում, կաթ խմում և այդ պատճառով էլ առողջ էին: Եվ մարդիկ էլ բացի լավ ու առողջարար սնունդ ուտելուց, եթե հիվանդանում էին, ապա «զոռ էին տալիս» իրենց ուղեղներին ու հասկանում արդյո՞ք դա սնունդից է, թե՝ ոչ: Իսկ հիմա ո՛չ ուտելիքն է բնական, ո՛չ էլ ուղեղներին են «զոռ տալիս»:

Որքան անբարեխղճորեն է մարդն այժմ աշխատում: Բուրդն ու բամբակը կամաց-կամաց հանում են գործածումից: Բամբակե շապիկ գտնելը, որ քրտինքը ներծծի, արդեն մեծ խնդիր է: Շապիկը հագնելով՝ միանգամից հասկանում եմ սինթետիկ նյութեր կան, թե ոչ: Եթե կան՝ ուրեմն չեմ կարողանում շնչել, տանջվում եմ, տառապում: Իսկ մարդիկ կարծում են, որ այդպիսի շապիկներն ավելի դիմացկուն են ու ավելի լավը՝ քան բնականները: Դա առաջընթաց են համարում: Իսկ արդյո՞ք օգտակար է առողջության համար: Ո՛չ, ընդհակառակը, մարդիկ իրենց առողջությանն են վնասում այդպիսի իրեր արտադրելով: Եվ պիտակ են փակցնում. «Պատրաստված է մաքուր բրդից»: Այո, գովազդի համար է՛լ ավելի մաքուր բառեր կգտնեն: Ոչխարներն այժմ միայն մսի համար են, որովհետև բուրդը նավթից ենք պատրաստում: Իսկ շերամորդերն ասում են. «Դե, եթե մեր մետաքսից ավելի լավն եք ուզում, ուրեմն ինքներդ էլ հյուսեք»…

 

* Սուրբ Կոսմայի մարգարեությունն Աստծո երկյուղը չունեցող կրթված մարդկանց մասին էր:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

26.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․