Գրքեր

Ինչո՞ւ այդպես պատահեց

Թագավորի ճարտարապետը գնում է պալատ: Ճանապարհին արքայի իմաստուն խորհրդականին է հանդիպում և հարցնում.

- Ինչո՞ւ այդպես պատահեց:

Իմաստունը պատասխանում է.

- Երբ գետի ափին թագավորի համար դղյակ կառուցեցիր, տարբեր մարդկանց միջոցով զգուշացրեցի, որ այդտեղ չկառուցես, բայց չլսեցիր: Երբ գետի հունը լեռներում փակեցիր և փորձեցիր ջրամբար դարձնել, դարձյալ այլ մարդկանց միջոցով քեզ զգուշացրեցի, որ գետի հոսքը չփակես, բայց շարունակեցիր չլսել և ջրամբարը մեծացնել: Երբ հորդառատ անձրևներ եկան, ջրամբարը փլուզվեց, և վարարած գետի հեղեղը թագավորի դղյակը քշեց, տարավ:

Ճարտարապետը մտորում է, այնուհետև հարցնում.

- Իսկ ինչո՞ւ է թագավորը քեզ այստեղ ուղարկել:

Իմաստունը պատասխանում է.

- Որպեսզի այս անգամ անձամբ զգուշացնեմ, որ դադարես նորից մտածել գետի ափին դղյակ և ջրամբար կառուցելու մասին, քանի որ զայրացած թագավորը հիմա քեզ դրա համար կբանտարկի, այլ ոչ թե խնդրանքդ կիրագործի:

Ճարտարապետը ձեռքը թափահարում է և շարունակում իր ճանապարհն` ասելով.

- Այս անգամ թագավորին խնդրելու եմ, որ ոչ միայն նրա համար դղյակ կառուցեմ գետի ափին, այլև՝ ինձ համար մի շքեղ տուն:

Սակայն պալատում զինվորներն արդեն սպասում էին, որպեսզի նրան ձերբակալեն և բանտարկեն:

 

Երբ միևնույն սխալը շարունակում ես՝ այն սովորույթ է դառնում, այնուհետև՝ մոլություն և կիրք: Այդժամ սկսում են գործել կանխարգելիչ հոգևոր օրենքները, որպեսզի հոգիդ վերջնական կործանման չենթարկես:

 

Հովհաննես Մանուկյան

03.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․